ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող SMARTI “Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization” (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի կոնսորցիումի անդամ է:
Ծրագրի տևողությունը երեք տարի է ( 2021–2024 թթ.):
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը մարտի 17-18-ին կազմակերպել էր երկօրյա հանդիպում՝ նվիրված հայաստանյան բուհերի մասնակցությամբ «Էրազմուս+» կարողությունների զարգացման այն յոթ նոր ծրագրերին, որոնք ընտրվել են առաջարկների ներկայացման 2020թ. մրցույթի արդյունքում: ՔՈՎԻԴ-19-ի համաճարակով պայմանավորված՝ հանդիպումն անցկացվեց առցանց՝ ZOOM հարթակում:
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:
ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը՝ որպես տեղական համակարգող բուհի ներկայացուցիչ, ներկայացրեց SMARTI (Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization/ Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը:
Տիկին Խեչոյանն անդրադարձավ ծրագրի նկարագրությանը, նպատակներին, պլանավորված գործողություններին, ակնկալվող վերջնարդյունքներին, շարունակականությանը և թիրախային ազդեցությանը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց անգլերենի՝ որպես դասավանդման միջոցի կիրառման արդիականությանը, ծրագրի շրջանակում նախատեսված անգլերենով դասընթացների ներդրման միջոցով բուհերի միջազգայնացման՝ ներգնա ուսանողների ներգրավմանը և առհասարակ ուսանողների ու դասախոսների փոխանակման խթանմանը:
Շեշտադրվեցին նաև ծրագրի շրջանակում Բոլոնյան համակարգին համապատասխան թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափանիշների և ուսումնառության համեմատելի գործիքների մշակմանը, կրթական ծրագրերի բովանդակության որակի բարելավմանը, ինչպես նաև դասախոսների որակավորման բարձրացմանը միտված գործողությունները:
Որպես վերոնշյալ ծրագրի թիմի անդամներ՝ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊԿԱ գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը և միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը:
Հանդիպմանը նոր և փորձառու ծրագրային թիմերը ներկայացրին կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման իրենց փորձը:
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ծրագրի պատասխանատուներ Անի Թորոսյանը և Էդիթ Սողոմոնյանը մանրամասն անդրադարձան Հայաստանում իրականացվող ԵՄ բուհական դրամաշնորհների կառավարման խնդիրներին, ֆինանսական հարցերին և հնարավոր մարտահրավերներին: «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր ելույթում անդրադարձավ ԿԶ ծրագրերի որակի աապահովման հարցերին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի նոր նախագիծը: