Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասընթաց, որի նպատակը մարդկանց գիտակցությունն ու վարքագիծը փոխելն էր

 

 

Ավարտին է մոտեցել մեկ տարի առաջ մեկնարկած և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվող՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և համայնքային ծառայողներին՝ հաշվի առնելով այն, որ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքները չափազանց կարևոր են նախևառաջ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար, որոնք հաճախ պաշտոնի բերումով բնապահպանական տեսանկյունից կայուն և տնտեսապես շահավետ որոշումներ կայացնելու խնդրի առջև են կանգնում: Անվիճելի է, որ բնական պաշարների արդյունավետ օգտագործումը, կանաչ տնտեսության հիմնումը, էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայր ստեղծելը առողջ ու բարեկեցիկ կյանքով ապրելու կայուն երաշխիք են: Հասկանալի է, որ այդ ամենին անհնար է հասնել առանց էկոլոգիական կրթության և դաստիարակության:

Մինչ Ծրագրի մեկնարկը շուրջ երկու տարի արհեստավարժ մասնագետների, մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների ջանքերով մշակվեց 11 կրթական մոդուլ, որոնք դասընթացի հիմքը դարձան: Իսկ 2018-ի դեկտեմբերից սկսվեց Ծրագրի գործարկումը: Մեկ տարվա ընթացքում վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեցին հանրապետության բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում և Երևան քաղաքում:

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ Ծրագրի ամփոփումը: Գործընկերներին ընդունելով և ողջունելով սեփական հարկի տակ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ Ծրագրի իրականացմանն աջակցելու, եռանդուն աշխատանքի և հատկապես հոգատարության համար, որ իրենք զգացել են բոլոր հարցերում:

«Դա ավելին էր, քան պարզապես համագործակցությունը,- ասաց ռեկտորը:- Իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ծրագրի շահառուները դարձել են այդ գաղափարների կրողը, և նրանց վարքագծում այդ առումով որոշակի փոփոխություններ են կատարվել»:

Պետական կառավարման ակադեմիայի գործընկերների հետ աշխատանքը ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի համարեց ՄԱԶԾ Տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արմինե Պողոսյանը՝ Ծրագրի ձեռքբերումներից մեկը համարելով ստեղծված կապերը: Նա վստահություն հայտնեց, որ Ծրագիրը կշարունակվի, իսկ մշակված հսկայածավալ նյութը օգտակար կլինի բնապահպանական խնդիրներով զբաղվողների համար:

«Չեմ զարմանա, եթե առաջիկայում լսեմ, որ Կառավարման ակադեմիայում մի նոր մասնագիտություն է ուսուցանվում՝ «Բնապահպանական կառավարում»,- ասաց տիկին Պողոսյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ, «Շրջակա միջավայրի կրթության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացի պատրաստում» ծրագրի համակարգող Ալեքսանդր Առաքելյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի աշխատողների համար նման դասընթացները շատ կարևոր են, քանի որ նրանց կայացրած որոշումներն անմիջական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա:

«Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների արդյունքները ներկայացրեց Ծրագրի համակարգող, ՀՀ ՊԿԱ մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պետ Գայանե Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ հանրային ծառայողների վերապատրաստումների առանձնահատկություններին, նշեց, որ իրենց նպատակը ոչ թե բնապահպանության գծով մասնագետներ պատրաստելն է եղել, այլ մարդկանց մտածելակերպը, գիտակցությունն ու վարքագիծը փոխելը, տարբեր մակարդակների որոշում կայացնողներին նոր գիտելիքներ ու հմտություններ փոխանցելը: Իսկ Ծրագրի արդյունավետության մասին վկայում են դասընթացներին մասնակցած անձանց բազմաթիվ դրական արձագանքները:

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը ներկայացրեց վերապատրաստման արդյունավետության գնահատման վերլուծություն, ինչից պարզ դարձավ, որ մասնակիցների գերակշռող մասի համար դրանք անցել են հետաքրքիր, նյութը մատուցվել է մատչելի, ընդլայնվել է նրանց իմացության շրջանակը, իսկ շատերն ափսոսանք են հայտնել, որ դասընթացը եղել է կարճատև, և առաջարկել են շարունակել դրանք:

Հետաքրքիր էր «Բիոսոֆիա» հկ նախագահ, դասախոս Գևորգ Պետրոսյանի դիտարկումը: Ըստ նրա՝ մեր երկրում բնապահպանական խնդիրները միշտ հետին պլանում են եղել՝ տնտեսականից և սոցիալականից հետո: Նա կարծում է, որ այս դասընթացների շնորհիվ այդ հաջորդականությունը կարող է փոխվել:

Ծրագրի ամփոփումը թերի կլիներ, եթե տպավորությունների մասին չխոսեին Ծրագրի շահառուները: Չարենցավանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Աշոտ Ծերունյանը դասընթացի արդյունավետությունը գնահատեց ունկնդրի տեսանկյունից: Որպես ունկնդիր՝ հատկապես կարևորեց այն, որ Ծրագրի շահառուները դարձան այն փիլիսոփայության կրողները, որը դասընթացի հիմքն էր:

Դասընթացավարների շարքում էր նաև Թամարա Բաբայանը, որը Կառավարման ակադեմիայի առաջին շրջանավարտներից է: Որպես Ծրագրի արդյունավետության վկայություն՝ նա նշեց, թե ինչպես շահառուներից ոմանք դժվարությամբ էին գալիս դասընթացին մասնակցելու, սակայն հետո ավելի մեծ դժվարությամբ հեռանում էին:

Բնապահպանական խնդիրները մտահոգում են բոլորին, և դասընթացների ընթացքում ծնվող բազմաթիվ հարցերից ոչ բոլորի պատասխաններն էր հեշտ գտնել: Սակայն Ծրագրի մասնակից բոլոր կողմերը վստահ են, որ այն շարունակվելու է, իսկ անպատասխան մնացած հարցերի պատասխանները դեռ գտնվելու են:

 

 

 

 

 

 

Նորություններ

Տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից առցանց՝ հեռավար եղանակով կուսուցանվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերը…