Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

CV գրելու նրբությունները. ի՞նչն է կարելի, ինչը՝ ոչ

 

 

Եթե աշխատանքի փնտրտուքը ձեզ հասցրել է այնտեղ, որ արդեն գտել եք ձեզ համապատասխան թափուր աշխատատեղը, ապա հաջորդ քայլը այդ տեղի համար դիմելն է, հետևաբար՝ ձեր անձնական տվյալները, այսպես կոչված՝ CV, ներկայացնելը: Նոյեմբերի 13-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում CV-ն լրացնելու ընդունված կանոնների, ձևաթուղթը լրացնելիս թույլ տրվող սխալների մասին խոսեց և մի քանի օգտակար խորհուրդներ տվեց «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Ավագյանը:

Մինչ CV գրելու նրբությունների մասին խոսելը Տիգրան Ավագյանն անդրադարձավ «Էրազմուս+» ծրագրին և նրա ընձեռած հնարավորություններին, հուշեց, թե ինչպես և որտեղից կարելի է տեղեկանալ դրանց մասին:

Ինչ վերաբերում է CV-ին, ապա կազմակերպության գործադիր տնօրենը հիմնականում անդրադարձավ անգլերեն կազմվող CV-ին, որոնց պատրաստի ձևերը կարելի է գտնել տեղեկատվական կայքերում և լրացնել: Սակայն լրացնելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Նախ՝ ուղարկողի էլեկտրոնային հասցեն չպետք է լինի անլուրջ կամ ծիծաղելի. շատ հավանական է, որ այդպիսի հասցեից ստացվող հայտը նույնիսկ չդիտարկվի: Բացի այդ, CV-ում տեղադրվող լուսանկարը չպետք է լինի ազատ ոճի կամ, առավել ևս, սելֆի, եթե, իհարկե, դիմողը ցանկանում է լուրջ տպավորություն թողնել իր հայտին ծանոթացողի վրա: Եթե դիմողը աշխատանքային փորձ չունի, սակայն մասնակցել է կամավորական աշխատանքի, խորհուրդ է տրվում նշել այդ մասին: Շատ կարևոր է, որ տեղեկությունը ճշգրիտ լինի, օրինակ՝ օտար լեզվի իմացությունը, կարողություններն ու հմտությունները: Դրանք չափազանցված ներկայացնելը ոչ միայն չի օգնի, այլև շատ արագ կարող է բացահայտվել:

Աշխատանքի կամ որևէ ծրագրին մասնակցելու համար դիմելիս պահանջվում է նաև մոտիվացիոն նամակ գրել: Այս դեպքում էլ Տիգրան Ավագյանը խորհուրդ տվեց հնարավորինս անկեղծ լինել, չարտագրել ուրիշի նամակից, լինել ստեղծարար և համոզիչ, հավաստիացնել, թե ինչու պետք է հենց իրեն վստահեն տվյալ աշխատանքը կամ ընդգրկեն տվյալ ծրագրում:

Նշենք, որ այս հանդիպումը կազմակերպվել էր Պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Սակայն այն միայն Ակադեմիայի մագիստրանտներին չէր հետաքրքրել: Մուտքն ազատ էր բոլորի համար, և շատ երիտասարդներ օգտվել էին այդ հնարավորությունից:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……