2023 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին և նրա գործընկերներին՝ Նարինե Գրիգորյանին և Հռիփսիմե Մանուկյանին:
Մովսես Պողոսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նպատակը, գործունեությունը, մինչ օրս ծրագրում ընդգրկված կամավորների կատարած աշխատանքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախցիներին պետական միջոցներով մատուցած ծառայությունները: Դեռևս 1994 թվականից գործող և 2017-ին պետական գրանցում ստացած հիմնադրամն իրականացնում է սոցիալական լարվածության թեթևացմանն ուղղված ծրագրեր և նախաձեռնություններ։ Հիմնադրամի գործունեության նպատակը ՀՀ քաղաքացիների սոցիալական և կրթական վիճակի բարելավմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և երկրում դիմակայունության մշակույթի զարգացմանն օժանդակելն է:
Մովսես Պողոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Ակադեմիային` հատկանշական համարելով այն փաստը, որ վերջին տասը տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում իրենց գործունեությամբ աչքի ընկած բազմաթիվ մասնագետների կենսագրության մեջ առկա է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ստացած կրթությունը:
Հիմնադրամի «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի համակարգող Նարինե Գրիգորյանը ներկայացրեց իր ղեկավարած ծրագրի նպատակն ու գործունեությունը, ընդգծեց, որ 2023 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օգնություն են տրամադրել շուրջ 600 ընտանիքի:
Հանդիպման մասնակից ակադեմիականները հարցերի միջոցով փորձեցին ավելի հստակ պատկերացում կազմել հիմնադրամի աջակցության ծրագրերի, դրանց մասնակից դառնալու տարբերակների մասին և պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունների սահմաններում օգտակար լինել նման բարեգործական նախաձեռնություններին: