Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Դասավանդի՛ր, Հայաստան». դարձե՛ք փոփոխությունների մասնակից

  

 

2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ: 2013-ին ստեղծված հիմնադրամի նպատակը Հայաստանի բոլոր երեխաների կրթության հասանելիությունն ապահովելն է: Այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը հավաքագրում և վերապատրաստում է բուհերի շրջանավարտների, որոնք երկու տարի դասավանդում են Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում: ՀՀ ՊԿԱ վեց շրջանավարտ նույնպես նախորդ տարիներին անդամագրվել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին:

Հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է նաև Առաջնորդության զարգացման ծրագիրը՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման: Դեկտեմբերի 6-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և Կարիերայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ Կառավարման ակադեմիայի մագիստրանտներին ծրագրին ծանոթացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը և մասնագետ Հրանուշ Վանեսյանը, որը նույնպես մասնակցել է ծրագրին և երկու տարի անգլերեն է դասավանդել Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցում, մանրամասն տեղեկություն հաղորդեցին Առաջնորդության զարգացման ծրագրի, ընձեռվող հնարավորությունների ու առավելությունների վերաբերյալ, ծանոթացրին մասնակցության համար դիմելու կարգին, պատասխանեցին մագիստրանտների հարցերին:

Հատկապես շեշտվեց այն հանգամանքը, որ ծրագիրը մասնակիցներին անձնային աճի բազում հնարավորություններ է ընձեռում: Սկսելով իրենց դասարաններից՝ նրանք այնուհետև կարող են փոքրիկ փոփոխություններ կատարել տվյալ համայնքի կյանքում, իսկ հետագայում, ինչո՞ւ ոչ, նաև համակարգային փոփոխությունների մասնակիցը լինել: Իսկ բացահայտելով իրենց աշակերտների ներուժը՝ կարող են այն ուղղորդել դեպի համայնքային խնդիրների լուծումը, որի արդյունքը կլինի այդ համայնքների հզորացումն ու զարգացումը:

Հանդիպումն ավարտվեց այն վստահությամբ, որ Պետական կառավարման ակադեմիայի այս տարվա շրջանավարտների թվում ևս կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ծրագրի և երկրում կատարվող փոփոխությունների մասնակիցը դառնալ:

 

 

 

Նորություններ

Հունվարի 15-ին Ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ…