Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Առցանց գիտաժողով. քննարկվեցին կորոնատնտեսական ճգնաժամի հաղթահարման միտումները

 

Մայիսի 8-ին ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ առաջին առցանց գիտաժողովը՝ «ԿՈՐՈՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ». ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով: Զեկուցումներով հանդես եկան Ակադեմիայի դասախոսներ, ոլորտի մասնագետներ և հետազոտողներ:

Գիտաժողովի օրակարգում ներառված մի շարք հետաքրքիր թեմաների հետ մեկտեղ անդրադարձ կատարվեց նաև համավարակի ժամանակաշրջանում ի հայտ եկած կամ դրա հետևանքով առաջացած որոշ հիմնախնդիրների:

ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը բացման խոսքով հանդես գալուց հետո իր ելույթում վերլուծության ենթարկեց Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում տնտեսական անկման միտումները: Նա խոսեց ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումների, գլոբալ սահմանների փակ լինելու հետևանքների, զբոսաշրջության ոլորտին սպառնացող վտանգների, հարկաբյուջետային քաղաքականության վարման, արտաքին առևտրի, արտահանման, ներմուծման փոխարինման քաղաքականության առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց տնտեսության վերականգնման ակնկալիքները:

«Համագործակցային առավելությունների իրացման հեռանկարները ճգնաժամային միտումների հաղթահարման համատեքստում» թեմայով զեկուցման մեջ ՀՀ ՊԿԱ դասախոս, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ տնտեսական պատժամիջոցների կիրառման հետևանքներին, շահերի բախմանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամի հետևանքով աշխարհն ավելի բաց է դառնում, աճում է փոխկապվածությունը, սակայն, այդուհանդերձ, գլոբալ կառավարման միասնական համակարգեր և/կամ կառուցակարգեր երևան չեն գալիս: Իհարկե, այստեղ մեծ դեր են խաղում նաև մշակութային տարբերությունները:

ՍԴ աշխատակազմի ղեկավար, ՀՀ ՊԿԱ դասախոս Էդգար Ղազարյանը «Տեղական ինքնակառավարումն արտակարգ դրության պայմաններում» թեմայի շրջանակում, օրենսդրության տեսանկյունից գնահատելով իրավիճակը, անդրադարձավ կենտրոնական իշխանության մարմինների, ՏԻՄ-երի, նախարարությունների ֆունկցիոնալ գործողությունների ապահովմանը, լիազորությունների առանձնահատկություններին: Քննարկվեցին նաև սոցիալական օժանդակության մանրամասները և առցանց ծառայությունների մարտահրավերները:

Գյուղատնտեսության ոլորտում համաճարակի ազդեցության հետևանքները ներկայացրեց ՀՀ ՊԿԱ «Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի ղեկավար, դասախոս Աշոտ Գրիգորյանը: Նա խոսեց պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրների մասին՝ մատնանշելով այս ոլորտի ռիսկերը, վտանգներն ու վնասները:

ՀՀ ՊԿԱ հայցորդ Անի Խանաղյանն անդրադարձավ կուտակային կենսաթոշակային հիմնադրամների ճգնաժամի պատճառներին, առկա խնդիրները բացահայտելու նոր ազդակներին:

ՀՀ բնակչության՝ կորոնավիրուսով պայմանավորված հոգեբանական և վարքաբանական փոփոխություններին անդրադարձավ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը: Նա շեշտեց այն կարևոր մարտահրավերները, որոնց այս օրերին առնչվում է ողջ մարդկությունը՝ փոխհարաբերությունների, մարդկային շփումների տեսանկյունից մինչև հեռավար կրթություն: Նրա կարծիքով՝ վերջինիս պարագայում հարցականի տակ է դրվում ապագա մասնագետների պատրաստման խնդիրը: Սակայն կասկած չկա, որ այս ամենի հետևանքով կարևորվելու են ընդհանրապես հոգեբանական ինստիտուտի դերը և հատկապես հոգեբանական խորհրդատվությունները բիզնեսի ոլորտում: Սա առաջին հերթին ճկունության մարտահրավեր է, բարոյական արժեքների կարևորության գիտակցման ու պահպանման հնարավորություն:

ՀՀ ՊԿԱ դասախոս Գագիկ Վարդանյանն անդրադարձավ արժեքների ստեղծման գլոբալ շղթաներում վերադասավորումներին և կարևորեց Հայաստանի տնտեսության ներգրավումը այդ գործընթացներում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետա­զոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը, հանգամանորեն ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ բնակչության միջին ամսական սպառման հնարավոր փոփոխությունների վերլուծություններ ծախսերի ուղղությունների, սպառման ցուցանիշների վերաբերյալ՝ կատարելով համապատասխան եզրակացություններ:

«COVID-19»-ի՝ զբոսաշրջության ոլորտում արձանագրված վնասների, եկամտային հաշվարկների, զբոսաշրջիկի հոգեվիճակով պայմանավորված կանխատեսումների և ռիսկերի մասին մանրամասն տվյալներ ներկայացրեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՀ ՊԿԱ դասախոս Գայանե Թովմասյանը: Նա կարևորեց նաև ներքին զբոսաշրջությունը խթանող միջոցառումների կազմակերպումը կորոնավիրուսի նահանջի պայմաններում:

21-րդ դարի ամենաքննարկվող թեմաներից և ուղղություններից է նաև արհեստական բանականությունը: Անդրադառնալով թեմային՝ ՀՀ ՊԿԱ ասպիրանտ Անի Մոմճյանը նշեց, որ ապագան թվային է լինելու, և արդեն իսկ կան դրա վառ ապացույցները: Հիմնվելով սեփական փորձի վրա՝ ասպիրանտը ներկայացրեց կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ստեղծված հավելվածը, դրա միջոցով ցույց տվեց, թե որքանով է կանխատեսելի ու կառավարելի թվային տեխնոլոգիաների աշխարհը:

ՀՀ ՊԿԱ որակի կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը «Նոր տնտեսական պայմաններին համարժեք գիտական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները» թեմայի շրջանակում ներկայացրեց գիտության զարգացման հնարավորությունները, գիտաշխատողների աշխատանքային իրավահարաբերությունների, իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, գիտական հրապարակումների սահմանափակումները: Նա նշեց, որ հեռավար հարթակում հեռահար գործունեության իրականացումը գիտական գործունեության տեսանկյունից ավելի ռացիոնալ է, սակայն պետք է հաշվի առնել որոշակի նրբություններ:

Առաջին անգամ հեռավար հարթակում կազմակերպված գիտաժողովի բոլոր մասնակիցներն արձանագրեցին, որ այն բավական տպավորիչ էր թե’ ներկայացված զեկուցումների, թե’ դրանց հիման վրա ծավալված բովանդակալից քննարկումների և թե’ մասնակիցների թվի առումով:

 

Նորություններ

Մագիստրատուրայի 2020-2021 ուս. տարվա առկա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց