Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Այց ԱՄՆ դեսպանության գրադարան` LNSS ծրագրի պիլոտային դասընթացի շրջանակներում

LNSS-logo

«Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում՝ գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS)  ծրագրի շրջանակում անցկացվող «Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթությունների սահմանում» թեմայով պիլոտային դասընթացի  մասնակիցները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Հիմնականում գրադարանավարներից բաղկացած խմբի այցի նպատակն էր  ծանոթանալ դեսպանատան գրադարանին և աշխատանքների կազմակերպմանն այնտեղ: ԱՄՆ դեսպանատանը Ծրագրի մասնակիցներին ընդունեց դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:

Դեսպանատան մամլո կցորդ Ջոն Գոշերտը ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի գործունեության չորս առաջնահերթությունները: Դրանք են՝ հնարավորինս լավ ու ճշգրիտ ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, նպաստել Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, աջակցել քաղաքացիական հասարակությանը և հասարակական կազմակերպություններին: Ջոն Գոշերտի համոզմամբ, հատկապես այս վերջին խնդիրն իրականացնելու գործում մեծ դեր ունեն գրադարանները. դրանք կարող են նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Իսկ դեսպանատան անմիջական շփումը քաղաքացիների հետ իրականացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Չարենցավանում բացված Ամերիկյան անկյունների միջոցով: Վերջիններս ամերիկյան ոճով ձևավորված գրադարաններ են, որոնք, օգտագործելով տարբեր ձևաչափեր, տեղեկատվություն են ապահովում Միացյալ Նահանգների մասին:

Այնուհետև ԱՄՆ դեսպանատան սոցիալական մեդիայի համակարգող Աննա Մկրտչյանը ներկայացրեց ժամանակակից այն հարթակները, որոնց օգնությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երկխոսություն է իրականացնում հասարակության հետ:

Ծրագրի մասնակիցները նկատեցին, որ դեսպանատան գրադարանում առկա գրականությունը հիմնականում տեղեկատվական էր: Դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի խոսքով, դա բնական է, քանի որ այսօր շատացել են գրքի տեսակները, և գիրք ասվածը միայն տպագիր հրատարակությունը չէ: Դրանց կողքին այսօր ունենք աուդիոգրքեր և էլեկտրոնային գրքեր: Անշուշտ, շատերը մտավախություն ունեն, որ նոր տեխնոլոգիաները սպառնալիք են տպագիր գրքերի համար, ինչին դարեր շարունակ վարժվել է մարդկությունը, և չի բացառվում, որ մի օր գրադարանները կվերանան: Համաձայնելով, որ հատկապես նոր սերունդը շատ արագ է վարժվում ընթերցելու համար նախատեսված սարքերին, Ներսես Հայրապետյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ գրադարանների կարիք միշտ կլինի:

«Չգիտեմ, թե 20 տարի հետո ինչպիսին կլինեն գրադարանները, բայց համոզված եմ, որ դրանք կլինեն: Գրադարանները միայն նրա համար չեն, որ մարդը գնա, գիրքը վերցնի, տանի տուն, կարդա և վերադարձնի: Ցավոք, մեզ մոտ մեծ մասամբ հենց այդ գործառույթով էլ սահմանափակվում է գրադարանների գործունեությունը»:

Մինչդեռ այդ գործունեությունը շատ ավելի լայն է՝ զանազան հանդիպումներ, դասախոսություններ, կրթական խորհրդատվություն, ֆիլմերի ցուցադրություն և այլն: Պարզապես այդ ամենի համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ:

Խոսելով էլեկտրոնային գրքի կողմից տպագիր գրքի դուրսմղման հնարավոր «վտանգի» մասին, Ներսես Հայրապետյանն այս առումով վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Օրինակ՝ 2016 թվականի տվյալներով, չափահաս ամերիկացիների ընդամենը 19 տոկոսն է գերադասում էլեկտրոնային գրքերը: Իսկ գրքի տարբեր տեսակների կողմնակիցների թվաքանակի համեմատությունը ցույց է տվել, որ այդ տեսակներից յուրաքանչյուրն ունի իր հավատարիմ ընթերցողը:

Դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրենը խոսեց նաև գրադարանների առավելությունների մասին: Եթե ուզում եք որևէ հարցի մասին տեղեկություն ստանալ, ո՞րն է նախընտրելի՝ դիմել գրադարանավարի՞ն, թե փնտրել համացանցում: Պատասխանը միանշանակ է. ճշգրիտ, ամբողջական և հիմնավորված տեղեկություն ստանալու համար գրադարաններն ամենաճիշտ տարբերակն են, քանի որ համացանցում թեև ավելի արագ կարելի է գտնել անհրաժեշտ տեղեկույթը, սակայն դա հազիվ թե սպառիչ լինի, քանի որ անհատը սովորաբար մուտք չունի տեղեկատվական այնպիսի բազաներ, որտեղ տվյալ հարցի վերաբերյալ սպառիչ և հավաստի տեղեկություն կարելի է գտնել: Իսկ գրադարանները հիմնականում նման հնարավորություն ունենում են:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գրադարանին, ապա այստեղ մուտքն ազատ է բոլորի համար: Պարզապես պետք է իմանալ, որ դեսպանատան գրադարանում չեք գտնի գեղարվեստական կամ մասնագիտական գրականություն: Այստեղ ձեզ կտրամադրեն միայն տեղեկատու:

Հանդիպման ավարտին Ներսես Հայրապետյանը Ծրագրի մասնակիցներին նվիրեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում տպագրված գրքեր:

Նորություններ

2018-2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման քննությունների….