Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բացահայտեք ձեր ստեղծարար միտքը

 

Ար­դի կա­ռա­վա­րու­մը պա­հան­ջում է ու­րույն մտա­ծող, ստեղ­ծա­գործ, վառ եր­ևա­կա­յութ­յամբ օժտ­ված հավակնոտ մաս­նա­գետ­ներ, քա­նի որ վաղուց ար­դեն հասարակությանը չի բավարարում իր առջև ծառացող խնդիրների միակ ճիշտ լու­ծումը, այլ փնտրում է այ­լընտ­րան­քա­յին լու­ծում­ներ: Ստեղ­ծա­րար ան­ձը պա­հանջ­ված է հա­սա­րա­կութ­յան զար­գաց­ման բոլոր փու­լե­րում: Դեռ ա­վե­լին՝ ժա­մա­նա­կա­կից կյան­քի ա­րագ փո­փոխ­վող տեմպն ա­պա­հո­վում են հենց ստեղ­ծա­րար, ճկուն միտք ունեցող ան­ձինք:

Ստեղծարարությունը կամ կրեատիվությունը մասնագիտական գործունեության անկյունաքարն է, հաջողության գրավականը:  Ուստի պատահական չէ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնում ներառվել է նոր առարկա՝ «Ստեղծարար կառավարում»: Իսկ կառավարման հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Պողոսյանը սեպտեմբերի 28-ից այդ թեմայով թրեյնինգ էր անցկացնում Ակադեմիայի աշխատակիցների  հետ: Թրեյնինգի կազմակերպումը մի քանի նպատակ ուներ. նախ՝ զարգացնել կրեատիվության չափորոշիչները՝ արագությունը, ճկունությունը և յուրօրինակությունը, մշակվածությունը, անսպասելի զուգորդություններ որոնելու կարողությունը, ապա՝ զարգացնել կյանքի խնդիրները լուծելիս կրեատիվությունը կիրառելու, անձնային և մասնագիտական նպատակների ձեռքբերման հմտությունները, ինչպես նաև ձևավորել խմբային ստեղծագործական աշխատանքի հմտություններ:

Սոնա Պողոսյանի խոսքով՝ թրեյնինգի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել հասկանալու կրեատիվության նշանակությունը մասնագիտական գործունեության մեջ, ստեղծելու կրեատիվության սեփական սահմանումը, գիտակցելու և հասկանալու կրեատիվ անձի և խմբի առանձնահատկությունները, գիտակցելու և հաղթահարելու պատնեշները, որոնք խանգարում են կրեատիվության դրսևորմանը, ճանաչելու կրեատիվության զարգացման արտաքին և ներքին ռեսուրսները, ձեռք բերելու կրեատիվ միջավայր ստեղծելու և կրեատիվ գործընթացը կառավարելու հմտություններ:

Մասնակիցները այս երեք ամսվա ընթացքում այլընտրանքային լուծումներ պահանջող վարժությունների ու առաջադրանքների, կրեատիվության զարգացման տեխնիկաների միջոցով հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց ստեղծարար հատկությունները, ձեռք բերելու խնդիրների այլընտրանքային լուծումներ առաջադրելու, արագ կողմնորոշվելու, անորոշ իրավիճակներում ելք գտնելու ունակություններ: 

Դեկտեմբերի 21-ին «Ստեղծարար կառավարում» գործնական դասընթացը հասավ իր տրամաբանական ավարտին. Սոնա Պողոսյանն ամփոփեց եռամսյա համատեղ աշխատանքի արդյունքը: Համաձայն դասընթացի սկզբում և վերջում մասնակիցների կողմից լրացված թեստերի արդյունքների՝ բոլոր մասնակիցները կրեատիվության գրեթե բոլոր չափորոշիչներից դրական շարժընթաց են արձանագրել: Դասընթացավարը նշեց, որ այս հանդիպումների շնորհիվ Կառավարման ակադեմիայի աշխատակիցներից ձևավորվել է մի խումբ, որտեղ յուրաքանչյուրին բնորոշ է ստեղծարարության որոշակի աստիճան: Սակայն կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս դրսևորել այն:

Աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին իրենց գործընկերոջը՝ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի ասիստենտ Սոնա Պողոսյանին՝ շատ հետաքրքիր ու գրագետ անցկացրած դասընթացի, իրենց թաքնված ներուժը բացահայտելու համար և թրեյնինգը շարունակելու ցանկություն հայտնեցին:

Դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Իր ուրախությունն արտահայտելով դասընթացի արդյունավետության կապակցությամբ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ արդյունքը կօգտագործվի աշխատանքային գործունեության մեջ՝ ի բարօրություն Կառավարման ակադեմիայի:

Նորություններ

Մարտի 26-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք մասնակցելու տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ՊԿԱ դասախոս Թաթուլ…….