Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դիպլոմներ հանձնվեցին հեռավար մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին

Մայիսի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դիպլոմներ հանձնվեցին «Գործարար վարչարարություն» (MBA) հեռավար համատեղ մագիստրոսական ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտներին: Ծրագրի առանձնահատկությունը ոչ միայն հեռավար ձևաչափն է, այլև այն, որ շրջանավարտները ստանում են համատեղ դիպլոմ հայաստանյան երկու կրթական հաստատությունների՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից:

Լինելով հանրապետությունում առաջին հեռավար մագիստրոսական ծրագիրը՝ այն հեշտությամբ չհարթեց իր ճանապարհը: Բայց քանի որ ծրագրի պահանջը կար, և նրա գոյությունը միանշանակ արդարացված էր, տրամաբանական էր, որ հաջողությամբ պիտի պսակվեին թե՛ հատուկ պատրաստվածություն անցած դասախոսների, թե՛ համարձակ ընտրություն կատարած ուսանողների ջանքերը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ թեև հեշտ չի եղել ծրագրի կայացման ճանապարհը, սակայն դրա մասնակիցները հաղթահարեցին դժվարությունները, «որովհետև կրթվելու, զարգանալու և ժամանակակից մասնագիտություն ստանալու մեծ ձգտում ունեին»: Ռեկտորը հատկապես մատնանշեց ծրագրի կայացման գործում բոլոր ներդրում ունեցողների համագործակցային բարձր մշակույթը:

Արսեն Լոքյանի՝ դիպլոմների հանձնման արարողության մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը մտովի չորս տարի հետ տեղափոխեց ներկաներին: Ծրագրի մեկնարկին որևէ մեկը չէր պատկերացնում, որ շուտով համավարակի պատճառով առցանց են անցկացվելու անգամ առկա ուսուցմամբ սովորողների դասերը, և այդ գործում Ակադեմիայի փորձառությունը մեծապես օգնելու էր համեմատաբար արագ հարմարվելու ուսուցման նոր ձևաչափին:

Շրջանավարտներին մագիստրոսական թեզերի բարեհաջող պաշտպանության և մագիստրատուրան ավարտելու կապակցությամբ շնորհավորեց նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը: Նշելով, որ հեռավար կրթությունը լրացուցիչ ջանքեր է պահանջում սովորողներից, Կենտրոնի տնօրենը շրջանավարտներին մաղթեց, որ կյանքի բոլոր փուլերում իրենց առջև խնդիրներ դնեն՝ սահմանելով բարձր նշաձող, և անպայման հասնեն դրան:

ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանը խոստովանեց, թե որքան հաճելի է, երբ, համակարգելով բաժնի աշխատանքը, հնարավորություն ունես հետևելու ուսումնառության ընթացքում սովորողների աճին ու ձեռքբերումներին:

Նշենք, որ այս տարի «Գործարար վարչարարություն» (MBA) հեռավար համատեղ մագիստրոսական ծրագիրն ուներ 15 շրջանավարտ, որոնցից երկուսը կրթությունն ավարտեցին գերազանց առաջադիմությամբ:

 

Նորություններ

Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատվական հարթակը…