Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հասարակությունը պետք է լրջորեն գիտակցի էկոլոգիական հիմնախնդիրների կարևորությունը

Սեպտեմբերի 18-ին և 19-ին «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը «հասավ» Կոտայքի մարզ: Չարենցավանի համայնքապետարանում մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ մասնակցում էին «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» դասընթացին:

Դասընթացի առաջին օրը քննարկման հիմնական թեման բնապահպանական մարտահրավերներն ու հնարավորություններն էին ինչպես մեր երկրում, այնպես էլ ողջ աշխարհում: Ունկնդիրներին ներկայացվեցին նաև բնապահպանական կառավարման հիմնական սկզբունքները:

Երկրորդ օրը դասընթացավարներն անդրադարձան ավելի կոնկրետ թեմաների՝ «Կայուն քաղաքներ», «Շրջանաձև տնտեսություն՝ թափոնների վերացում», «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգետիկա»:

Ինչպե՞ս են գնահատում ունկնդիրները երկօրյա դասընթացը: Կարևորո՞ւմ են արդյոք էկոլոգիական խնդիրները: Պատրաստվո՞ւմ են ստացած գիտելիքները կիրառել իրենց գործունեության մեջ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Մուրադյանից:

«Մեր հասարակությունը լրջորեն չի գիտակցում էկոլոգիայի խնդիրը, քանի որ կարծես չի առերեսվել դրա հետ,- ասաց նա:- Մեր գիտակցության մեջ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները, իսկ էկոլոգիականը կարծես չենք էլ գիտակցում: Հավանաբար մեր հասարակությունը դեռ զարգացման այն փուլին չի հասել, որ գիտակցի, թե առկա կենսապայմաններին հասնելու համար ինչ վնաս ենք տվել շրջակա միջավայրին և մեր առողջությանը: Այս տեսանկյունից շատ կարևոր են նման դասընթացները: Նշեմ, որ դրանք բավական աշխույժ են անցնում, թեժ քննարկումներ են տեղի ունենում տարբեր հարցերի շուրջ: Դա էլ է վկայում, որ խնդիրն արդիական է, և պետք է գտնել դրանց լուծումները:

Ինչ վերաբերում է ստացած գիտելիքները կիրառելուն, չեմ կարող ասել, թե հենց վաղվանից մենք զբաղվելու ենք էկոհամակարգեր ստեղծելով: Սակայն ամենօրյա տեղեկատվությունը, թեմայի շուրջ հաճախակի ծավալվող քննարկումները դրդելու են մեր գործունեության մեջ հաշվի առնել խնդիրը: Կարևորելով շրջակա միջավայրի պահպանման խնդիրը՝ պետք է խոստովանել, որ մեր բյուջետային հնարավորությունները թույլ չեն տալիս, որ ինքներս մեր աշխատողներին գործուղենք մասնակցելու նման դասընթացների: Ուստի շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այդ հնարավորությունն ընձեռել եք մեզ»:

Դասընթացի մեկ այլ մասնակից «Գանգրահեր տղա» ՍՊԸ-ի տնօրեն, համայնքի ղեկավարին կից խորհրդի անդամ Վարդան Մակինյանը հավելեց, որ թեմայի շուրջ միշտ էլ քննարկումներ են եղել, անգամ ավագանու նիստ են հրավիրել՝ նվիրված էկոլոգիական խնդիրներին, սակայն ոչ մի քայլ առաջ չեն գնացել: Նա խնդրին անդրադարձավ մեկ այլ տեսանկյունից՝ որպես ձեռնարկատեր: Իր ղեկավարած գործարանը, որտեղ հյուրընկալվեցին Ծրագրի ներկայացուցիչները, հարյուրավոր տոննաներով ապակու թափոն է հավաքում և հանձնում: Եվ իրենք միակը չեն:  Նա կարծում է, որ եթե այդ քայլը պետությունն ինչ-որ եղանակով խրախուսեր, և դա արվեր օրենքի կետով, մենք կունենայինք շատ ավելի մաքուր շրջակա միջավայր:

Նշենք, որ դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, համապատասխան նյութեր, սկավառակներ:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…