Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Բաց դռների օր» ապագա ակադեմիականների համար

 

 

 

Նոր ուսումնական տարին սարերի հետևում չէ, և ճիշտ ժամանակն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հնարավոր դիմորդներին տեղեկացնելու իր տեսակով եզակի այս ուսումնական հաստատության կրթական ծրագրերի, միջազգային կապերի ու համագործակցության, կարիերայի զարգացման հեռանկարների և այն բոլոր առավելությունների մասին, որոնք Ակադեմիան առանձնացնում են հայաստանյան մյուս բուհերից՝ դարձնելով այն առավել հետաքրքիր ու գրավիչ:

Այդ հնարավորությունը ՀՀ ՊԿԱ ապագա դիմորդներին տրվեց մայիսի 20-ին՝ «Բաց դռների օրը» միջոցառման ընթացքում:

Մինչ միջոցառման պաշտոնական մասի սկսվելը այցելուները Ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանում ծանոթացան ՀՀ ՊԿԱ չորս ամբիոնների կրթական ծրագրերին, զրուցեցին ամբիոնների վարիչների և աշխատողների հետ, փորձեցին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Այնուհետև ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին: 

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր Ակադեմիայում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդները վաղը դառնալու են մագիստրանտներ՝ համալրելով ակադեմիականների շարքերը, իսկ հետագայում պաշտոններ են զբաղեցնելու ինչպես ՀՀ պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ ինչպես անցած տարիների բազմաթիվ շրջանավարտներ: Խ. Ղազեյանը հպարտությամբ նշեց, որ ինքն էլ Ակադեմիայի շրջանավարտ է և իր հաջողությունների համար նաև այս կրթօջախին է պարտական:

«Ժամանակակից աշխարհը չի հանդուրժում ուշացումներ և տեղապտույտներ,- ասաց ռեկտորը:- Ահա թե ինչու Ակադեմիայում մեկնարկել է լուրջ բարեփոխումների փուլ: Մենք վերանայում ենք կրթական ծրագրերն ու ուսումնական պլանները, ջանում դրանք համահունչ դարձնել ժամանակակից աշխատաշուկային պահանջներին, և դա փորձում ենք անել ոլորտի լավագույն մասնագետների միջոցով: Խիստ հավակնոտ կլիներ, եթե ասեի, թե մենք ստեղծել ենք կատարյալ կրթական համակարգ, սակայն հավատացեք, որ մենք ձգտում ենք կատարյալի: Մեզ համար պատվի հարց է ձեզ որակյալ կրթություն տալը, քանի որ դուք եք լինելու Ակադեմիայի դեմքը աշխատաշուկայում»:  

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի կրթական ծրագրերը ներկայացրեց ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը: Դիմելով ունկնդիրներին՝ տիկին Մարգարյանն ասաց, որ ցանկացած պետության և հասարակության բարեկեցության, առողջության և անվտանգության խնդիրների լուծումը պայմանավորված է մրցունակ կրթությամբ կադրերով: Իսկ Ակադեմիայում «պատրաստում են որակյալ բյուրոկրատներ ոչ միայն պետական համակարգի, այլև հանրային կյանքի այլ ոլորտների համար»:

Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» կրթական ծրագրի շրջանավարտ Աշոտ Ծատուրյանը Ակադեմիայում սովորելու առավելություն համարեց այն, որ մագիստրանտները պրակտիկա են անցնում պետական գերատեսչություններում՝ հնարավորություն ունենալով կիրառելու ուսման ընթացքում ստացած գիտելիքները:

ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը ներկայացրեց իր ղեկավարած ամբիոնի կրթական ծրագրերը: Նշեց, որ աշխատաշուկայի վերլուծության տվյալներով, ինչպես պետական համակարգում, այնպես էլ բիզնեսի ոլորտում գնալով մեծանում է հոգեբան մասնագետների պահանջարկը: Ակադեմիայում հոգեբանի մասնագիտություն ստանալու առավելությունների և աշխատաշուկայում մրցունակ լինելու մասին խոսեցին շրջանավարտներ Սվետլանա Բաղդասարյանը և Աստղիկ Գևորգյանը:

«Ակադեմիան թիմ է, որտեղ բոլոր խնդիրները համատեղ են լուծվում»,- ասաց ՀՀ ՊԿԱ ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Գոռ Չատինյանը:

«Կրթական ծրագրերի արդիականացման գործը փորձում ենք այնպես կազմակերպել, որ Ակադեմիայում ստացած կրթությունն առավել արդիական լինի, տեսությունը հետ չմնա գործնականից,- ասաց նա:- Ակադեմիայում փոփոխությունները շարունակական են, քանզի ամեն ինչ անընդհատ զարգացման մեջ է»:    

Վարչության պետը շեշտեց նաև Ակադեմիայում իրականացվող հեռավար կրթության կարևորությունը: Նշեց, որ ՀՀ ՊԿԱ-ն առաջին բուհն է, որտեղ արդեն հինգերորդ տարին է, ինչ կրթությունը կազմակերպվում է նաև հեռավար ձևաչափով՝ կրթության մատչելիություն, հասանելիություն և շարունակականություն ապահովելու համար:

ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը խոսեց Ակադեմիայի միջազգային կապերի մասին: Նշեց, որ Ակադեմիան ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում, և գոյության 28 տարվա ընթացքում մեծապես ընդլայնել է համագործակցության շրջանակն ու աշխարհագրությունը: Տիկին Խեչոյանը խոսեց նաև փոխանակման ծրագրերի մասին, որոնց շնորհիվ մեր ուսանողները արտերկրի լավագույն համալսարաններում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում:

ՀՀ ՊԿԱ պատասխանատու պաշտոնյաները պատասխանեցին «Բաց դռների օրը» Ակադեմիա այցելած երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

 

 

 

Նորություններ

Ի գիտություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների…