Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երախտիքին համարժեք գնահատական

 

Երախտագիտությունը մարդու լավագույն հատկանիշներից է: Ու թեև տարբեր են այն արտահայտելու եղանակները, սակայն էությունը միշտ նույնն է՝ շնորհակալ լինել մարդուն, որը մեծ ավանդ է ունեցել ինչ-որ կարևոր գործում: Երախտագիտությունն արտահայտելու եղանակները տարբեր են: Եվ դրանցից մեկը որևէ հաստատություն, կազմակերպություն, փողոց, լսարան երախտավորի անունով կոչելն է: Բայց, չգիտես ինչու, սովորաբար անվանակոչում են, երբ նա արդեն հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Մինչդեռ քիչ է պատահում, երբ մարդն իր կյանքի ընթացքում է նման պատվի արժանանում:

Այդ քչերից մեկը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն է: 2015 թվականին, երբ պրոֆեսորը հերթական անգամ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում էր, նրան անակնկալ էր սպասվում: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը պրոֆեսորին առաջնորդում է համալսարանի լսարաններից մեկը, որի մուտքին փակցված էր ցուցանակ՝ «Պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի անվան լսարան» գրությամբ:

Թե այդ անակնկալն ինչ հույզեր է արթնացնում 70-ամյա պրոֆեսորի հոգում, բառերով դժվար է արտահայտել: Հիշում է՝ ինչպես մտավ լսարան և դիմեց ուսանողներին. «Դուք ճանաչո՞ւմ եք Ռուբեն Աղուզումցյանին, ում անունով անվանակոչվել է այս լսարանը: Եթե ոչ, ծանոթանանք, Ռուբեն Աղուզումցյանը ես եմ»:

Այսօր էլ՝ երեք տարի անց, պարոն Աղուզումցյանը հուզվում է երախտագիտության դրսևորման այդ պահը հիշելիս: Իսկ այն համարժեք գնահատականն էր այն ավանդի, որ ունեցել է պրոֆեսորը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. նա եղել է հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը և մեծ ներդրում է ունեցել հոգեբանության ու մանկավարժության ամբիոնի ստեղծման, կայացման, անհրաժեշտ կադրերով ապահովելու գործում: Այս մասին նշում է մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ հավելելով, որ այսօր Աղուզումցյանի պատրաստած կադրերից մի քանիսը դասախոսում են համալսարանում:

Թեև վաղուց արդեն Ռուբեն Աղուզումցյանը Իջևանում չի դասավանդում, սակայն, միևնույն է, պահպանում է կապը իր հիմնադրած ամբիոնի հետ: Հաճախ է հյուրընկալվում այնտեղ և, իհարկե, ո՛չ ձեռնունայն: Իր հետ տանում է հոգեբանության վերաբերյալ գրականություն, Պետական կառավարման ակադեմիայում իր ղեկավարած ամբիոնի կողմից հրատարակված գրքեր: Այսինքն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության ամբիոնը մշտապես պրոֆեսորի և Պետական կառավարման ակադեմիայում նրա ղեկավարած ամբիոնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է:

Վերջին այցելության ժամանակ հերթական անակնկալն էր սպասվում պրոֆեսորին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շենքը հիմնանորոգվել էր, և ապագա հոգեբանների նոր սերունդը դեպի գիտություն տանող ճանապարհն սկսել էր պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի անվան բարեկարգ լսարանում, որտեղ սովորելը ոչ միայն հաճելի է, այլև պարտավորեցնող. չէ՞ որ մշտապես վայելելու են վաստակաշատ հոգեբանի մասնագիտական աջակցությունն ու հոգածությունը:

Նորություններ

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի…….