Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բանակցությունների արվեստը նոր ընկալմամբ

 

 

Հունիսի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) հայազգի պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար, ԱՄՆ Պետքարտուղարության կառավարման «Բեդրոսիան կենտրոնի» գործադիր տնօրեն, «Rolling Hills Estates» քաղաքի քաղաքապետ Ֆրանկ Վռամ Զերունյանը: Հայազգի պրոֆեսորը Ակադեմիայի մագիստրանտների առջև հանդես եկավ դասախոսությամբ՝ անդրադառնալով բավական հետաքրքիր և արդիական թեմաների, մասնավորապես կառավարման ոլորտում այնքան կարևոր «Բանակցություններ-նոր բանակցություններ» թեմային:

Սոցիալական խնդիրները և կարիքները ավելի խորությամբ հասկանալու, դրանք գնահատելու, մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար ձևավորվում են նոր հմտություններ ու գիտելիքներ, որոնց հիման վրա էլ ստեղծվում են բանակցությունների նոր մեթոդները: Եթե նախկինում վստահությունն էր հանգեցնում փոխհամագործակցության, ապա մեր օրերում հաջող փոխհամագործակցությունն է վստահության հիմք դառնում: Ըստ Ֆրանկ Վռամ Զերունյանի՝ մեր օրերում թյուըմբռնում կա «բանակցության արվեստի» ընկալման հարցում, ուստի շատ դեպքերում այդ բանակցությունները տանում են փակուղի: Բանակցությունների հիմքում պետք է ընկած լինեն փոխշահավետ նպատակներ, որոնց շուրջ էլ հենց պետք է ծավալվի ռացիոնալ և համատեղ որոշումների կայացման բարոյական և էլեգանտ (բարեկիթ) գործընթաց:

Պատմության մեջ  հայտնի են մի շարք բանակցային գործընթացներ, որոնցում կիրառվել է հարկադրանքի և պարտադրման մարտավարությունը, բանակցությունների սեղանին են դրվել ուժը, գերակայությունը և իշխանությունը: Այսօր արդեն համաշխարհային բրենդներ ներկայացնող մի շարք հայտնի ընկերություններ, հասկանալով շահույթի, համագործակցության և վստահության հարաբերակցությունը, բանակցությունները վարում են ոչ թե «հաղթող-պարտվողի», այլ «հաղթող-հաղթողի» սկզբունքով: Այս մոդելն իրենից ներկայացնում է հենց «Newgotiation»-ը՝ փոխանակման կորպորատիվ մշակույթ, ինչի շնորհիվ կառուցվում են կայուն փոխհարաբերություններ՝ ստեղծելով համագործակցության փոխշահավետ արժեքներ:

Այս ամենը Ֆրանկ Վռամ Զերունյանը համեմեց մի շարք գործնական օրինակներով և իրավիճակային խնդիրներով (case study):

Դասախոսության երկրորդ մասի թիրախը Ակադեմիայի աշխատակազմը և դասախոսական կազմն էին: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանի առաջարկով պրոֆեսորը մանրակրկիտ ներկայացրեց կրթության ամերիկյան ոճն ու փորձը՝ առանձնացնելով  իրենց համալսարանում գործող կարգերն ու բարքերը: Լսարանին հետաքրքրեցին նաև դրամաշնորհային ծրագրերում պրոֆեսորի մատնանշած ձեռքբերումները, փորձը և հետագա անելիքները: Հանրային կառավարման, քաղաքացիների՝  հանրային ծառայությանը պատրաստելու խնդիրները ևս դուրս չմնացին քննարկումների շրջանակից, որոնց վերաբերյալ պրոֆեսորը ներկայացրեց մի շարք նրբություններ՝ գործող կառավարման համակարգերի տարբերությունները, առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները և այլ գործոններ:

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………