Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բնապահպանական դասընթացը կներառվի վերապատրաստման ծրագրերում

 

 

2019 թվականի նոյեմբերի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում (ԿԻԿ)» ծրագրի նախորդ չորս տարվա գործունեության ամփոփումը՝ «ԿԻԿ. հիմնական արդյունքները և քաղված դասերը» խորագրով: Ծրագրի իրականացման համար 2015-2019 թվականների ընթացքում ավելի քան 27 միլիոն եվրո է հատկացվել Հարավային Կովկասի երեք երկրներին: Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր կառույցները, որոնց թվում էր նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիան, քանի որ վերջին երեք տարում ԳՄՀԸ-ի (GIZ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև արդյունավետ համագործակցություն էր ծավալվել:

Իր ելույթում ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այդ համագործակցությունը սկիզբ է առել 2017 թվականից, երբ Կառավարման ակադեմիայի աշխատակիցը մասնակցեց GIZ-ի «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը (ԷԾԻ) զարգացման պլանավորման գործընթացում» միջազգային դասընթացին և այնտեղից վերադարձավ նոր գաղափարներով: Այդ գաղափարները որոշակի ձև և բովանդակություն ստացան GIZ-ի և Կառավարման ակադեմիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, որի շարունակությունը եղավ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» թեմայով ծրագրի իրականացումը: Որպես առաջին քայլ՝ համապատասխան նախարարությունները, մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները համատեղ իրականացրին կարիքների գնահատում և իրավիճակի վերլուծություն, որի հիման վրա GIZ-ի «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» (ԷԾԻ) միջազգային դասընթացն ամբողջությամբ համապատասխանեցվեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, բնապահպանական հիմնախնդիրներին և զարգացման մարտահրավերներին: 2017 և 2018 թվականներին ՀՀ ՊԿԱ դասընթացավարները մասնակցեցին հիշյալ դասընթացի դասընթացավարների (TOT) վերապատրաստման տարածաշրջանային ծրագրին, որն անցկացվում էր Վրաստանում:

2018-2019թթ. «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» դասընթացն իրականացվել է տեղական մակարդակում՝ ՀՀ մարզերում, GIZ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ: Եռօրյա դասընթացներին մասնակցել են 55 համայնքի ղեկավարներ, բնակավայրերի վարչական մարմինների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ Արագածոտնի և Շիրակի մարզերից: Արդյունքում մի քանի համայնք սկսել են արծարծել իրենց համայնքներում առկա բնապահպանական խնդիրները և փորձել են գտնել դրանց լուծման ուղիները: Իսկ Ծաղկահովիտ համայնքը իր հնգամյա զարգացման ծրագրում և գործողությունների պլանում ներառել է կոնկրետ բնապահպանական խնդիրներ:

                «Որպես վերջնարդյունք՝ նախատեսվում է 2019 թ. «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» դասընթացը ինտեգրել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ծառայողների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերում,- ասաց Արսեն Լոքյանը:- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իր աջակցությունն է ցուցաբերում այս հարցում: Հավատացնում եմ, որ սա իրոք մեծ հաջողություն կլինի և կապահովի մեր համատեղ ծրագրի կայունությունն ու շարունակելիությունը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստմանը, ապա տեղեկացնեմ, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ լրամշակվում են հեռավար դասընթացի մոդուլները»:

Զարգացմանը միտված ծրագրերը և քաղաքականությունները հաճախ իրականացվում են բնության հաշվին: Էկոհամակարգային ծառայությունների օգուտները գնահատելու և արժևորելու լավ ունակությունը կարող է օգնել որոշում կայացնողներին ավելի լավ հաշվի առնելու, թե ինչպես տարբեր քաղաքականություններ և զարգացման ծրագրեր կարող են ազդել բնության և էկոհամակարգային ծառայությունների վրա: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս հաշվի առնելու բնության օգուտները պլանավորման գործընթացներում, ինչը դեպի կայուն զարգացում տանող միակ ճանապարհն է:

 

 

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը