Անակնկալներ Ակադեմիայի տարեդարձի առթիվ

Մայիսի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան իր աշխատողներին ընդունեց տոնական տրամադրությամբ: Առիթը Ակադեմիայի 30-ամյա հոբելյանն էր, ինչի կապակցությամբ ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդը հաճելի անակնկալ էր պատրաստել. նախասրահում սիրված դասական մեղեդիներով աշխատողներին և պրոֆեսորադասախոսական կազմին դիմավորեց աղջիկների «Վիվալդի» լարային տրիոն:

Մթնոլորտը հագեցած էր տոնական շնորհավորանքներով ու ծաղիկների պերճանքով: Տոնական տրամադրությունը շարունակվեց Ակադեմիայի բակում շատրվանի բացման արարողությամբ: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը նախ շնորհավորեց ակադեմիականներին հոբելյանի կապակցությամբ, ապա ներկայացրեց շատրվանի հեղինակին` Ակադեմիայի կառավարման ամբիոնի դասախոս Արմեն Արզումանյանին: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Արզումանյան ընտանիքին Ակադեմիային ընծայած այս շատրվանի համար: Նրա խոսքով, Ակադեմիայի բակի փոքրիկ հանգստյան գոտին շատրվանի շնորհիվ այսուհետև ավելի գրավիչ ու զով կլինի:

Իր հերթին Ա. Արզումանյանը շնորհավորեց բոլորին Ակադեմիայի տարեդարձի առթիվ` մաղթելով նոր ձեռքբերումներ կառավարման համակարգի համար որակյալ կադրեր պատրաստելու խիստ կարևոր գործում:

Հիշեցնենք, որ ուղիղ 30 տարի առաջ այս օրը` մայիսի 24-ին է ՀՀ կառավարությունն ընդունել N 240 որոշումը ՀՀ կառավարման դպրոց հիմնելու մասին: Կառավարման դպրոցի և նրա իրավահաջորդ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նպատակը ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ կառավարությունում, գործադիր իշխանության հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու համար պետական ծառայողներ պատրաստելն ու վերապատրաստելն էր: Անցած երեք տասնամյակների ընթացքում Պետական կառավարման ակադեմիան հավատարիմ է մնացել իր առաքելությանը:

Leave a Reply