Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Երիտասարդ գիտնականների դպրոցը»՝ ընդդեմ տարածաշրջանային մարտահրավերների

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում ՀՀ գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ մեկնարկեց և մինչև հոկտեմբերի 30-ը կշարունակվի «Երիտասարդ գիտնականների դպրոցը»՝ «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով։ Այդ ընթացքում Կենտրոնը կհյուրընկալի  Հայաստանի Հանրապետության անվանի վերլուծաբան-փորձագետների,  քաղաքագետների և այլ մասնագետների: Ծրագրի 55 մասնակցի համար ընտրվել է տասը թեմա:

Դպրոցի մեկնարկը տրվեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանի ողջույնի խոսքով:

«Գլոբալացման արդի ժամանակաշրջանում, երբ աշխարհը գտնվում է շարունակական փոփոխությունների փուլում, Հայաստանի Հանրապետության նման փոքր երկրների համար կարևոր է կանխատեսել, ուսումնասիրել և վերլուծել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացները և դրանք ծառայեցնել ի շահ մեր ռազմավարության և անվտանգության զարգացման»,- ասաց ռեկտորը: Այնուհետև, շնորհակալություն հայտնելով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներին, ռեկտորը նկատեց, որ մեծ ջանքեր են ներդրվել արդյունավետ քննարկումների, բանավեճերի կայացման համար, ինչի մասին վկայում է նաև բանախոսների և թեմաների ընտրությունը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշեց, որ արդեն երրորդ նման դպրոցն են կազմակերպում, և ամեն տարի փորձում են լսարանին ներկայացնել այդ պահի համար առավել արդիական հիմնախնդիրներ, թեմաներ, որոնց շուրջ ծավալվում են ակտիվ և արդյունավետ քննարկումներ:

Դպրոցի առաջին բանախոսը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էր, որն «Տարածաշրջանի ռազմականացման արդի միտումները և մարտահրավերները» թեմայի շրջանակում ներկայացրեց տարածաշրջանում առկա իրավիճակը, տարածաշրջանային խնդիրների լուծման հնարավոր տեսլականը, մարտական պատրաստությունների նրբություններ: Բանախոսը ներկայացրեց նաև ռազմական ոլորտին առնչվող տեղեկատվության ճիշտ մատուցման ձևերը՝ ընդգծելով այն բոլոր կարևոր նրբերանգները, որոնք հանրության շրջանում տրամադրություն և կարծիք են ձևավորում:

Հարցերի բազմազանությունից և լսարանի ակտիվությունից կարելի էր եզրակացնել, որ ներկաները պատրաստ են անմնացորդ նվիրումով ծառայելու հայրենիքին և ցանկանում են նախապես քաջատեղյակ լինել հնարավոր մարտահրավերների մասին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…