Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Պատռել» քաղաքական ժամանակը և դուրս գալ դեպի անվտանգ ու երջանիկ ապագա. Մարիամ Մարգարյանի մենագրության հիմնական ուղերձը

 

 

Հայ քաղաքագիտական մտքի գրադարանը հարստացավ ևս մեկ՝ իր տեսակի մեջ առանձնահատուկ աշխատությամբ. լույս է տեսել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը:

Մենագրության մեջ ուսումնասիրված է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք: Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության սկզբունքների վրա: Վերարժևորված է հայ քաղաքական մտքում ձևավորված և ժամանակի մարտահրավերներին դիմակայած «Հոգևոր Հայաստանի» գաղափարը, որի հիմքը մրցունակ կրթությունն ու գիտությունն են և դրանց հիման վրա՝ ինքնորոշման արվեստը:

Գրքի տպագրությանն անհամբերությամբ սպասողները հուլիսի 3-ին «Նոյյան տապան» գրատանը մասնակցեցին «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» գրքի շնորհանդեսին, առիթ ունեցան շնորհավորելու հեղինակին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ձեռք բերելու գրքի առաջին օրինակները՝ հեղինակի մակագրությամբ:

Մարիամ Մարգարյանին առաջինը շնորհավորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց, որ պրոֆեսոր Մարգարյանի ութերորդ աշխատությունը իր ուրույն տեղն է ունենալու հայկական քաղաքական մտքի գանձարանում:

«Այս ուսումնասիրությանը հպանցիկ ծանոթությունն անգամ ցույց է տալիս, որ այն կարևոր ձեռքբերում է ոչ միայն Պետական կառավարման ակադեմիայի, այլև առհասարակ Հայաստանի քաղաքագիտական հանրության համար,- ասաց Արսեն Լոքյանը:- Կարծում եմ, որ այն սեղանի գիրք է դառնալու ոչ միայն ուսանողների ու դասախոսների համար, այլև բոլոր նրանց, ովքեր կարևորում են քաղաքական զարգացումները հատկապես արդի ժամանակաշրջանում»:

Դիմելով տիկին Մարգարյանին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորը շնորհակալություն հայտնեց հանրությանը նման նվեր մատուցելու համար՝ մաղթելով նրան անսպառ եռանդ և համոզմունք հայտնելով, որ պրոֆեսորի հերթական գլուխգործոցներից մեկը հանդիսացող այս գիրքը ծառայելու է մեր գիտական հանրությանը:

Ներկաների շարքում առանձնանում էին Մարիամ Մարգարյանի ուսանողները: Հատկապես նախկին ուսանողները, արդեն հետադարձ հայացք նետելով իրենց անցած ճանապարհին, երջանկություն են համարում պրոֆեսոր Մարգարյանի ուսանողը լինելը: Նաև խոստովանում են, որ իրենց գաղափարական զարգացման գործում տիկին Մարգարյանի ազդեցությունն ու դերը չափազանց մեծ է եղել:

«Ոչ բոլորի բախտն է բերում ունենալ այնպիսի դասախոս, որի մեկ դասաժամի ընթացքում հնարավոր լինի այդքան խտացված, կարևոր ու արդիական տեղեկություն ստանալ,- ասաց Աննա Ալեքսանյանը՝ դիմելով Մարիամ Մարգարյանին:Ձեր գրքերն առանձնանում են հատկապես նրանով, որ գլոբալացումն ու արդիականացումն ընդունելու Ձեր հորդորը մշտապես ուղեկցվում է երբեք ազգային նկարագիրը չանտեսելու կոչով: Ամենակարևորը՝ Դուք հորդորում եք, ընդունելով համակեցության նորմերը, երբեք չմոռանալ անձի անհատականության մասին, չկորցնել սեփական դեմքը: Շնորհավորելով Ձեզ՝ ես նաև մեզ եմ շնորհավորում Ձեր ժամանակակիցը լինելու համար»:

Մենագրության թեմային անդրադառնալով՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանն ասաց, որ տիկին Մարգարյանը գերբարդ խնդիր է փորձել լուծել, մանավանդ ներկա հետհեղափոխական Հայաստանում: Միևնույն ժամանակ նշեց, որ ամենաիսկական ժամանակն է նման աշխատանքի հրատարակման.

«Բարդությունն այն է, որ պրոֆեսոր Մարգարյանը թեման քննարկել է Հայաստանի Հանրապետության օրինակով, ինչը շատ ավելի դժվար է, քան կարող էր լինել պարզապես ընդհանուր անդրադարձը: Սակայն վստահեցնում եմ, որ պրոֆեսոր Մարգարյանին սա հաջողվել է, և կարծում եմ՝ այս գիրքը պետք է դառնա յուրաքանչյուր քաղաքական գործչի, գործող իշխանությունների սեղանի գիրքը, որովհետև այս գրքից շատ բան կարելի է սովորել»:

Երկար տարիների իր աշխատանքի արդյունքին Մարիամ Մարգարյանն առանձնակի խանդաղատանքով է վերաբերվում: Դա ակնհայտ երևում է նաև գրքի շապիկի ձևավորումից: Հեղինակի համոզմամբ, շապիկն այնպիսին պետք է լինի, որ մինչև գիրքը բացելը ընթերցողին ստիպի խորհել այն թեմայի շուրջ, որին հետո պետք է ծանոթանա աշխատությունն ուսումնասիրելիս: Այլ կերպ ասած՝ շապիկը պետք է համապատասխանի գրքի բովանդակությանը:

«Երկար մտորելուց հետո հասկացանք, որ այն պետք է փնտրել մեր մշակույթում,- ասաց տիկին Մարգարյանը:- Եվ ընտրեցինք Երվանդ Քոչարի «Մարդքաղաք» գրաֆիկական աշխատանքը: Մարդ, որն ունի քաղաքակրթվելու հրամայական, մարդ, որը պետք է դիմանա մարտահրավերներին, մարդ, որը պետք է չկորցնի դեմքը, ունենա ինքնություն, մարդ, որը պետք է առնչվի իշխանության հետ և վերջապես իրականացնի իշխանություն: Այս հարթության վրա ենք կարևորել Քոչարի նկարը»:

Պրոֆեսորը ներկայացրեց մենագրության կառուցվածքը: Այն բաղկացած է հինգ գրքից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին տրամաբանությունը, հետևաբար կարող էր նաև որպես առանձին գիրք հանդես գալ:

Այնուհետև պրոֆեսոր Մարգարյանը խոսեց քաղաքական արդիականացման մասին՝ որպես քաղաքական գիտության մեջ շատ բարդ ու բազմաչափ տեսության: Նշեց, որ իր նպատակն է եղել մեկնաբանել «քաղաքական արդիականացման էվոլյուցիան, հատկապես քաղաքակրթական այն շերտը, որն առնչվում է մեզ և հնարավորություն կտա մեզ դուրս գալու քաղաքական զարգացման այն ճգնաժամերից, որում գտնվում են քաղաքական արդիականացման բազմաչափ գործընթաց թևակոխող բոլոր նորանկախ երկրները»:

Քաղաքական արդիականացումը ենթադրում է քաղաքական համակարգի բնականոն փոփոխություններ, որը հնարավորություն կտա հասարակությանը՝ «պատռել» քաղաքական ժամանակը և դուրս գալ դեպի անվտանգ ու երջանիկ ապագա. հենց այս գաղափարն է ուզում տեղ հասցնել Մարիամ Մարգարյանը՝ աշխատության մեջ կարևորելով հայկական քաղաքակրթության մրցունակությունը:

«Մարդկության քաղաքակրթության պատմության մեջ մարդու խնդիրն իր բազմաչափությամբ դիտարկել է Գրիգոր Նարեկացին՝ չլինելով քաղաքական արդիականացման տեսության մասնագետ,- նշեց պրոֆեսորը:- Նարեկացին ոչ թե Հայկական վերածննդի, այլ հենց Վերածննդի՛ գաղափարախոս է: Եվ նա է ընդգծել, որ քաղաքական արդիականացման համար անհրաժեշտ է ունենալ մարդու գաղափարը, մրցունա՛կ, կենսունա՛կ, ինքնորոշվա՛ծ մարդու գաղափարը»:

Ավելացնենք, որ «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը, որը տպագրության է երաշխավորվել ՀՀ ՊԿԱ գիտական խորհրդի կողմից, նախատեսված է քաղաքական գործիչների, վերլուծաբանների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և այլ բուհերի ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, ինչպես նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդության համար:

 

 

 

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….