Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Առաջնորդելու քո՛ հերթն է

Նոյեմբերի 15-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած հերթական հանդիպմանը մասնակցեցին Ակադեմիայի մագիստրանտները, Հիմնադրամի ներկայացուցիչը և Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի շրջանավարտ Պողոս Մամիկոնյանը: Վերջինս բուհն ավարտելուց հետո, կարևորելով առաջնորդի դերը պետության կայացման գործում, միացել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ուսուցիչ-առաջնորդներ» երկամյա ծրագրին: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին, անկախ իրենց մասնագիտությունից, միանալու թիմին, աշխատելու լավագույն մասնագետների հետ և նպաստելու Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը:

Պողոս Մամիկոնյանը պատմեց իր անցած ուղու մասին, ուղի, որը հարուստ է եղել մարտահրավերներով: Նա իր մանկավարժական գործունեությունն սկսել և իրականացրել է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում: Հիշելով Ակադեմիայում ուսանելու, իսկ այնուհետև բանակում ծառայելու տարիները՝ խոստովանեց, որ բավական դժվարությամբ է կայացրել դասավանդելու որոշումը: Սկզբնական շրջանում չէր կարող հաշվի չառնել կրթության հանդեպ համընդհանուր վերաբերմունքը, տեղանքի առանձնահատկությունները և ամենակարևորը՝ ի՞նչ և ինչպե՞ս սովորեցնել երեխաներին: Ի դեպ, Պողոսը «Պատմություն» է դասավանդել 6-12-րդ դասարանների շուրջ 150 աշակերտի:

Առաջնորդվելով «դասավանդել-առաջնորդել-զարգացնել» սկզբունքով՝ Պողոսն իր աշակերտների հետ ժամանակի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է համայնքային զարգացման մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից, մասնավորապես՝ «Սմարթ կանգառ», «Սմարթ պատ», «Էկո աղբ» և այլն:

Ունկնդիրները ուշադրությամբ լսում էին Պողոսին և միգուցե իրենց առաջիկա անելիքների շարքում ծրագրում էին նաև դասավանդել հեռավոր մի գյուղում, պատկերացնում էին մարտահրավերներով լի, սակայն խոստումնալից և, ինչո՞ւ ոչ, հայրենանվեր այդ ուղին: Ամեն դեպքում, հուզող հարցերը շատ էին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Իսկ ոմանք էլ տեղում այս կարևոր շարժմանը միանալու որոշում կայացրին:

Վերջում կազմակերպվեց մասնագիտական խաղ-վիկտորինա, իսկ հաղթող թիմը Հիմնադրամի կողմից նվերներ ստացավ:

 

 

 

Նորություններ

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության…