Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Էկոհամակարգային ծառայությունները՝ կայուն զարգացման նախադրյալ

 

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվում է «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արագածոտնի մարզի Ապարան և Ծաղկահովիտ խոշորացված համայնքների բնապահպանական և սոցիալ-տնտեսական կարիքների գնահատման նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Արագածոտնի մարզպետարանի, ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա կարևորեց էկոհամակարգային ծառայությունների ինտեգրման խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում՝ որպես կայուն զարգացման գրավական:

«Այս ծրագիրն ուղղված է այն մարդկանց կարողությունների զարգացմանը, որոնք որոշումներ են ընդունում կառավարման համակարգում»,- ասաց Արսեն Լոքյանը և հավաստիացրեց, որ Պետական կառավարման ակադեմիան լուրջ մասնակցություն կունենա ծրագրի իրականացման գործում:  

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ)

ծրագրի ղեկավար Քարսթեն Շուլցը ողջունեց ծրագրի մասնակիցներին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության անունից և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով կբացահայտեն համայնքների կարիքները, իսկ էկոհամակարգային ծառայությունները կդառնան տարբեր ոլորտների գործունեության օրակարգի մաս:

Աշխատաժողովի նպատակը Արագածոտնի մարզի երկու համայնքների կարիքները վեր հանելն էր և այդ կարիքները ծրագրին հարմարեցնելը, հեռահար նպատակը՝ մարզի բնակչությանը աջակցելը զարգացման ծրագրեր մշակելու գործում:

ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի փորձագետ Արսեն Գասպարյանը ներկայացրեց  «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» դասընթացի հայեցակարգը, էկոհամակարգային ծառայությունների հիմնական տեսակները:

Այնուհետև աշխատաժողովի մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով վեր հանեցին Ապարան և Ծաղկահովիտ համայնքների բնապահպանական, սոցիալ-տնտեսական խնդիրները, ներկայացրին համայնքներում իրականացվող և նախատեսվող զարգացման ծրագրերը, նշեցին էկոհամակարգային հնարավոր ծառայությունները, գնահատեցին կարիքները:

Ի դեպ, հաջորդ աշխատաժողովը ծրագրի ղեկավարները նախատեսում են անցկացնել վերոնշյալ համայնքներում, որտեղ կքննարկվեն և վեր կհանվեն համայքներում էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ առկա խնդիրները: Ամբողջական տեղեկատվությունը կօգտագործվի վերապատրաստման նոր ծրագրի պլանավորման և ադապտացման գործընթացում:

  

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց