Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Էկոլոգիական գիտակցությունը պետք է դառնա կենսակերպ

 

 

Էկոլոգիական անվտանգության ապահովումը համամոլորակային խնդիր է. այս ուղերձն էր պարունակում ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ավագ սպա, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանի դասախոսությունը: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերով փոխգնդապետը ապագա քաղաքագետների և բոլոր հետաքրքրվողների համար դասախոսություն կարդաց «Էկոլոգիական անվտանգությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ» թեմայով:  Շուրջ 20 տարվա ուսումնասիրությունների արդյունքը կարճ դասախոսության մեջ ամփոփելն այնքան էլ հեշտ գործ չէր, մանավանդ որ թեման չափազանց տարողունակ էր և արդիական:

Խոսելով աշխարհի ներկա էկոլոգիական վիճակի մասին՝ Առլեն Շահվերդյանը էկոլոգիական անվտանգությունը համարեց մարդկության դեմ ծառացած կարևոր խնդիրներից մեկը, որը չի շրջանցում ոչ մի հասարակության: Այլ կերպ ասած՝ էկոլոգիական անվտանգությունը համամարդկային, համամոլորակային խնդիր է: Դրանում համոզվելու համար բավական է մի պահ միայն հիշել այդ խնդրի հետևանքները՝ շրջակա միջավայրի աղտոտվածություն, օզոնի շերտի նոսրացում, կենսաբազմազանության կորուստ, բնական պաշարների անխնա օգտագործում և այլն: Ցավալին այն է, որ այդ ամենը հանգեցնում են աղետի, այսինքն՝ այնպիսի փոփոխությունների, որոնք անդառնալի կլինեն մոլորակի և մարդկության համար: Եթե դրանց էլ գումարենք այնպիսի գործոններ, ինչպիսիք են մոլորակի բնակչության աճը և արդյունաբերության զարգացումը, կլիմայական փոփոխությունները և այլն, հասկանալի կդառնա, թե որքան անհրաժեշտ է անվտանգային մոտեցումների վերանայումը:

Բանախոսը ներկայացրեց էկոլոգիական անվտանգության էությունն ու բովանդակությունը՝ հիշեցնելով, որ Երկիր մոլորակը միայն այսօրվա օգտագործման համար չէ: Անդրադառնալով «էկոցիդ» հասկացությանը՝ նա նշեց, որ հատկապես պատերազմների ժամանակ հաճախ առաջին հերթին հակառակորդի էկոհամակարգն է թիրախ դառնում և ոչնչացվում կանխամտածված կերպով:

Էկոլոգիական անվտանգության կարևորությունը փորձելով հիմնավորել քաղաքագիտության տեսանկյունից՝ Առլեն Շահվերդյանն անդրադարձավ այդ ուղղությամբ պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներին: Առանձնահատուկ շեշտեց քաղաքացու և հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորումը, առանց որի անիմաստ կլինեն պետական ամենալավ ծրագրերն ու ամենաարդյունավետ քաղաքականությունը: Նրա խոսքով, էկոլոգիական գիտակցությունը պետք է դառնա կենսակերպ, դրա ձևավորումը՝ պետության առաջնահերթ խնդիր: Դա պետք է լինի կրթական կարևոր գործոն, նոր սերնդի դաստիարակության մեկնակետ:

Էկոլոգիական անվտանգությունը դիտարկելով քաղաքագիտական տեսանկյունից՝ բանախոսը նշեց, որ դրանց լուծման համար պահանջվում է իրական քաղաքական կամք: Նա նաև անդրադարձավ տարբեր գիտական հոդվածներում իր կողմից ներկայացված առաջարկություններին: Օրինակ՝ էկոլոգիական անվտանգության խնդիրը դնել բանակցությունների սեղանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով :

Վերջում Առլեն Շահվերդյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Տրված հարցերից ակնհայտ էր, որ նոր սերունդը մտահոգված է շրջակա միջավայրի, հատկապես Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անվտանգության խնդիրներով:

 

 

Նորություններ

Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ …..