Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մոլդովայում կայացավ LNSS ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսը

 

 

 

2018 թ. hոկտեմբերի 3-5-ը Մոլդովայում տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսը: Կոնֆերանսի առաջին օրը Ծրագրի մասնակից բուհերի ներկայացուցիչներին հյուրընկալեց Մոլդովայի պետական կառավարման ակադեմիան: Ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Օլեգ Բալանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Մոլդովայում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Կլաուդիա Մելինտեն: ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր, LNSS ծրագրի համակարգող Թերեզա Խեչոյանը ներկայացրեց Ծրագրի երեք տարվա ընթացքն ու ձեռքբերումները: Կատարված աշխատանքների, ընդհանուր արդյունքների և իրենց բուհի վրա Ծրագրի ունեցած ազդեցության, ինչպես նաև վերջինիս իրականացման ընթացքում հանդիպած խոչընդոտների, մարտահրավերների, արդյունքների պահպանման ու տարածման մասին հաշվետվություններով հանդես եկան նաև կոնսորցիումի անդամ բոլոր բուհերի ներկայացուցիչներն ու գրադարանավարները:

Հոկտեմբերի 4-ին կոնֆերանսի մասնակիցներին հյուրընկալեց Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը: Իրենց կատարած աշխատանքները ներկայացրին Ծրագրի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները: Ջերարդ Քուլենը հիմնավորեց «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությունը, իռլանդացի գործընկերներ Ջերալդ Քավանագն ու Պադրիգ Քըրբին խոսեցին LNSS ծրագրում Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի մասնակցության մասին, Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանից Անջելա Ռեպանովիչը ներկայացրեց ծրագրի սկզբում և վերջում շահառու գրադարանավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, իսկ Կրետեի համալսարանի գրադարանի ղեկավար Մանոլիս Կոուկոուրակիսը՝ պիլոտային դասընթացների գնահատման ամփոփ վերլուծությունը: Բուհական գրադարանների ծառայությունների զարգացման իրենց փորձի մասին ելույթներ ունեցան Բելառուսի պետական համալսարանի («LNSS ծրագիրը և բաց մատչելի պահոցների ցանցի զարգացումը Բելառուսում»), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի («Բաց մատչելիությունը Հայաստանում») և Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի («LNSS ծրագրի շրջանակներում ներդրված նորարարական ծառայությունները») գրադարանների ղեկավարները:

Կոնֆերանսին հատկացված երեք օրվա ընթացքում մասնակիցներն այցելեցին Մոլդովայի՝ ծրագրում ընդգրկված երկու բուհերի գրադարաններ, ծանոթացան նրանց ամենօրյա աշխատանքային գործընթացին, պահոցներին և ականատես եղան LNSS ծրագրի շնորհիվ նրանց շոշափելի տեխնիկական վերազինմանը:  

Վերջին օրը նվիրված էր Ծրագրի բյուջեի ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկմանը: Արդյունքում ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների՝ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի ինը բուհի գրադարանների ղեկավարները համագործակցության և գործընկերության հուշագիր ստորագրեցին, որով վերահաստատում էին իրենց պատրաստակամությունը LNSS ծրագրի ընթացքում մշակված մոդուլների, գրադարանային ծառայությունների բարելավման, մասնագիտական կարողությունների կատարելագործման և այդ ոլորտում լավագույն փորձի փոխանակման գործում ինչպես կոնսորցիումի անդամ, այնպես էլ նրանից դուրս գործող բուհական և հանրային գրադարանների մասնագետների շրջանում:

Կոնֆերանսի ավարտին ծրագրի բոլոր շահառուներն ու գործընկերները շնորհավորեցին միմյանց և շնորհակալություն հայտնեցին LNSS ծրագրի համակարգող տիկին Թերեզա Խեչոյանին  հաջողված ու արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեցին, որ իրենց երեք տարվա ձեռքբերումներն ու կապերը նոր գաղափարների ու ծրագրերի շուրջ համախմբվելու հիմք կհանդիսանան:

 

 

 

LNSS ծրագրի եզրափակիչ հանդիպում-կոնֆերանսի ֆոտոալբոմ

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………