Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Արդյունավետ հաղորդակցման մշակույթը» կարող է դառնալ ծրագրային առարկա

 

  

Երկու ամիս շարունակ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Ուսումնական մեդիա-կենտրոնում ընթանում էր «Արդյունավետ հաղորդակցման մշակույթ» երկամսյա վերապատրաստման ծրագիրը, որի հեղինակն ու վարողը բանասիրական գիտությունների թեկնածու Արսինե Աղաջանյանն էր, իսկ մասնակիցները՝ Ակադեմիայի մագիստրանտները:

Ծրագիրը մշակելիս հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ Պետական կառավարման ակադեմիայի ուսանողները մեր երկրի վաղվա կառավարիչներն ու պետական պաշտոնյաներն են և պարտավոր են տիրապետել հաղորդակցման հմտություններին, որոնք կառավարչական ամենակարևոր հմտություններից են:

Ինչպես և ակնկալվում էր, այս երկու ամսվա ընթացքում Ուսումնական մեդիա-կենտրոնում ստեղծվեց հետաքրքիր ստեղծագործական միջավայր, որտեղ Ծրագրի մասնակիցները ծանոթացան լեզվական հաղորդակցման նրբություններին, մասնակցեցին քննարկումների, սովորեցին, թե ինչպես պետք է ելույթ ունենալ հանրության առջև, ինչպես պատրաստվել բանակցությունների, որ դեպքում ինչ հագուստ կրել, փորձեցին տիրապետել հարալեզվական միջոցների և բազմաթիվ այլ հմտությունների:

Դասընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Արսինե Աղաջանյանի հրավերով Ծրագրի մասնակիցներին հյուրընկալվեց Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Քննարկման թեման ապագա պետական պաշտոնյաների և լրագրողների հարաբերություններն էին. ինչպես պետք է պաշտոնյան դրսևորի իրեն այդ հարաբերություններում, որպեսզի հանրությանը ներկայանա դրական կերպարով:

Դասաժամերից մեկն էլ տրամադրվեց գերմանաբնակ հայազգի գրող, ճառագիր, հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, դասախոս Վազրիկ Բազիլի հետ զրույցին, որը տեղի ունեցավ տեսազանգի միջոցով: Զրույցի թեման «Պիտակավորումն» (Labelling) էր: Հանրային կապերի մասնագետը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել շրջապատող նշաններին, քանզի հաղորդակցությունը նշանների մեկնաբանություն է, իսկ տեղեկությունը ստանում ենք նշանների մեկնաբանության արդյունքում: Նա հորդորեց միշտ հիշել, որ որևէ հեղինակավոր հաստատություն կամ կազմակերպություն ներկայացնելիս մենք ներկայացնում ենք ինքներս մեզ:

Ծրագրի մասնակից բոլոր ուսանողները հնարավորություն ունեցան ելույթով ներկայանալու իրենց նախընտրած թեմայի շուրջ, այնուհետև քննարկելու այդ ելույթները՝ անելով համապատասխան եզրակացություն:

Դեկտեմբերի 25-ին ավարտվեց «Արդյունավետ հաղորդակցման մշակույթ» ծրագիրը, և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը սիրով հավաստագրեր հանձնեց մասնակիցներին: Շնորհավորելով նրանց դասընթացի ավարտի կապակցությամբ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորը դրական գնահատեց ուսանողների վերապատրաստումը նման ձևաչափով և հույս հայտնեց, որ այստեղ ձեռք բերած հմտությունները հետագայում օգտակար կլինեն մասնագիտական գործունեության ընթացքում: Նա հորդորեց մագիստրանտներին չխուսափել նման միջոցառումներից, թեև դրանք լրացուցիչ ժամանակ ու էներգիա են պահանջում:

«Սա ձեր կյանքի այն ժամանակահատվածն է, որ պետք է վերցնեք այն ամենը, ինչ հնարավոր է: Վերցրեք հիմա և ոչինչ մի թողեք հետոյի համար, որովհետև այդ հետոն իր հետ նոր հոգսեր ու պարտականություններ է բերելու»:

Արսեն Լոքյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն մարդկանց, որոնք այս կամ այն չափով դերակատարություն են ունեցել Ծրագրի իրականացման գործում: Հատկապես նշեց Արսինե Աղաջանյանի և ՀՀ ՊԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ելենա Գրիգորյանի ջանքերը և պատրաստակամությունը՝ ամեն ինչ այնպես կազմակերպելու, որ ուսանողներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան:

Ծրագրի հեղինակ Արսինե Աղաջանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Կառավարման ակադեմիայի ռեկտորին՝ այս ընթացքում իրենց ոգևորելու համար, և ուսանողներին՝ նրանց էնտուզիազմի և թիմային աշխատանքի համար:

Ցավոք, Ծրագրի իրականացման համար նախատեսված ժամանակը բավարար չէր թեման ավելի խորությամբ և մանրամասն ուսումնասիրելու համար: Սակայն արդեն որոշված է, որ այն շարունակական է լինելու. փետրվարից տիկին Աղաջանյանը կաշխատի ուսանողների նոր խմբի հետ, սակայն չի անտեսի նաև նախկիններին:

Արսեն Լոքյանի խոսքով՝ Ծրագրի լավագույն արդյունքն այն կլինի, որ «Արդյունավետ հաղորդակցման մշակույթը» որպես առանձին և պարտադիր առարկա ընդգրկվի Ակադեմիայի կրթական ծրագրերում: Երկամսյա դասընթացի մասնակից ուսանողներն արդեն հարթել են դեպի այդ նպատակը տանող ճանապարհը:

Նորություններ