Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019». պետական կառավարման համակարգի հանդեպ հետաքրքրությունն աճում է

ՀՀ պետական կառավարման ակադեմիան մասնակցում է «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» տարածաշրջանում խոշորագույն 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 17-ից 19-ը` «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսն ընդգրկում է կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը և ցուցահանդեսային երեք օրվա ընթացքում հետաքրքրվողներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն: 

Բոլոր այն այցելուները, որոնց հետաքրքրում է Կառավարման ակադեմիայի գործունեությունը, այստեղ իրականացվող կրթական ծրագրերը, վերապատրաստման դասընթացները, ընդունելության կարգը և այլ հարցեր, Ակադեմիային հատկացված տաղավարում կստանան իրենց հարցերի սպառիչ պատասխանները: Այստեղ նրանց դիմավորում են ինչպես Ակադեմիայի տարբեր ամբիոնների աշխատակիցները, այնպես էլ կրթական այս հաստատությունը ներկայացնող բազմաթիվ բուկլետները, գրքույկները, Ակադեմիայի կողմից հրատարակված գրքերը, ուղեցույցները, մեթոդական ձեռնարկները: Իսկ Կառավարման հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչները ցանկացողների համար հոգեբանական թեստ են անցկացնում, որը կիրառվում է Ակադեմիայի ընդունելության քննությունների ժամանակ՝ դիմորդի հոգեբանական նկարագիրը պարզելու նպատակով:

Ցուցասրահում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շրջեց սրահներում՝ մոտենալով կրթական հաստատությունները ներկայացնող տաղավարներին:  Կառավարման ակադեմիայի տաղավարում նրան դիմավորեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: ՀՀ ԿԳ նախարարն ու ՀՀ ՊԿԱ ռեկտորը զրուցեցին Ակադեմիայի կրթական ծրագրերի մասին և հատկապես անդրադարձան Հեռավար ուսուցման կենտրոնի գործունեությանը: Պարոն Լոքյանը նշեց, որ Պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Գործարար վարչարարություն» ծրագիրը հեռավար ուսուցման ձևով անցկացվող միակ մագիստրոսական ծրագիրն է հանրապետությունում:

Նշենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Պետական կառավարման ակադեմիայի տաղավարն այցելուների պակաս չունի, ինչը նշանակում է, որ պետական կառավարման համակարգի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…