Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ցանկացած խնդիր լուծելի է, եթե տիրապետում եք բանակցությունների արվեստին

 

Որևէ ոլորտում հարաբերությունները կարգավորելու և հաջողության հասնելու հարցում այսօր չափազանց կարևորվում է բանակցությունները ճիշտ ու գրագետ վարելու կուլտուրան և կոնֆլիկտների կառավարումը: Ելնելով այս իրողությունից` ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ապրիլի 11-ին և 12-ին անցկացվեց որակավորման բարձրացման դասընթաց` «Բանակցային գործընթացը և կոնֆլիկտների կառավարումը պետական ծառայությունում» թեմայով: Մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի ուսուցման շրջանակում կազմակերպված այս դասընթացը վարում էին կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, միջպետական մակարդակի բանակցություններ վարելու մեծ փորձ ունեցող, CMPartners ընկերության (Հարվարդ, ԱՄՆ) ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի դասախոս Նատալյա Արապովան:

Որակավորման բարձրացման դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին բանակցային տարբեր սխեմաներ, բանակցություններ վարելու միջմշակութային առանձնահատկություններն ու նրբությունները: Հատկապես կարևորվեց մարդու ռացիոնալությունը բանակցություններ վարելիս. քանի որ զգացմունքային մարդուն հեշտ է համոզելը, ուստի և հեշտ է նրա հետ բանակցելը: Պատահական չէ, որ հաճախ զգացմունքայնությամբ և հատկապես փոխադարձ վստահությամբ է պայմանավորվում և վճռվում բանակցությունների հաջող ելքը:

«Բանակցությունների միջոցով ամեն հարց ու վեճ կարելի է լուծել»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:- Մարդուն տվեք հմտություն, և նա կարող է ցանկացած խնդրի լուծում առաջարկել»:

Կոնֆլիկտաբանի խոսքով` բանակցությունների սեղանին նստելու նպատակը առաջին հերթին պետք է դիմացինի վստահությունը շահելը լինի, ինչը նշանակում է, որ բանակցությունների երկուստեք հաջող ելքը կարելի է համարել փոխադարձ վստահություն հաստատելը:

«Բանակցություններ վարելիս պետք է կարողանաս քեզ դիմացինիդ տեղը դնել, խնդրին նրա աչքերով նայել: Ամեն պարագայում գոհ մնալը և հնարավորինս օգուտ քաղելը բխում է երկու կողմերի շահերից»,- ասաց բանախոսը և ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց բանակցությունների հետազոտության ոլորտում կարևոր դեր խաղացած Ռոջեր Ֆիշերի հետաքրքիր մի մտքի վրա. «Վեճերը պետք է կառավարել, ոչ թե լուծել»:

Դա նշանակում է, որ ցանկացած վեճի ամենաճիշտ լուծումը առաջին հերթին դրա պատճառը գտնելն ու վերացնելն է, այսինքն` հանգուցալուծումը հենց ծագման սկզբից նախանշելը, որն էլ հենց կոնֆլիկտի կառավարումն է:

Ըստ ամերիկյան մի շարք հեղինակների առաջ քաշած տեսությունների՝ կարելի նաև հետազոտությունների միջոցով բացահայտել և լուծել հակամարտությունները: Այս ուղղությամբ հետաքրքրվողներին պարոն Մարտիրոսյանը գրականության մեծ ցանկ ներկայացրեց, որոնց հեղինակներն արդեն գտել են թեմային վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Կոնֆլիկտաբանն անդրադարձավ նաև Բանակցված համաձայնագրի լավագույն այլընտրանքին (BATNA), որն օգտագործում է բանակցող կողմերից մեկը բանակցության ձախողման դեպքում: Համարվում է, որ BATNA-ն հաջողակ բանակցողի կարևոր կիզակետն է և շարժիչ ուժը:  

Երկօրյա դասընթացն այնպես էր կազմակերպված, որ մասնակիցները թե՛ բավարար չափով տեսական գիտելիք ստանային, թե՛ այդ գիտելիքն ամրապնդեին գործնական հանձնարարություններ կատարելով: Նպատակը նյութը տեղում առավելագույնս յուրացնելու հնարավորություն ընձեռելն էր:

Նշենք, որ Արթուր Մարտիրոսյանը 1994 թվականին միացել է Հակամարտությունների կառավարման խումբ (GMG) կազմակերպությանը, որտեղ պրոֆեսոր Ռոջեր Ֆիշերի հետ մեկտեղ աշխատել է մի շարք լայնամասշտաբ ծրագրերի վրա հետխորհրդային տարածքում: Նա զբաղվել է ռազմավարական աջակցության ծրագրերի մշակմամբ հակամարտության այնպիսի տարածաշրջանների համար, ինչպիսիք են Իսրայելը, Պաղեստինը, Իրաքը, Չեչնիան, Աբխազիան և Կոսովոն:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի՝ որակավորման բարձրացման վկայականներ։

 

Նորություններ

«Գրելը ձիրք է, որը կարելի է և պետք է սովորեցնել դեռ տարրական դասարաններում». այսպես սկսեց իր հերթական դասախոսությունը…..