«Այցելություն» Տրանսիլվանիա համալսարան` Էրազմուս + ծրագրի շնորհիվ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակազմի և ուսանողության ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին «հեռավար շրջագայություն» կատարեցին Ռումինիայի կենտրոնական հատվածում գտնվող ամենամեծ` Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել էր Էրազմուս + ծրագրի շրջանակներում. Ակադեմիան հյուրընկալել էր Տրանսիլվանիա համալսարանի (Ռումինիա) Էրազմուս + գրասենյակի ֆինանսական և վարչական հարցերով պատասխանատու Պատրիսիա Ստանսիուին:

Այսօր արդեն 21 մասնաշենք ունեցող բուհը հիմնադրվել է 1948 թվականին` ուսուցման և հանգստի համար լավագույն պայմաններն ունեցող վայրում` հենց անտառի գրկում: Տասնամյակների ընթացքում ընդլայնվել է համալսարանում ուսուցանվող մասնագիտությունների ու կրթական ծրագրերի ցանկը, և այսօր գրեթե բոլոր մասնագիտությունների գծով շուրջ 20 հազար ուսանող է սովորում Տրանսիլվանիա համալսարանում: Համալսարանի դռները բաց են նաև արտասահմանյան երկրների երիտասարդության համար. 78 երկրից 445 ուսանող նախընտրել է բարձրագույն կրթություն ստանալ Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում:

Սաhիկաշարի միջոցով Պատրիսիա Ստանսիուն ներկայացրեց համալսարանը բոլոր հնարավոր կողմերով` օտար լեզուներով ուսուցանվող կրթական ծրագրեր, մշակութային կյանք, հանրակացարաններ և այլն: Նա հատկապես շեշտեց Էրազմուս+ ծրագրի աջակցության շնորհիվ բուհի միջազգայնացման, ուսանողների և դասախոսների շարժունության և այլ հնարավորությունների մասին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան նույնպես սերտ համագործակցում է Տրանսիլվանիա համալսարանի հետ: Նախորդ տարիներին երկու բուհերի ներկայացուցիչներն էլ առիթ են ունեցել փոխադարձ այցեր կատարելու և տեղում ծանոթանալու միմյանց փորձին, կրթական ծրագրերին, կրթության կազմակերպման սկզբունքներին ու մեթոդներին:

Leave a Reply