Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վարպետության դասեր LNSS ծրագրի եվրոպական գործընկերների կողմից (Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ)

 

 

Ավարտին է մոտենում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագիրը: Ծրագրի կոնսորցիումի անդամ են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Գորիսի պետական համալսարանը: Ծրագրի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Երեք տարի շարունակ ծրագրի անդամ բուհերի ներկայացուցիչները (գրադարանավարներ, ուսանողներ, դասախոսներ) մասնակցել են բազմաթիվ սեմինարների, աշխատաժողովների, տարբեր դասընթացների, այցելել են մի շարք գրադարաններ, ծանոթացել նրանք գործունեությանը: Սեպտեմբերի 7-ին Ծրագրի շրջանակում հերթական մեկշաբաթյա սեմինարը մեկնարկեց Գորիսի պետական համալսարանում: Սեպտեմբերի 10-14-ը այն կշարունակվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ նախորդ երեք տարվա ձեռքբերումներն ամփոփելու, ծրագրի մասնակիցների կողմից մշակված ութ մոդուլները և նոր հնարավորությունները քննարկելու նպատակով:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Արդյունավետ համագործակցության համար նա շնորհակալություն հայտնեց Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանավար Ջերալդ Քավանագին և նույն ինստիտուտի գրադարանի հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ծրագրի պատասխանատու Պադրիգ Քըրբիին: Նաև հույս հայտնեց, որ արդեն ամրապնդված բարեկամությունը այս ծրագրի հետ չի ավարտվի. բոլոր նախադրյալները կան նաև այլ ծրագրերի շրջանակներում համագործակցությունը շարունակելի դարձնելու համար:

Ծրագրի եվրոպական գործընկերները նույնպես շնորհակալություն հայտնեցին իրենց հայ գործընկերներին, ևս մեկ անգամ շեշտեցին Ծրագրի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինչպես այս սեմինարի ընթացքում, այնպես էլ հետագայում իրենց մասնագիտական կարողություններով օգտակար լինելու հայաստանյան բուհերի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների խթանմանը:

Նորություններ

Տեղեկացնում ենք, որ ձեր էլեկտրոնային հասցեները ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Ուսումնամեթոդական վարչություն՝ նոյեմբերի 23-ին…..