Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիր

 

 

 

 

«Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագիր. մեկ քայլ առաջ բարձրագույն կրթության բնագավառում

 

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի եզրափակիչ համաժողովը: Ծրագրի մեկնարկը տրվել է ավելի քան երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, ձեռքբերումները, խոսում այն դժվարությունների մասին, որոնք հաղթահարելով՝ հասել են եզրափակչին:

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանի կրթական համակարգում իրականացվում է հեռավար կրթություն, որի ավարտին շրջանավարտներին համատեղ դիպլոմ է շնորհվելու:

Շնորհավորելով Ծրագրի մասնակիցներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այսօր բարձրագույն կրթությունը, պահպանելով կրթության ավանդական սկզբունքները, պետք է բաց լինի նաև նորարարությունների համար, որպեսզի համաքայլ ընթանա արագ փոփոխվող աշխարհի գործընթացներին:

«Այս ծրագիրը մի կողմից փորձություն էր, մյուս կողմից՝ նորարարություն, համատեղ աշխատանք, որն արդեն պտուղ է տալիս,- ասաց Արսեն Լոքյանը:- Թեև մեր անցած ճանապարհին բազում դժվարությունների հանդիպեցինք, սակայն փորձեցինք գտնել դրանց բոլորի պատասխանները՝ հաճախ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով: Ծրագրի իրականացմամբ մենք մեկ քայլ առաջ ենք կատարում բարձրագույն կրթության ոլորտում»:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանի բնորոշմամբ, այս համաժողովն առանձնահատուկ է:

«Հասարակությունը դեռևս միանշանակ չի ընկալում հեռավար կրթությունը,- ասաց նա:- Սակայն բոլորն էլ՝ կողմ թե դեմ, ընդունում են, որ ապագան հեռավար կրթությանն է»:

ԳԿՄԿ-ի տնօրենը նշեց, որ հեռավար կրթությունը հաստատուն քայլերով առաջ է գնում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում: Նույնիսկ գիտակրթական կորպորացիաներ են ստեղծվում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառման միջոցով միասնական գիտական տարածք ձևավորվելու նպատակով:

«Ժամանակ և տարածություն չճանաչող կրթության այս ձևը աշխատաշուկայում ևս խնդիրներ կառաջացնի: Հետևաբար մենք հապաղելու իրավունք չունենք»,- ընդգծեց Ալբերտ Սարգսյանը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի դրամաշնորհների համակարգող Անահիտ Հովսեփյանն արձանագրեց, որ Ծրագրի անցած ճանապարհը թեև բարդ էր ու երկարատև, սակայն մասնակիցների և երկու կրթական հաստատությունների ղեկավարների հաստատակամության շնորհիվ բոլոր դժվարությունները հաղթահարվել են:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, Ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը ուրախությամբ նշեց, որ այսօր հասել է աշխատանքի առաջին պտուղները վայելելու պահը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ունեցել Ծրագրի իրականացման գործում, անհրաժեշտության դեպքում լուծումներ են առաջարկել:

Ծրագրի շրջանակում իրականացված քայլերի մասին խոսեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը: Առաջին քայլը եղել է բուհերի տեխնիկական վերազինումը, ապա՝ հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակումը, որին հաջորդել է պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունն ու վերապատրաստումը: Այս ամենից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երեք տարի ժամկետով լիցենզիա է տրամադրել Ծրագրի շրջանակում հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու համար: Երկու կրթօջախների համագործակցությունը հաստատվել է համատեղ հեռավար մագիստրոսական կրթական ծրագրի մասին համաձայնագրով:

Արուսյակ Հարությունյանը խոսեց Ծրագրի ընձեռած նույնականացման հնարավորության մասին, որի նպատակը տվյալների ճշմարտացիությունը հաստատելն է: Նա նշեց, որ այս Ծրագիրը միանշանակ արդյունավետ է, սակայն միաժամանակ այն աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար:

Հեռավար դասընթացի առանձնահատկությունները, կառուցվածքը և գիտելիքների գնահատման հնարավորությունները ներկայացրին ԳԿՄԿ դասախոսներ Նարինե Մանուկյանը և Արամ Սիմոնյանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբան Գայանե Հովհաննիսյանը խոսեց հեռավար կրթության իրականացման իրավական կարգավորման մասին, ներկայացրեց այն օրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում է հեռավար կրթությունը:

Համաժողովի մասնակիցներին «Բիզնես, պետություն և հասարակություն» փոխգործակցության իրավական կարգավորումը» դասընթացի հեռավար ուսուցման պրակտիկան ներկայացրեց ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Ստեփանյանը:

  

 
 

Կանաչ լույս Հայաստանում հեռավար կրթության իրականացման ճանապարհին

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը այսուհետ կիրականացնեն հեռավար մագիստրոսական կրթություն՝ «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (Կառավարում)» կրթական ծրագրով: Շրջանավարտներին կտրվի երկու հաստատությունների համատեղ դիպլոմ: Սա մագիստրոսական կրթություն ստանալու լավագույն հնարավորություն  է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գործարար վարչարարության մասնագետ, հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը, սակայն դասերի հաճախելու ժամանակ կամ հնարավորություն չունեն: 

Հայաստանում հեռավար ուսուցում իրականացնելու փորձ գրեթե չկա, բացառությամբ մի քանի կրթական հաստատությունների կողմից կազմակերպված կարճատև դասընթացների: Հետևաբար Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Կառավարման ակադեմիայի ու ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համատեղ իրականացվող այս ծրագիրն աննախադեպ է մեր երկրում և հավակնում է դառնալու օրինակելի փորձ այլ բուհերի համար:

Սեպտեմբերի 14-ին  «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի մեկնարկը տրվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի երկօրյա շնորհանդես-սեմինարով:  Սեմինարի մասնակիցներին շնորհավորեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը՝ ծրագիրը համարելով կարևոր իրադարձություն երկու կրթօջախների համար:

«Այս արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է փորձենք նույնքան արագ հարմարվել տեխնոլոգիական փոփոխությունների ընթացքին՝ ուսուցման գործընթացը կազմակերպելով նոր տեխնոլոգիաներով և պահպանելով կրթության որակը,- ասաց նա:- Սա կարևոր փորձաշրջան է մեզ համար, քանի որ այն փորձը, որ մենք ձեռք կբերենք այս ծրագիրն իրականացնելիս, հետագայում պետք է դրվի նաև այլ բուհերում հեռավար ուսուցման ծրագրերի հիմքում: Դա նշանակում է, որ մենք պատասխանատու ենք ողջ բարձրագույն կրթության համակարգի առջև: Մյուս կողմից դա կարևոր է նաև կրթության պետական քաղաքականության տեսանկյունից: Ավելին, այն երկու կրթական հաստատությունների արդյունավետ համագործակցության փորձ է, որն իրականացվում է բարձր մակարդակով»:

Կառավարման ակադեմիայի ռեկտորը շնորհակալություն հայտնեց Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ղեկավարներին, աշխատակազմին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր աշխատել են քրտնաջան, առարկայական ծրագրեր են կազմել կամ որևէ կերպ աջակցել են ծրագրի իրականացմանը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը նույնպես շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հեռավար կրթության պարագայում ռիսկերն ավելի շատ են:

«Այսուհանդերձ, երկու ակադեմիաների մտավոր ներուժն ու տեխնոլոգիական հնարավորությունները մեզ թույլ են տալիս նման պատասխանատվություն ստանձնել,- ասաց նա:- Մեր՝ իրենց տեսակով եզակի կառույցները բարենպաստ միջավայր են ոչ միայն գիտելիքներ ստանալու, այլև մարդկային փոխհարաբերությունների ձևավորման տեսանկյունից: Համոզված եմ, որ ծրագրի բարեհաջող իրականացումը մեծապես պայմանավորված է դասախոսների գործունեությամբ»:

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ծրագրի այս փուլին բարեհաջող հասնելու առթիվ և մաղթեց է՛լ ավելի հաջող շարունակություն: Նա կարևորեց ծրագրի նշանակությունը ոչ միայն երկու ակադեմիաների համար, այլև ընդհանրապես բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության առումով:

«Այս ծրագիրը կանաչ լույս է մյուս բուհերի համար, որոնք արդեն իսկ փորձում են որոշակի քայլեր անել հեռավար կրթություն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց տիկին Անդրեասյանը:

Այնուհետև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը ստորագրեցին համաձայնագիր համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի վերաբերյալ:

Ծրագիրը ներկայացրին ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը:

Նշվեց, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են՝ օրենսդրական դաշտում չունենալով հեռավար ուսուցման վերաբերյալ որևէ փաստաթուղթ: Իսկ այսօր արդեն «հեռավար ուսուցում» հասկացությունն ընդգրկված է Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախագծերում: Այս ընթացքում երկու Ակադեմիաների դասախոսների կողմից 26 դասընթացի ծրագիր է մշակվել, իսկ ուսուցումն իրականացվելու է «Մուդլ» կրթական հարթակում: Ծրագրի նորարարություններից է համատեղ դիպլոմի շնորհումը:

«Այստեղ գործում է մի բանաձև, որը հակասում է մաթեմատիկայի կանոններին, որտեղ 1+1=1: Դա նշանակում է, որ երկուսը միավորվում են, և ստացվում է մեկ համատեղ արդյունք»,- ամփոփեց Արուսյակ Հարությունյանը:

Շնորհանդես-սեմինարը շարունակվեց Կառավարման ակադեմիայի՝ ծրագրի մասնակից դասախոսների կողմից մշակված դասընթացների ներկայացմամբ: Իսկ մինչ այդ «Հեռավար կրթության ոլորտում որակի ապահովման չափանիշները» հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, իսկ ՀՀ ՊԿԱ իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հեռավար կրթության իրականացման իրավական հիմքերը»:

Սեմինարի երկրորդ օրը մասնակիցները կհանդիպեն Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում, որտեղ իրենց մշակած հեռավար դասընթացները կներկայացնեն ԳԿՄԿ դասախոսները:

 

 

 

Հավաստագրեր ստացան «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» դասընթացի մասնակիցները

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվում է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը, որի մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն են: Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» կողմից: Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ:

Հեռավար կրթության մեկնարկից առաջ, որը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով, տեղական փորձագետների կողմից իրականացվել է  պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում: Հուլիսի 31-ին «Հեռավար ուսուցում և տեխնոլոգիաներ» դասընթացի մասնակիցները շուրջ չորս ամիս տևած վերապատրաստումից հետո ներկայացրին ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների արդյունքը՝ 13 առարկայական ծրագրեր:

Դասախոսներից շատերի համար հեշտ չի եղել կազմել առարկայական ծրագիր՝ չունենալով այդ առումով որևէ փորձ և ամեն ինչ սկսելով գրեթե զրոյից: Սակայն ակնհայտ է, որ դասընթացը բավական արդյունավետ է եղել, քանի որ բոլորն էլ հիմնականում կատարել էին իրենց առջև դրած խնդիրը. առցանց հարթակում ըստ շաբաթների ներկայացրել էին դասընթացի թեմաները, տեղադրել էին տվյալ թեմային վերաբերող տեսանյութեր, տեսաձայնագրություններ, առցանց դասախոսություններ և այլն:

Վերապատրաստված դասախոսները գոհունակություն հայտնեցին ինչպես ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև վերապատրաստման գծով խորհրդատու, դասընթացավար Սաթենիկ Առաքելյանին:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց, որ հավաստագրերի արժանացած դասախոսները մեր հանրապետությունում առայժմ մրցակից չունեն, քանի որ առաջինն են հեռավար կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել: «Դա մեծ պատասխանատվություն է, որից պետք է պատվով դուրս գալ,- ասաց ռեկտորը:- Հիշեք, որ հանրապետության ողջ կրթական տարածքը ուշադիր հետևում է այն բոլոր գործողություններին, որոնք կատարվում են հեռավար ուսուցման ներդրման ուղղությամբ»:

 

 

Հեռավար կրթությունը՝ բուհերի ռեկտորների ուշադրության կենտրոնում

2017 թ. հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմերի հանդիպումը՝ բուհերի ռեկտորների գլխավորությամբ: Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրին առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ընթացքում կայացվեցին մի շարք ընդհանուր որոշումներ՝ «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրի, ընդունելության կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման վերջում ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը փաստեցին, որ համատեղ հեռավար կրթական ծրագրի իրականացումը բուհերի համագործակցության լուրջ փորձ է և երկու բուհերի առավել խորը համագործակցության սկիզբ:

  

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիային շնորհվել է հեռավար կրթության իրականացման իրավունք

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ պետական կառավարման ակադեմիային շնորհվել է հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու իրավունք՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտության գծով, 3 տարի ժամկետով: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը մեկնարկում են «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցում՝ 2 բուհերի համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ուսման տևողությունը 2.5 տարի է:

 

«Հեռավար մագիստրոսական կրթություն` համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագիր.

Աշխատաժողով գործընկեր բուհերի դասախոսների մասնակցությամբ

 

 

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի գործընկեր բուհերի դասախոսների աշխատաժողովը տեղի ունեցավ 2017 թ. հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում:

Հեռավար ձևաչափով իրականացվող «Գործարար վարչարարություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ծրագրի աշխատակազմը և անհատ խորհրդատուները քննարկեցին հեռավար դասընթացների ընթացքում առաջացած խնդիրները, իրենց մտահոգող հարցերը, մասնավորապես, նրանց հետաքրքրում էր հեռավար կրթության գնահատման համակարգը:

Այնուհետև ըստ նախապես սահմանված օրակարգի զեկույցներով հանդես եկան բանախոսները:
Արուսյակ Հարությունյանի զեկույցը նվիրված էր հեռավար կրթության ոլորտում միջազգային փորձին և հեռավար դասընթացներին ներկայացվող որակի ապահովման պահանջներին: Բաց մատչելիության առցանց ռեսուրսներին և հեռավար դասընթացների ժամանակ առաջացող հեղինակային իրավունքի հետ կապված հարցերին էր նվիրված ՀԱՀ վերապատրաստող Տաթևիկ Զարգարյանի զեկույցը: Իսկ ԻԱՊԻ ներկայացուցիչ Նարինե Մանուկյանը ներկայացրեց հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը՝ ASNET-AM-ը և այդ ցանցի շրջանակներում հեռավար դասընթացներ վարող դասախոսներին ընձեռվող հնարավորությունները, մասնավորապես, WebRTC վեբ կոնֆերանս, ASNET-AM ցանցի գիտական հրապարակումների համակարգերը և ամպային պահոցները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նման քննարկումները մեկ շաբաթ անց՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

 

 

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի մշտադիտարկում

2017 թ. հունիսի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների մշտադիտարկման նպատակով այցելեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց մշտադիտարկման հանձնաժողովի անդամներին, այնուհետև ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը և համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկայացրին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի ընթացիկ աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը:

Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Կողմերը փաստեցին, որ ծրագրային փուլով նախատեսված գործողությունների մի մասը, ինչպիսիք են՝ հեռավար ուսուցման հարթակի թարգմանությունը, մասնակցությունը «Կրթություն և կարիերա» էքսպոյին ու  տպագրական փաթեթի իրագործումը, արդեն իսկ ավարտվել են: Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն, տպագրվել են ծրագրի բուկլետները: Դեռևս ընթացքի մեջ է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումը տեղական փորձագետների կողմից և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հեռավար դասընթացների կառուցումը: ՀՀ ԿԳՆ են ներկայացվել փաստաթղթերը՝ հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման նպատակով համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար և համատեղ դիպլոմի ձևաչափի և համապատասխան ներդիրի (հավելվածի) ձևաչափի հաստատման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը և ինտեգրմանը:

 

 
 

Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն

 

Լույս է տեսել հեռավար ուսուցման կազմակերպումն ու իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածուն, որն ամփոփում է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը, որոնք ընդգրկում են հեռավար կրթության իրականացման մեթոդաբանական ուղեցույցը, ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որակի ապահովման ներբուհական չափանիշները, համատեղ դիպլոմների շնորհման կարգը, հեռավար ուսուցման հարթակի տեղեկատվական բազայի օգտագործման կարգը:

Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումը հեռավար ձևով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմների շնորհմամբ:

Ժողովածուն նախատեսված է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմերի, ինչպես նաև ուսանողների համար: Այն հասցեագրված է նաև հեռավար կրթության իրականացման հարցերով հետաքրքրված ուսումնական հաստատություններին:

 
 

Հեռավար մագիստրոսական կրթությունը ներկայացվեց «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսում

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող հեռավար ձևաչափով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներկայացվեց   «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2017» 17-րդ միջազգային մասնագիտացված կրթական ցուցահանդեսում, որի պաշտոնական բացումն ազդարարվեց ապրիլի 26-ին:

Ցուցահանդեսի կարգախոսին համահունչ` «Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում» ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից համատեղ իրականացվող «Գործարար վարչարարություն» հեռավար մագիստրոսական կրթական ծրագիրը ուշադրության կենտրոնում էր: Այցելուներին մասնավորապես  հետաքրքրում էին ընդունելության կարգը, ուսումնառության ձևաչափը, գնահատման համակարգը  և այլ հարցեր:

 

 

Աշխատաժողով. ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հեռավար ուսուցումը շուտով իրականություն կդառնա

 

 

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն են: Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցման ազգային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական  տեխնոլոգիաների կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը նպաստելն է:

Ծրագրի շրջանակում մշակվել են հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, պատրաստվել է «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանը, որը կգործարկի 2017-2018 ուսումնական տարում: 

Մինչ կրթական ծրագրի մեկնարկը կիրականացվի նաև պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում:

Մարտի 23-ին տեղի ունեցավ մրցույթով արդեն իսկ ընտրված դասախոսների առաջին հանդիպումը: Ծրագրի ղեկավար, ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը մասնակիցներին ներկայացրեց պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստման գծով խորհրդատու Սաթենիկ Առաքելյանին, որն առաջիկա չորս ամսվա ընթացքում դասախոսներին կօգնի պատրաստելու համապատասխան դասընթացների էլեկտրոնային տարբերակները:

Նշվեց, որ ծրագրի շրջանակում կպատրաստվեն 26 առարկայական ծրագրեր, որոնցից 13-ը՝ Կառավարման ակադեմիայում: Պատրաստ է հայալեզու MOODLE հարթակը, որտեղ, օգտվելով համապատասխան գործիքներից, դասավանդողները պետք է տեղադրեն դասընթացների թեմաները, հարցաշարեր, իրավիճակային խնդիրներ, տեսանյութեր, սլայդներ, կազմակերպեն ֆորումներ, տեսաքննարկումներ և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկեցին նաև կազմակերպական հարցեր:

 

 

 

 

Հուշագրի կնքում՝ հեռավար կրթության զարգացման նպատակով

for memorandum

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն  Մկրտչյանը,  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն  Ալբերտ Սարգսյանը հեռավար կրթության զարգացման նպատակով կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության ներդրման և զարգացման անհրաժեշտությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ միջոցառումների և համագործակցության հիմքերի ստեղծումը և ներդաշնակեցնելով նորմատիվ իրավական ակտերը հեռավար (դիստանցիոն) կրթական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղությամբ: Հուշագրի փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանը, կաջակցեն հեռավար կրթական համակարգերի ներդրմանը:

Փոխըմբռնման հուշագիրը կնքվել է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է կրթության մատչելիության բարձրացումը՝  կազմակերպելով «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը  հեռավար կրթության ձևաչափով երկու գործընկեր ուսումնական հաստատությունների՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ծրագրի գործընկերն է նաև ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

 

 

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի մշտադիտարկման այց

MBA banner picture

2016 թ. հուլիսի 14-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարության  «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԿԾԿ ԾԻԳ) ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագիրը համակարգող բուհի` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց մշտադիտարկման հանձնաժողովի անդամներին, իսկ ծրագրի աշխատակազմը ներկայացրեց ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում կատարված գործողությունները:

Մշտադիտարկման հանձնաժողովը առաջին կիսամյակում կատարված աշխատանքները գնահատեց բավարար:

Դրամաշնորհային  ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին  «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում:

Ծրագրի կոնսորցիումի մասնակիցներն են  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և  ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում: Կներդրվի «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն») կրթական ծրագրով մագիստրոսական հեռավար կրթություն` նպաստելով տեղեկատվական և հաղորդակցական  տեխնոլոգիաների կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը:

Կմշակվեն հեռավար կրթության իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն կունենան ոչ միայն կոնսորցիումի մասնակից բուհերի, այլ նաև Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության ներդրման և  զարգացման համար:

 

world-mba

Հեռավար կրթության ոլորտում խորհրդատուների հանդիպում

meeting-distance

2016 թ. հուլիսի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում ընտրված անհատ խորհրդատուների հանդիպումը՝ ծրագրի ընթացքը և խորհրդատվական աշխատանքների մեկնարկը քննարկելու նպատակով: Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ողջունեց խորհրդատուներին և կարևորեց նրանց կողմից համապատասխան կարգերի մշակումը, որը կապահովի հեռավար կրթության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթանորմատիվային հենքը և  հնարավորություն կընձեռի դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ հեռավար ձևաչափով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար: Ծրագրի ընթացքում անհատ խորհրդատուները մասնավորապես մշակելու են հետևյալ կարգերը՝ հեռավար կրթության մեթոդաբանական ուղեցույց, հեռավար կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, հեռավար կրթության որակի ապահովման ներբուհական չափանիշներ, համատեղ դիպլոմների շնորհման կարգ և այլ ընթացակարգեր, որոնք կարող են օրինակելի նմուշ ծառայել մյուս բուհերի համար հեռավար կրթության իրականացման դեպքում: Ծրագրի ընթացքում նաև թարգմանվելու է «Moodle» հեռավար ուսուցման հարթակը:

 

 

Հեռավար կրթության գծով խորհրդատուների երկրորդ հանդիպումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

distance-learning distance-learning (2)

2016 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում ընտրված անհատ խորհրդատուների երկրորդ հանդիպումը՝ խորհրդատվական աշխատանքների ընթացքը, ձեռք բերված արդյունքներն ու առկա խնդիրները քննարկելու նպատակով:

Խորհրդատուներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, միջազգային փորձի ուսումնասիրությունը և հայկական կրթական միջավայրում միջազգային փորձի համադրելիությունն ու իրագործելիությունը:

Ծրագրի գնումների մասնագետ, ՀՀ ՊԿԱ ֆինանսահաշվապահական վարչության պետի տեղակալ Կարինե Սերոբյանը ներկայացրեց գնումների պլանով առաջիկայում նախատեսված գործողությունները և վերջնաժամկետները: Խորհրդատուները ծրագրի աշխատակազմի՝ ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանի և ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի հետ քննարկեցին ծրագրի առավել բարեհաջող իրականացման համար հետագա գործողությունների տրամաբանական հաջորդականությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:

 

 

Վերապատրաստում Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում` «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում

TU-Dreseden-(2) tran-tu-dresden

TU-Dreseden-TomG TU-Dreseden-Tom

2016 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի աշխատակազմը, ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Թերեզա Խեչոյանը, ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, տեխնիկական խորհրդատուներ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը և ՀՀ ՊԿԱ ՏՏ բաժնի պետ Ալեքսան Դավթյանը այցելեցին Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա) ուսումնասիրելու հեռավար կրթության իրականացման գերմանական փորձը, ինչպես նաև «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի բովանդակային առանձնահատկությունները:

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը Գերմանիայի առաջատար ուսումնական հաստատություններից է, Սաքսոնիայի ամենախոշոր բուհը: Այն Գերմանիայի հնագույն տեխնիկական բուհերից մեկն է, միջազգայնորեն բարձր համբավ ունի և 2012 թվականից Գերմանիայի 11 «Գերազանցության համալսարանների» (Universities of Excellence) ցանկում է:

Համալսարանը նորարարության, ճարտարագիտության և հետազոտության արտահանման գերազանցության կենտրոն է:

Վերապատրաստման ընթացքում ուսումնասիրվեցին հեռավար կրթության կազմակերպման առանձնահատկությունները, կրեդիտային բաշխվածությունը, որակի ապահովումը: Գերմանիայում հեռավար կրթությամբ հիմնականում հետաքրքրված են արդեն աշխատող անձինք, ովքեր գիտելիքների թարմացման կամ լրացուցիչ կրթության կարիք ունեն՝ աշխատանքում առաջխաղացման նպատակով:

Վերապատրաստման օրերին ներկայացվեց նաև Գերմանիայի Հագենի համալսարանի գործունեությունը, քանի որ Հագենի համալսարանը ամբողջովին հեռավար կրթություն առաջարկող միակ պետական համալսարանն է Գերմանիայիում:

Այցելություններ կազմակերպվեցին Բիզնեսի կառավարման (MBA), Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետներ և գրադարան:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետում ներկայացվեց «Student-life-cycle management» համակարգը, որը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Այն միացնում է հեռավար ուսուցման համակարգը և համալսարանի ներքին տեղեկատվական համակարգը, համալսարանի վեբկայքը, որը նաև ծառայում է որպես ուսումնական նյութերի շտեմարան, ուր ուսանողները մուտք ունեն մեկ միասնական նույնականացմամբ, ինչպես նաև «Opal» համակարգը:

TU-Dreseden3 TU-Dreseden1

 

 

 

«Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում Կրթական ծրագրերի կենտրոնի ԾԻԳ-ի կողմից

picture

2016 թ. դեկտեմբերի 7-ին «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկման նպատակով ՀՀ պետական կառավարման ակադեմիա այցելեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի ԾԻԳ-ի ներկայացուցիչները:

Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) կողմից: Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանը:

Ծրագրի ղեկավարը` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկաներին ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված« ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին:

Ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը:

Ծրագրի շրջանակներում մշակվել են հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, պատրաստվել է «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանը, որը կգործարկի 2017-2018 ուսումնական տարում:  Բացի այդ, նախատեսվում է հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար ուսուցման դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: