Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բնապահպանական գիտելիքներ ողջ կյանքի համար

 

 

Նոյեմբերի 14-ին և 15-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները  ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացրեցին «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» /ՄԱԶԾ-ԳԷՀ/ ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման դասընթացը:

«Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում» թեմայով դասընթացի շահառուների թվում էին մարզի համայնքային և քաղաքացիական ծառայողներ, համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ:

ՀՀ ՊԿԱ մասնագիտական կրթության որակի բաժնի պետ, ծրագրի փորձագետ Գայանե Հովհաննիսյանը նախ ներկայացրեց ծրագրի էությունը: Նա տեղեկացրեց, որ 11 մոդուլ է մշակվել այս ծրագրի համար, և դրանց մի մասը ներառվել է երկօրյա վերապատրաստման դասընթացում: Այդ մոդուլները կարելի է ներառել  նաև համայնքային ծառայողների համար կազմակերպվելիք հետագա դասընթացներում:

«Հանրահայտ փաստ է, որ ժամանակակից աշխարհում բարեկեցիկ կյանքն ուղղակիորեն կապված է բնական ռեսուրսների օգտագործման հետ։ Հասարակության և մարդու բազմաթիվ պահանջմունքներ բավարարվում են հենց բնական ռեսուրսների օգտագործման շնորհիվ, որը առանձին դեպքերում հանգեցնում է դրանց գերշահագործման, վտանգում է էկոհամակարգերը և, ի վերջո, սպառնում է մարդու առողջությանը, կյանքին և անվտանգությանը։ Պատահական չէ, որ բազմաթիվ պետություններ շրջակա միջավայրի որակի ապահովումը դիտարկում են որպես ազգային անվտանգության հայեցակարգի կարևոր բաղադրիչ։ Ուստի, թող տպավորություն չստեղծվի, թե այս դասընթացը նախատեսված է միայն բնապահպանների համար,- ասաց Գայանե Հովհաննիսյանը:- Չմոռանանք, որ Սահմանադրության դրույթներից մեկը սահմանում է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ապագա սերունդների առջև. խոսքը բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման և պահպանման մասին է: Հետևաբար մենք բոլորս դերակատարում ունենք այդ հարցում: Եթե ցանկանում ենք, որ ապագա սերունդները նույնպես օգտվեն մեր երկրի բնական ռեսուրսներից, ապա պետք է փոխենք մեր մտածելակերպը»:

 Դասընթացի մասնակիցներին «Կայուն գյուղատնտեսություն» մոդուլը ներկայացրեց ծրագրի փորձագետ, «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը: Նրա ունկնդիրները հետաքրքիր տեղեկություն ստացան նաև էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի մասին:

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը ունկնդիրներին տեղեկություններ հաղորդեց գլոբալ բնապահպանական մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ, խոսեց կայուն սպառման մասին: ԵՊՀ դոցենտ Մարինե Գևորգյանը նույնպես անդրադարձավ ոլորտի մարտահրավերներին և հնարավորություններին, ինչպես նաև շրջանաձև տնտեսության հիմնախնդիրներին՝ ասելիքը մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության օրինակով:

Իսկ ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի վարիչ Արմեն Եզեկյանը հստակ մոտեցումներ ներկայացրեց բնապահպանության կառավարման խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ դասընթացը զուգորդվում էր աշխույժ հարց ու պատասխանով, մասնակիցները քննարկում էին իրենց հետաքրքրող հարցերը, մտքեր փոխանակում: Դասընթացավարների ակնկալած լավագույն արդյունքը բնապահպանական խնդիրների վերաբերյալ մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն էին, որոնք նրանք, անկասկած, հետագայում էլ կիրառելու են ոչ միայն իրենց աշխատանքում, այլև կյանքում:

 

 

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …