Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Աշխատանք փնտրելիս դրսևորեք կրեատիվ մտածողություն

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնը մարտի 30-ին հյուրընկալեց Հայաստանում առաջին մարկետինգային հարթակը հանդիսացող Global Media Lab թիմին: Թիմի ներկայացուցիչները տասը համալսարաններում հանդես են գալիս «University Tour» նախագծով, որը կարիերայի աճին նպաստող իր բազում հնարավորություններով արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողության շրջանում։ Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին բազմաբովանդակ և հետաքրքիր նյութեր աշխատանք փնտրելու, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատաշուկայում սեփական բրենդի ստեղծման և անձի մենեջմենտի մասին: Ներկաները հնարավորություն ստացան իրենց գրադարանը և ֆիլմադարանը ավելացնելու անձնական զարգացմանը նպաստող նոր գրքերով ու ֆիլմերով:

«Չկա աշխատանք», «Ինչու՞ չունենք աշխատանք», «Modern CV» թեմաները մեկնաբանելիս  Global Media Lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը մանրամասն  անդրադարձավ աշխատանք չգտնելու պատճառներին, ծանոթացրեց մի շարք նոր, սակայն հայաստանյան աշխատաշուկայում, ցավոք, դեռևս տարածում չգտած ինքնակենսագրությունների ձևերի կազմմանը, ձևեր, որոնք մեծապես կնպաստեն անձի կրեատիվ մտածողության զարգացմանը, աշխատանքի համար դիմելու դեպքում հարցազրույցի ժամանակ սեփական առանձնահատկությունները ներկայացնելու մշակույթի ձևավորմանը: Թերեզա Գրիգորյանը խորհուրդ տվեց համարձակ լինել աշխատանք փնտրելիս և ոչ մի դեպքում չընկճվել:

skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցն իր հերթին լսարանին ներկայացրեց այն տասը կարևոր հմտությունները, որոնք պետք է զարգացնել «ընդմիշտ պահանջված լինելու համար»: Որպես գործատու` թրեյնինգավարը հատկապես կարևորեց թիմում աշխատելու ունակությունը, բանակցություններ վարելու արվեստին տիրապետելը, խնդիրները համակարգված լուծելու կարողությունը: Ըստ Սերգեյ Ուսնունցի` «ինքնակրթությունը և ինքնազարգացումը դառնալու են ապագայի առանցքային հմտությունները»: Իսկ նրա կողմից առաջադրված հռետորական  հարցը` «Իսկ դու պատրա՞ստ ես ապագայի հետ հանդիպմանը», շատերի համար լուրջ մտորումների առիթ դարձավ:

Ոչ պակաս արդիական թեմա ներկայացրեց Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը: Անձի բրենդին և  մարկետինգին առնչվող թեմայի նրա ներկայացումը հագեցած էր բազում օրինակներով ու խորհուրդներով: Եթե ոչ վաղ անցյալում սխալ էր ընկալվում «Ինչպե՞ս վաճառել ինքդ քեզ` որպես բրենդ» արտահայտությունը, ապա այսօր շատերը սեփական բրենդը կերտելու և այն ըստ հավուր պատշաճի ներկայացնելու քայլեր են ձեռնարկում: Գիտելիքը միակ «ապրանքն է», որ կարողանում ենք ստանալ և «վաճառել»:

Տեղեկատվությամբ հագեցած հանդիպման վերջում անցկացվեց ինտերակտիվ խաղ, որին մասնակցեցին բոլոր ներկաները: Հաղթողներն արժանացան մրցանակների:

Շնորհակալություն հայտնելով Կառավարման ակադեմիային ջերմ ընդունելության և լսարանի ակտիվ ներգրավվածության համար` բանախոսները ևս մեկ անգամ կարևորեցին շարունակական զարգացումը, ինքնակրթությունը, սեփական «ես»-ի կատարելագործումը՝ ոչ միայն աշխատաշուկայում մրցունակ լինելու, այլև կյանքում բազում հաջողությունների հասնելու և մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները մասնակցում են ՀՀ Արմավիրի մարզպետարանում նոյեմբերի 14-ին և 15-ին…..