Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Այստեղից է սկսվում ապագա կառավարչի կերպարի ձևավորումը

 

 

Նոր ուսումնական տարին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առկա ուսուցման առաջինկուրսեցիների համար սկսվեց Ակադեմիայի ղեկավարության հետ հանդիպումով: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը մագիստրանտներին ընդունեց ամառվա ընթացքում հիմնանորոգված լսարանում: Նա նախ շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ապա խրախուսեց Կառավարման ակադեմիայում սովորելու նրանց ցանկությունը:

«Այս քայլով կարևոր և բեկումնային փոփոխություն է կատարվել ձեր կյանքում,- դիմելով մագիստրանտներին՝ ասաց Արսեն Լոքյանը:-  Համոզված եմ, որ դուք շատ լավ գիտակցում եք, թե ինչու եք որոշել սովորել այս հաստատությունում, ինչ նպատակներ ունեք, և դեպի ուր է տանելու ձեզ այս ճանապարհը»:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը նշեց, որ այսօր մեր երկրի պետական կառավարման համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների զգալի մասը Կառավարման ակադեմիայի շրջանավարտներ են, ինչը հպարտանալու առիթ է:

«Վստահեցնում եմ, որ այստեղ դուք ձեռք եք բերելու անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ և ամենակարևորը՝ սոցիալական մեծ կապեր: Կառավարման ակադեմիայի շրջանավարտ լինելու հանգամանքը ձեր առջև կարող է դռներ բացել: Ակադեմիայի շրջանավարտ լինելը յուրահատուկ «վարակ» է, որով «վարակվածները» դարձել են մի մեծ թիմի անդամ: Կասկած չկա, որ դուք նույնպես այդ թիմի մաս եք կազմելու»:

Ռեկտորը նաև ասաց, որ այդ ամենին հասնելու համար Ակադեմիայի սովորողներից պահանջվում է միայն քրտնաջան աշխատանք:

«Դուք պետք է տարբերվեք այլ բուհերի ուսանողներից՝ սկսած արտաքին տեսքից մինչև մտածողություն: Ձեր՝ ՀՀ պետական կառավարման համակարգի ապագա կառավարչի կերպարի ձևավորումը պետք է սկսվի այստեղի՛ց, այսօրվանի՛ց: Մենք ունենք լավագույն մասնագետների մեծ խումբ, որոնք սիրով իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն ձեզ: Իսկ ձեզնից պահանջվում է միայն լավ սովորել, վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է»,- ասաց Արսեն Լոքյանը:

Բարի երթ մաղթելով ուսանողներին՝ նա նշեց, որ ուսուցմանը վերաբերող ցանկացած հարցով կարող են դիմել իրեն. Ակադեմիայի ռեկտորը պատրաստ է լսելու և հնարավորության սահմաններում օժանդակելու ծագած խնդրի լուծման հարցում:

Առաջինկուրսեցիներին շնորհավորեց նաև ՀՀ ՊԿԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը: Նա նշեց, որ Ակադեմիայի ողջ անձնակազմը ամեն ինչ կանի մագիստրանտների վստահությունը չկորցնելու համար: Նաև հավաստիացրեց, որ այստեղ բոլորն աշխատում են կրթության բարձր որակ ապահովելու ուղղությամբ:

«Այսօրվանից դուք մեր գործընկերներն եք: Մեր ընկերությունն սկսվում է և չի ավարտվում,– ասաց Գոռ Չատինյանը:- Մեր դռները միշտ բաց են ձեր առջև: Դուք կարող եք ցանկացած հարցով դիմել մեզ և ձեր առաջարկներով ու նոր մտածողությամբ օգնել ավելի բարելավելու ուսման որակը»:

Կազմակերպական մի քանի հարցերի անդրադարձավ նաև ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը:

Այնուհետև Կառավարման ակադեմիայի ՈՒԽ ներկայացուցիչները ողջունեցին նորեկներին և ներկայացրին կրթօջախի ամբիոնները, կրթական ծրագրերը, ավանդույթները:

Նույն օրը երեկոյան Կառավարման ակադեմիայի ղեկավարությունը հանդիպեց նաև «Գործարար վարչարարություն» և «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրերով սովորող մագիստրանտների հետ:

Շնորհավորելով նրանց՝ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց նրանց ընտրած մասնագիտությունների պահանջված լինելու հանգամանքը: Եթե «Մարդկային ռեսուրսների կառավարում» կրթական ծրագրով Կառավարման ակադեմիայում առաջին անգամ է ուսուցում կազմակերպվելու, ապա «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրն արդեն շրջանավարտներ ունի, իսկ դիմորդների աճող քանակը վկայում է ծրագրի կարևորության մասին:

Արսեն Լոքյանը նշեց, որ այս երկու մասնագիտությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք պահանջված են ինչպես պետական հատվածում, այնպես էլ մասնավոր: Չէ՞ որ ցանկացած ոլորտում աշխատանքի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է արդյունավետ կառավարմամբ:

Կառավարման ակադեմիայի ռեկտորը հավաստիացրեց, որ այս կրթական ծրագրում դասախոսելու համար ընտրված են լավագույն մասնագետները, որոնք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև տարիներով կուտակած գործնական փորձառություն կփոխանցեն սովորողներին: Իսկ Ակադեմիայի գրադարանը թեև ամենաբազմաքանակ գրականությունը չունի, սակայն այստեղ կարելի է գտնել կառավարմանը վերաբերող անհրաժեշտ գրքերը: Ավելին, դրանց մեծ մասը թվայնացված է, և սովորողները կարող են օգտվել էլեկտրոնային տարբերակից:

«Կրթության գործում մանրուքներ չկան»,- ասաց ռեկտորը՝ անդրադառնալով նաև մի շարք կազմակերպական հարցերի: Ի վերջո, ցանկացած գործում, այդ թվում՝ կրթության, կարգապահությունը ամենակարևորն է:

 

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը