Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դատախաղ-մրցույթ. «Խոսքի ազատությունն օնլայն հարթակում»

 

 

Նոյեմբերի 27-ը Եվրոպայի իրավաբան ուսանողների օրն է: Օրվա խորհուրդը եվրոպական երկրներում նշվում է զանազան միջոցառումներով, այդ թվում՝ կազմակերպվում է դատախաղ իրավաբան ուսանողների մասնակցությամբ: Ամեն տարի Եվրոպայի խորհուրդն առաջարկում է ասոցիացիայի ուղղությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածի համապատասխան: Այս անգամ դատախաղի թեմա է առաջարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքը: Ուստի միջոցառումներն իրականացվում են «Խոսքի ազատությունն օնլայն հարթակում» խորագրով:

Այս տարի առաջին անգամ մարդու իրավունքների միջբուհական դատախաղ-մրցույթ անցկացվեց նաև հայաստանյան բուհերի ուսանողների մասնակցությամբ: Դատախաղը կազմակերպել են «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը:

Դատախաղը կազմակերպելու հիմնական նպատակը եղել է իրավաբան ուսանողների շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և կոնվենցիայով իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ առավել խոր գիտելիքների փոխանցումն ու ամրապնդումը: Դատախաղի ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր փուլերը հնարավորինս նմանեցված են Եվրոպական դատարանում գործի քննության իսկական ընթացակարգին:

Դատախաղի գրավոր փուլի շրջանակներում ներկայացված դիրքորոշումները գնահատող մասնագիտական աշխատանքային խմբում և բանավոր փուլի խաղերը գնահատող դատավորների կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ պետական մարմիններից և հասարակական կազմակերպությունից, դասախոսներ, փաստաբաններ, մարդու իրավունքների ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետներ:

«Դատախաղն անսպասելիորեն մեծ հետաքրքրություն առաջացրեց հայաստանյան բուհերում սովորող իրավաբան ուսանողների շրջանում,- նշում է Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի նախագահ Արփինե Առաքելյանը:- Մենք կայքում հայտարարություն էինք տարածել և անհատական հրավերներ էինք ուղարկել համալսարանների իրավաբանական ֆակուլտետների դեկաններին: Արդյունքում դատախաղին մասնակցելու հայտ ներկայացրեց 13 թիմ: Ընդ որում, մի քանի համալսարաններից մեկից ավելի թիմեր էին դիմել»:

Բոլոր թիմերը հնարավորություն են ստացել մասնակցելու դատախաղի գրավոր փուլին, որտեղ պարտավոր էին ներկայացնել երկու դիրքորոշում՝ դիմումատուի և կառավարության դիրքորոշումները: Մասնակից 13 թիմից միայն վեցն է հաղթահարել այդ փուլի համար նախատեսված միավորների շեմը և հնարավորություն ստացել մասնակցելու բանավոր փուլին:

Բանավոր փուլի մեկ քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ խաղերը տեղի ունեցան նոյեմբերի 23-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:  

Մինչ դատախաղի սկսվելը Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի նախագահ Արփինե Առաքելյանը ողջունեց մասնակից ուսանողներին և դատավորներին, որոնք հրավիրվել էին դատելու խաղը: Նա շնորհակալություն հայտնեց երկու փուլերում ընդգրկված դատավորներին, որոնք ժամանակ գտան և մասնակցեցին դատախաղին՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով իրավաբան ուսանողներին: Դատախաղի կայացման համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակին:

Ուսանողներին ուղղված իր խոսքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Եվրոպական դատարանի մասին գիտելիքների ձեռքբերումը իրականում շատ կարևոր է:

«Հայաստանում արդեն իրականություն են դարձել մի շարք դատախաղեր, սակայն առաջին անգամ է, որ դատախաղը նվիրվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և եվրոպական դատարանին: Վստահ եմ, որ ուսանողների համար դա լրացուցիչ խթան կլինի՝ ավելի լավ ուսումնասիրելու ոլորտը և ավելի լավ հասկանալու եվրոպական դատարանը, դատարանի նախադեպային իրավունքը, կոնվենցիայի առանձնահատկությունները»:

Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ բավարար չէ այն ամենը, ինչ ուսանողները սովորում են դասագրքերից՝ ուսումնառության ընթացքում.

«Այնպիսի միջոցառումները, ինչպիսին դատախաղն է, մի շատ կարևոր առավելություն ունեն. այստեղ ուսանողներն անմիջականորեն կյանքից վերցրած իրավիճակների հետ են առնչվում՝ հնարավորություն ստանալով այդ իրավիճակների համար կիրառելու իրավական կառուցակարգեր ու նորմեր: Դա նրանց ստիպում է մտածել և գործել որպես իսկական իրավաբան՝ բախվելով այնպիսի հիմնախնդիրների, որոնց բախվում են իրավաբանները՝ հիմնավորելու համար այս կամ այն դիրքորոշումը: Իրավաբանի կայացման համար դա ամենակարևոր փուլերից է»:

Դատախաղի կիսաեզրափակիչ փուլի արդյունքում եզրափակիչ փուլ անցան առավելագույն միավոր հավաքած երկու թիմ, երկուսն էլ՝ Երևանի պետական համալսարանից: Թե դրանցից որը կլինի դատախաղ-մրցույթի հաղթողը, պարզ կլինի եզրափակիչ փուլից հետո, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի օրը:

 

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը