Բարեկամական հարաբերությունները կտեղափոխվեն իրավական դաշտ

Մայիսի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և Վրաստանի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի տնօրեն Քեթևան Ջակելին գործընկերության հուշագիր կնքեցին, ինչը հետագա համագործակցության, նոր համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման հիմք կդառնա:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խ. Ղազեյանը ողջունեց վրացի գործընկերներին` նշելով, որ այս հուշագրի կնքումով երկու հաստատությունների բարեկամական հարաբերությունները կտեղափոխվեն իրավական դաշտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից ողջույնի խոսք ասաց նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը` արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր մաղթելով կողմերին: Հուշագրի կնքումը համարելով երկու բարեկամ երկրների միջև ավանդական կապերն ամրապնդելուն և ավելի գործնական հարաբերություններ ձևավորելուն ուղղված քայլ` նա վստահություն հայտնեց, որ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը, գործընկերների փորձի կիրառումը և նորարարական մոտեցումները կնպաստեն կառավարման ոլորտի բարեփոխումներին:

Վրաստանի պետական կառավարման դպրոցի տնօրեն Ք. Ջակելին շնորհակալություն հայտնեց այս հնարավորության համար և ներկայացրեց դպրոցի գործունեության սկզբունքները: Որպես կարևոր գործառույթ` նա նշեց պետական լեզվի անվճար ուսուցումը և ազգային փոքրամասնություններին ուղղված ծրագրերը:

Արարողությանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի փոխդեսպան Իրակլի Կվանչախիձեն: Նրա խոսքով` արդեն իսկ կայացած լավ հարաբերությունները հուշագրի կնքումից հետո է՛լ ավելի կզարգանան:

Leave a Reply