Դուք կարո՛ղ եք լինել լիդեր

Նոյեմբերի 10-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ սովորողներ հնարավորություն ունեցան ստանալու լրացուցիչ գիտելիքներ` Ակադեմիայում կազմակերպված առկա և առցանց աշնանային դպրոցի շնորհիվ, որի նախաձեռնողը ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդն էր: «Առաջնորդում (Leadership). հանրային քաղաքականության ապագայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշնանային դպրոցը ղեկավարում էր քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ ՊԿԱ պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը:

Աշնանային դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան լսելու ոչ միայն Մ. Մարգարյանի, այլև տարբեր մասնագետների դիտարկումները առաջնորդության վերաբերյալ։ Նրանց զրույցները բազում հարցեր առաջացրին, որոնք ստացան իրենց սպառիչ պատասխանները։

Վերջին հանդիպմանը տիկին Մարգարյանն ունկնդիրների հետ միասին ամփոփեց ողջ դասընթացի ընթացքում փոխանցած գիտելիքները, մատնանշեց գլխավոր ասելիքը և իհարկե` նպատակը, այն է` յուրաքանչյուրը պետք է մտածի, որ ինքը կարո՛ղ է լինել լիդեր:

«Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ լիդեր դառնալու զուտ մերկապարանոց ցանկությունը, չհիմնավորված ազատություն ունենալը արդարացված չեն. հատկապես այսօր, այս բարդ իրավիճակում, երբ մեր իրականության մեջ տիրում են սոցիալական բևեռացումը, ծայրահեղ աղքատությունն ու հարստությունը ոչ միայն նյութական, այլև ոգեղեն դաշտում»,- ասաց Մ. Մարգարյանը:

Լիդերության ինստիտուտն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն: Իրականում լիդեր են նրանք, ովքեր որոշում են կայացնում, որոնց լիդեր դառնալու նպատակը պայմանավորված է հանրային, ազգային, հումանիստական, բարոյական, քաղաքացիական նորմերով, ովքեր կարողանում են զուգամիտել անձնական և խմբային շահերը հանրային շահի հետ: Լիդերության ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ է, որ ներդաշնակություն լինի լիդերի խոսքի և գործի միջև և` «ոչինչ չափից ավելի»:

Աշնանային դպրոցը, անկասկած, կտա իր պտուղները, իսկ ունկնդիրները կստանան մասնակցության հավաստագրեր:

Leave a Reply