Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պարզ, բայց ոչ պարզունակ. ինչպես գրել գիտական հոդված

 

 

«Գրելը ձիրք է, որը կարելի է և պետք է սովորեցնել դեռ տարրական դասարաններում». այսպես սկսեց իր հերթական դասախոսությունը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակազմի համար Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման «Սոլ Փրայս» բարձրագույն դպրոցի կառավարիչների վերապատրաստման գծով տնօրեն, պրոֆեսոր Ֆրանկ Վ. Զերունյանը: Այս անգամ դասախոսությունը «Գիտական հոդվածների պատրաստման և ներկայացման պահանջները» թեմայով էր:

Խոստովանելով, որ անգամ ԱՄՆ-ում դա չեն սովորեցնում, պրոֆեսոր Զերունյանը ներկայացրեց պարզ գրելու մի շարք կանոններ, որոնք պետք է իմանան հատկապես գիտական հոդված գրողները:

Թեև ասելիքը վերաբերում էր անգլերենին, և բերված օրինակներն էլ անգլերեն էին, սակայն դա չնվազեցրեց լսարանի հետաքրքրությունը: Առավել ևս, որ հայոց լեզվում նույնպես կարելի է կիրառել դասախոսության մեջ ներկայացված որոշ կանոններ ու սկզբունքներ:

Պրոֆեսորը խորհուրդ տվեց հետևել «որքան պարզ, այնքան լավ» սկզբունքին և անգամ գիտական հոդվածն այնպես գրել, որ այն հասկանալի լինի ոչ միայն մասնագետների, այլև ընթերցողների ավելի լայն շրջանակի համար: Այսուհանդերձ, հարկավոր է հաշվի առնել, թե ինչ լսարանի համար է գրվում հոդվածը:

Պարզ ու հասկանալի լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կազմել կարճ նախադասություններ, այսինքն՝ յուրաքանչյուր առանձին միտք արտահայտել առանձին նախադասությամբ: Ինչպես նաև՝ խուսափել ավելորդ բառերից ու արտահայտություններից, միտքը ձևակերպելիս ընտրել պարզ, անգամ առօրեական բառեր, չչարաշահել հոմանիշները, իսկ ընդհանուր տեքստը բաժանել պարբերությունների, որոնք ամփոփ միտք են արտահայտում:

Սրանք այն պայմաններն են, որոնք առավել գրավիչ կդարձնեն տեքստը և ընթերցողի մեջ այն կարդալու ցանկություն կառաջացնեն:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե խոսքն այնքան պետք է պարզունակացնել, որ ասելիքը իմաստը կորցնի: Անհրաժեշտ է գրել պարզ լեզվով, սակայն՝ պահպանելով ասելիքը:

Ֆրանկ Զերունյանն անդրադարձավ նաև գիտական հոդվածին առաջադրվող պահանջներին, ծանոթացրեց հոդվածների ձևավորման տեխնիկական կողմին, ներկայացրեց համացանցի հնարավորությունները, օրինակ՝ հոմանիշների շտեմարանից օգտվելու հնարավորությունը, ինչը կհարստացնի լեզուն և առավել հետաքրքիր կդարձնի այն:

 

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…