Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամրապնդվում է Լիբանանի Հայկազյան համալսարանի հետ կապը

 

 

Նոյեմբերի 22-ին Պետական կառավարման ակադեմիան հյուրընկալեց Լիբանանի Հայկազյան  համալսարանի (Բեյրութ) հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Հայկազեան հայագիտական հանդէս (Հայկազյան հայագիտական հանդես, Հայկազյան համալսարանի հրատարակչություն, Բեյրութ)» տարեգրքի պատասխանատու քարտուղար-խմբագիր դոկտոր Անդրանիկ Դաքեսյանին:  

Հիշեցնենք, որ Հայկազյան համալսարանի հետ Ակադեմիայի համագործակցության հիմքը դրվել է դեռևս 2013 թվականից, երբ Ակադեմիայի մի քանի ուսանողներ կառավարչական պրակտիկան անցկացրեցին Լիբանանում` սփյուռքում միակ հայկական համալսարանում` այնտեղ մասնակցելով ամառային դասընթացի և գործնական աշխատանքների: Այնուհետև, փորձի փոխանակման նպատակով Լիբանանի Հայկազյան համալսարան այցելեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցները:

Դոկտոր Դաքեսյանի առաջին հանդիպումը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի հետ էր: Երկու քաղաքագետների կապը շարունակական է. նրանք մշտապես քննարկում են տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, դրանցով պայմանավորված փոփոխությունները, հայկական ինքնության պահպանման արդի հիմնախնդիրները, մարտահրավերները:

ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանի հետ հանդիպման ժամանակ դոկտոր Դաքեսյանը շեշտեց Հայաստան-Լիբանան կապի է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը հատկապես գիտական մտքի զարգացման ուղղությամբ: Ուստի համագործակցության նոր հեռանկար դիտարկվեց Հայկազյան հայագիտական հանդեսում հայ հեղինակների, պրոֆեսորների, ասպիրանտների կողմից կարևոր ոլորտներում կատարվող հետազոտությունների, դրանց վերաբերյալ հոդվածների տպագրության կազմակերպումը: Նշենք, որ այս հայագիտական հանդեսը բացառիկ է այն առումով, որ Բեյրութում միակ հայատառ գիտական հանդեսն է, որտեղ տպագրվում են նաև արաբերեն ու անգլերեն հոդվածներ: Ամենամյա այս գիտական հանդեսը պարունակում է շուրջ 1000-1500 հոդված, որոնցում շոշափվում են արդիական թեմաներ, ներկայացվում են կենսական ոլորտների հիմնախնդիրներ: Հանդեսը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով:

Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը, ողջունելով հնչած առաջարկները և կարևորելով այս հանդիպումը, նշեց նաև ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» գիտական հանդեսի կարևորության մասին: Համագործակցության հերթական քայլը երկու հեղինակավոր հանդեսներում երկու հաստատությունների ներկայացուցիչների հոդվածները տպագրելու մասին պայմանավորվածությունն է:

Համագործակցությունը կշարունակվի նաև կրթական հաստատությունների ուսանողների գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման, ինչպես նաև արդի թեմաներով համատեղ գիտաժողովների անցկացման ուղղություններով: 

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ևս մեկ անգամ կարևորեցին սփյուռքահայ օջախների միջև կապի ամրապնդումը, հայկական սփյուռքի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արդյունավետ հաղորդակցության պահպանումը:

 

 

 

Նորություններ

Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատվական հարթակը…