Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Աշխարհին ներկայանալ որպես նոր քաղաքակրթական երևույթ»

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնը նախաձեռնել էր «Հայոց պատմության արդի դարաշրջանը. աշխարհաքաղաքական մարտահրավերներ» թեմայով բաց դաս, որը  վարում էր արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Բուն թեմային անցնելուց առաջ բանախոսը ներկայացրեց «հայոց պատմության արդի դարաշրջան» երևույթի ընկալումը:  Նրա կարծիքով, ժամանակն է «նոր պատմություն», «նորագույն պատմություն» եզրույթները փոխարինել աշխարհում ընդունված «արդի դարաշրջան» հասկացությամբ: Իսկ արդի դարաշրջանի հիմնական բովանդակությունը պետք է լինի պայքարը հանուն պետականության վերականգնման:

Պատմաբանի խոսքով, հայոց արդիականության սկիզբը պետք է համարել 16-րդ դարի կեսերը, ավելի ճշգրիտ՝ 1547 թվականի եկեղեցական ժողովները, երբ սկսեցին քննարկվել պետականության խնդիրները: Համառոտ ներկայացնելով հայոց արդիականության ընթացքը, բանալի կերպարները և իրադարձությունները՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հիմա մենք ապրում ենք հայոց արդիականության ժամանակակից պատմության փուլում:

Խոսելով աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանց անխուսափելիորեն առնչվում ենք, երբ առաջ ենք քաշում պետականության գաղափարը: Իսկ մարտահրավերներին համարժեք պատասխան տալու համար մենք պետք է ունենանք հստակ ձևավորված աշխարհաքաղաքական միտք:

«Առաջին անգամ Իսրայել Օրին է մեր քաղաքագիտական հարցադրումներին պատասխան տվել, ինչը մինչ օրս չի կորցրել իր ազդեցությունը մեր մտածողության վրա,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:- Մեզ առաջադրված մյուս աշխարհաքաղաքական մարտահրավերը հայկական հարցն է, որի պատասխանը դեռ չի տրվել: Մարտահրավեր են Հայոց ցեղասպանությունը, Առաջին հանրապետության ձևավորումը: Մեր ժողովրդի համար աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ առաջացան Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման ժամանակ: Այս դեպքում աշխարհաքաղաքական ընկալումների հիմք ընդունվեց տարածաշրջանը: Թուրքիան համարվեց հիմնական վտանգը: Քաղաքական էլիտան փորձեց լուծում գտնել՝ հարաբերություններ ձևավորելով Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի աշխարհաքաղաքական ընկալումն այլ էր, և առ այսօր շարունակվում է հայկական և թուրքական ընկալումների բախումը»:  

Երրորդ հանրապետության մյուս մարտահրավերը, ըստ պրոֆեսորի, քաղաքական կողմնորոշման խնդիրն է: Նրա կարծիքով, մեզ հնարավորություն է ընձեռվել մեր աշխարհաքաղաքական ընկալումները բարձրացնել սկզբունքորեն նոր մակարդակի:

«Մենք կարող ենք նպաստել տարբեր բևեռների միջև հարաբերությունների ձևավորմանը, տարբեր քաղաքական ուժերի միջև համադաշնության ստեղծմանը. դա կլինի մեր քաղաքակրթական առաքելությունը»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, մենք թևակոխում ենք մեր արդի դարաշրջանի ամենահետաքրքիր փուլը, երբ պետք է հասկանանք մեր ինքնությունը, խաղալիք չդառնանք այլոց ձեռքին, դառնանք այնպիսի գործոն, որի հետ հաշվի են նստում:

«Սա ենթադրում է աշխարհընկալման նոր մակարդակ, երբ կարելի է աշխարհին ներկայանալ որպես նոր քաղաքակրթական երևույթ»,- եզրափակեց խոսքը պրոֆեսորը:

Բաց դասը շարունակվեց հարց ու պատասխանով. Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Իսկ Ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը ամփոփեց դասը՝ վստահեցնելով, որ արդի մարտահրավերներին հայ ժողովուրդը կարող է պատասխանել հոգևոր Հայաստանի տեսլականով:

   

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց