Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասընթաց՝ «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction)

  

 

 

 

Հունիսի 7-ին և 8-ին Կառավարման ակադեմիայում կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց՝ «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (English as a Medium of Instruction) խորագրով, որն անցկացվում էր «Էրազմուս+» ծրագրի «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակում: Նպատակը Ծրագրի մասնակիցների անգլերենի իմացության մակարդակը բարելավելն ու ամրապնդելն էր, հաղորդակցման հմտությունները և օտար լեզվով դասավանդելու կարողությունը զարգացնելը: Սեմինարը վարում էին LNSS ծրագրի ներկայացուցիչներ Ջերարդ Քուլլենը  և Վալերիա Ռաչեևան, իսկ մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներն էին: 

Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա իր խոսքում նշեց այն հաջողությունները, որոնք գրանցվել են շուրջ երեք տարի առաջ մեկնարկած LNSS ծրագրի շնորհիվ՝ տեխնիկական և մեթոդական աջակցություն, կարողությունների հզորացում, գույքի ձեռքբերում և այլն: Կառավարման ակադեմիայի ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Ծրագրի անցած ճանապարհի ուղեկիցն են եղել: Նշեց, որ այդ ճանապարհն առանց խոչընդոտների անցնելու համար հատկապես մեծ ջանքեր է գործադրել Ծրագրի ղեկավարը՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը:

Երկօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին դասընթացավարները գոհունակություն հայտնեցին իրենց վստահված լսարանների հետ աշխատելու հնարավորությունից: Նրանք վստահ էին, որ մասնակիցներն ստացած գիտելիքները կկիրառեն իրենց հետագա աշխատանքում:

Հանձնելով մասնակցության հավաստագրերը՝ Արսեն Լոքյանը նշեց, որ ցանկացած աշխատանք արժանի է գովասանքի, իսկ հավաստագրերը կոլեկտիվ աշխատանքի, Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված կարողությունների ու հմտությունների վկայությունն են:

 

 

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: