Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության ասպիրանտ Ռաֆայել Պետրոսյանը 2022-2023 ուսումնական տարվա երեք ամիսը Սևիլիայի համալսարանում (Իսպանիա) ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան: Արտեկրում ուսանելու հնարավորություն նա ստացել է Ակադեմիայի և Սևիլիայի համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի շնորհիվ:
Ռաֆայելը խոստովանում է, որ իր ակնկալիքները այդ կարճատև, սակայն արդյունավետ ուսումնառությունից լիովին իրականացել են: Իսկ նա ակնկալում էր ծանոթանալ միջազգային փորձին, խորացնել գիտելիքները ընտրած մասնագիտության վերաբերյալ, առնչվել տարբեր մշակույթների և այդ մշակույթները կրող անձանց հետ:
Կոորդինատորի աջակցությամբ Ռաֆայելը խորացրել է գիտելիքները նախընտրած մասնագիտության ուղղությամբ, հստակեցրել հետագա անելիքները, վերջնական տեսքի բերել աշխատանքի նախագիծը, որը նրա համար գործողությունների ուղեցույց է լինելու:
Իսկ ամենակարևոր ձեռքբերումը թերևս այն է, որ Սևիլիայի համալսարանից Ռաֆայել Պետրոսյանին առաջարկել են օգտվել Կրկնակի դիպլոմի ծրագրից: Դա հնարավորություն կտա ատենախոսությունը պաշտպանելու և՛ ՀՀ ՊԿԱ-ում, և՛ Սևիլիայի համալսարանում: