Ակադեմիայում կրթության որակի մշակույթ է ձևավորվում

Անցնող շաբաթը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հայտարարված էր որակի շաբաթ: Ակադեմիայի որակի ապահովման կենտրոնը շաբաթվա շրջանակում մի շարք միջոցառումներ էր նախատեսել` Ակադեմիայի դասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների ուշադրությունը կրթության որակի ապահովման վրա սևեռելու, առկա խնդիրները քննարկելու և հաստատությունում կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլեր մշակելու նպատակով: Ամենածավալուն միջոցառումը առաջին կուրսի ուսանողների համար կազմակերպված դասախոսություններն էին: Առանձնահատուկն այն էր, որ դասախոսություն էին կարդում նույն մասնագիտության իրենց ավագ ընկերները` երկրորդ կուրսեցիները կամ ասպիրանտները: Ակնկալվում էր, որ նորարարական այս մոտեցմամբ «դասախոսները» նոր հմտություններ ձեռք կբերեն, կկատարելագործեն իրենց խոսքի մշակույթը, կսովորեն կառավարել լսարանը: Ի պատիվ մեր ուսանողների` պետք է ասել, որ դասախոսի դերում հանդես եկող բոլոր ուսանողներն էլ տիրապետում էին նյութին և իրենց ուղղված հարցերին հիմնականում սպառիչ պատասխաններ էին տալիս: Լսարաններում անկաշկանդ մթնոլորտ էր ստեղծվում, ինչը հնարավորություն էր տալիս ուսանողներին ազատորեն իրենց հուզող հարցերն ուղղելու «դասախոսին»: Արդյունքում արդիական թեմաների վերաբերյալ թեժ քննարկումներ էին ընթանում:

Որակի շաբաթվա ընթացքում ուսանողները մասնակցեցին վարպետաց դասերի: Հենց առաջին օրը ակադեմիականները հյուրընկալեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին: Նրա բանախոսության թեման էր «Մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամային իրավիճակում», գլխավոր ուղերձը` լինել բացառիկ պրոֆեսիոնալ և բարեվարք: Վարպետաց դաս անցկացրեց նաև ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը: Ներկայացնելով «Սոցիալ-տնտեսական համաթվեր» թեման` բանախոսը, այնուամենայնիվ, զգուշացրեց, որ «համաթվերը հուշում են, բայց չեն պարտադրում»:

Որակի շաբաթվա ընթացքում սովորողներին հնարավորություն էր տրվել Ակադեմիային և ուսուցմանը վերաբերող իրենց առաջարկությունները գրել նշումների թղթերի վրա և փակցնել «Որակի ծառին», որը տեղադրված էր Ակադեմիայի երկրորդ հարկի սրահում: Շաբաթվա վերջում «ծառն» առատ «պտուղներ» էր տվել: Ուսանողների առաջարկները բազմազան էին` ավելի շատ գործնական դասաժամեր, օնլայն հավելված` հանձնարարականները, գնահատականները և այլ տվյալներ տեղադրելու համար, թրեյնինգների կազմակերպում տարբեր կառույցներում, բարձրակարգ մասնագետների հետ շփվելու ավելի մեծ հնարավորություն և այլն: Որոշ առաջարկներ էլ վերաբերում էին կազմակերպչական, անգամ կենցաղային հարցերի կարգավորմանը` տարածքի լուսավորություն, ավելի երկար դասամիջոցներ, կախիչների և աղբամանների առկայություն լսարաններում, գրող մարկերներ, փոքրիկ բուֆետ և այլն:

Նոյեմբերի 17-ին որակի շաբաթն ամփոփվեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի և Ակադեմիայի կրթության որակի պատասխանատուների հետ համատեղ քննարկմամբ: ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Սոնա Պողոսյանը նշեց, որ կենտրոնի գործունեությունն ուղղված է Ակադեմիայում կրթության որակի մշակույթի կատարելագործմանը: Իսկ Ակադեմիայի ռեկտորը շեշտեց որակի ապահովման գործընթացում բոլոր ստորաբաժանումների ներգրավվածության անհրաժեշտությունը:

Leave a Reply