Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում ղեկավար խմբի տարեկան հանդիպումը Հայաստանում

 

 

2021 թ. հոկտեմբերի 5-ից 9-ը էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում Հայաստանում տեղի ունեցան մի շարք հանդիպում-քննարկումներ ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Լատվիայի հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 5-ին ծրագրի դրամաշնորհառու Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը, հայաստանյան համակարգող  բուհի ներկայացուցիչ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ռուսաստանյան բուհերի համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան հանդիպում ունեցան Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները, ընթացիկ վիճակը և առկա մարտահրավերները: Նույն օրը Որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ որակի ապահովման հարցերի շուրջ հանդիպում-քննարկում Ռիգայի տեխնիկական համալսարանի, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի, «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ասոցիացիայի, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI ծրագրի ղեկավար խմբի եռօրյա հանդիպումը հիբրիդային ձևաչափով: Հանդիպումը մեկնարկեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանի ողջույնի խոսքով:

Հանդիպում-քննարկման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Արա Ամիրյանը և Պետրոզավոդսկի պետական համալսարանից Ալեքսեյ Կուպրյախինը ներկայացրին առաջին աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված հարցումների և ոլորտի ուսումնասիրության արդյունքներն ըստ երկրների՝ մատնանշելով հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Մասնակից բուհերից յուրաքանչյուրը ներկայացրեց անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Հեդվեյ» առցանց ռեսուրսների ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ իրենց անդրադարձը, ինչպես նաև բուհում կրթության ապահովման գործում Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: ՀՀ ՊԿԱ-ի կողմից հանդես եկավ Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մովսիսյանը:

 Հանդիպման ընթացքում կոնսորցիումի անդամները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բուհերում ծրագրի շրջանակում իրականացված իրազեկման գործողությունները և դրանց արդյունքները, ինչպես նաև պլանավորված միջոցառումները: Հայաստանի բուհերի անունից հանդես եկավ տեղական համակարգող բուհի ներկայացուցիչ ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ռուսաստանյան բուհերի կողմից՝ տեղական համակարգող բուհի՝ Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան:

Առցանց ելույթ ունեցան ծրագրի կոնսորցիումի անդամ բուհերի այլ ներկայացուցիչներ ևս։ Մասնավորապես, Ադամ Շորը՝ Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի սահմանած՝ անգլերենով դասավանդման նկարագրիչները և «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով պլանավորված վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին անգլերեն սովորելու համար մշակված՝ «Ռոզետա Սթոուն» հավելվածի հնարավորությունները ծրագրի մասնակիցների համար:

Առցանց ելույթ ունեցավ նաև Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն՝ անդրադառնալով անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձին, մշակված ռազմավարություններին, ինչպես նաև անգլերենով դասավանդման ոլորտում ուսանողակենտրոն մեթոդի կարևորությանը:

Ծրագրի շրջանակում իրազեկմանն առնչվող հարցերին` լրատուի մշակմանը, սոցիալական ցանցերի կիրարկմանը, կայքի այցելուների թվի աճի ապահովմանը իր առցանց ելույթում անդրադարձավ Լեանդրո Օլիվեյրան՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանից:

Առցանց ելույթով հանդես եկավ նաև ծրագրի ֆինանսական ղեկավար Ֆրանց Կապլուշը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից՝ անդրադառնալով ֆինանսական հաշվետվությունների, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ծրագրի մասնակիցների բարձրացրած կարևոր ֆինանսական հարցերին:

 Վալերիա Ռաչեևան՝ որպես ծրագրի կայքէջի ստեղծող և սպասարկող, առցանց ներկայացրեց SMARTI ծրագրի` արդեն գործող կայքը, առկա բաժինները, բովանդակությունը և բարելավմանն առնչվող հարցեր:

Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված խնդիրներ:

Ծրագրի վերապատրաստումների հայաստանյան և ռուսաստանյան մասնակիցների՝ անգլերենով դասավանդող դասախոսների շրջանում անցկացվեց նաև անգլերենի իմացության առցանց թեստավորում։

Հայաստանյան հանդիպումները եզրափակվեցին հոկտեմբերի 9-ին Պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցած ամփոփիչ հանդիպմամբ, որին  ներկա էին ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Խաչատուր Ղազեյանը, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումյանը և ծրագրի ղեկավար, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Ջերարդ Քալենը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին հայաստանյան բուհերի հանդիպումների արդյունքները, տվյալ պահին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև մի շարք տեխնիկական հարցեր:

Նորություններ

Հունվարի 14-ին Կառավարման ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Խորհրդի նիստ…