Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Արդյունավետ օգտագործեք ուսանողական տարիները»

Նոյեմբերի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նշվեց Ուսանողության միջազգային օրը: Այդ առթիվ կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին  ՀՀ ՊԿ ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և վարչակազմի անդամներ:

Պարոն Լոքյանը շնորհավորեց ակադեմիականներին՝ նշելով, որ պատիվ է լինել Պետական կառավարման ակադեմիայի ուսանող, սակայն մյուս կողմից դա  պարտավորեցնող կոչում է:

«Դուք պետք է տարբերվեք մյուս բուհերի ուսանողներից, քանզի մեր առաջնային նպատակը ուսանողներին մեծ կյանքի և մեծ փոփոխությունների համար պատրաստելն է: Դուք դառնում եք կառավարիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, երկրի կառավարման պատասխանատուներ: Առաջին հայացքից սա կարող է խտրականություն թվալ, սակայն մեր առաքելությունը հասկանալի է և արդար:

Հայ ժողովուրդը կրթությանը միշտ էլ մեծ տեղ է հատկացրել, ջանք ու եռանդ,  միջոց  չի խնայել ազգին պիտանի զավակ դաստիարակելու համար: Ուսանողության տարիներն ամենաերջանիկ տարիներն են և միաժամանակ՝ կյանքի կարևոր փուլ, քանի որ հենց այդ տարիներին ենք դառնում սոցիումի մաս:

Նախորդ տարիների մեր շրջանավարտները հասել են մեծ բարձունքների, ինչը նաև Ակադեմիայի ձեռքբերումն է: Ակնհայտ է, որ դուք նույնպես ունեք այդ ներուժը: Մեծ ակնկալիք ունեմ, որ Ակադեմիան այն վայրն է, որտեղ դուք համատեղում եք հաճելին ու օգտակարը՝ վառ հիշողություններ ունենալով թե՛ մեր դասախոսական կազմի հետ շփումների և թե՛ ակադեմիական կյանքի մասին: Մեր կենսունակության առաջին գրավականը գիտելիքն է, կրթությունը: Դուք ձեր կերպարով պետք է օրինակ ծառայեք նոր և ապագա սերունդներին: Կոչ եմ անում արդյունավետ օգտագործել ուսանողական տարիները: Կարդացե՛ք, հետազոտե՛ք և արդյունքում վայելե՛ք հաջողությունները»,- իր շնորհավորական ուղերձում նշեց Արսեն Լոքյանը:

Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով Կառավարման ակադեմիայի ղեկավար կազմին և բոլոր ներկաներին, մաղթեց գիտելիքներով լի ուսումնական շրջան: Իսկ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը նկատեց, որ արտերկրում ուսանողները շատ են աշխատում թե՛ իրենց մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման և թե՛ ստացած գիտելիքներն ամրապնդելու ուղղությամբ: Նա խորհուրդ տվեց, հետևելով նրանց օրինակին, համատեղել օգտակարը, աշխատանքը և ժամանցը:

 

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց