Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եթե որոշել եք զբաղվել գիտությամբ…

 

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) նախաձեռնել է դասընթացների շարք՝ «Գիտական գրագիտություն և բարեվարքություն» խորագրով: Դասընթացների նպատակը գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող և այդ ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդներին որոշակի գիտելիքներ փոխանցելն է, ինչպես նաև կազմակերպական հմտություններ ուսուցանելը:

ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ դասընթացներ կազմակերպելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ հայցորդները երբեմն չեն տիրապետում գիտական գործունեության վերաբերյալ տարրական մոտեցումների:

«Մենք փորձեցինք այդ բացը լրացնելու առաջամարտիկը լինել, որովհետև չէինք կարող ակնկալել, որ բուհերը կարճ ժամանակում կկարողանան կրթական ծրագրեր մշակել այդ ուղղությամբ,- մեզ հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահը:- Սա առաջին փորձն է, և արդեն պարզ է, որ հաջողված է: Բավական է նշել, որ մեր նախատեսած 40-50 հոգու փոխարեն շուրջ 300 դիմորդ ենք ունեցել: Ուստի ստիպված եղանք ընտրություն կատարել՝ նախապատվությունը տալով նրանց, որոնք պատրաստվում են մոտական մեկ տարվա ընթացքում ատենախոսություն պաշտպանել: Բնականաբար, դասընթացը շարունակական է լինելու, և բոլոր ցանկացողները հնարավորություն են ստանալու մասնակցելու դրանց»:

Սմբատ Գոգյանը նշեց, որ դասախոսություններն ունեն տեսական ու գործնական բաղադրիչներ և կկազմակերպվեն զրույցի մակարդակով ու բաց ձևաչափով: Ունկնդիրները կստանան մի շարք հարցերի հստակ պատասխանները: Օրինակ՝ ի՞նչ է գիտությունը, ի՞նչ են հետազոտությունը, գիտական գործունեությունը, գիտական հոդվածը, գիտական տեքստը, ակադեմիական ազնվությունը, ակադեմիական ազատությունը, գրագողությունը, ատենախոսությունը, գիտական վարկածը և այլն: Բոլոր դասընթացավարները գիտական աստիճան ունեցող անձինք են, իրենց ոլորտներում հարգված մասնագետներ և համապատասխանում են սահմանված բարձր չափանիշներին: Դա բխում է ԲՈԿ-ում որդեգրված հետևյալ կարգախոսից. «Որևէ արժեք տարածելու համար պետք է նախ ինքդ այդ արժեքը կրողը լինես»:

Դասախոսություններն անցկացվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Նոյեմբերի 29-ին անցկացվեց ծրագրի առաջին դասախոսությունը: Մասնակիցներին նախ ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա նշեց գիտությամբ զբաղվելու կարևորությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ընթացող գլոբալացման և դրան զուգահեռ գլոկալիզացման գործընթացների պարագայում:

«Այսօր գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող արագընթաց փոփոխությունների պարագայում գիտությամբ զբաղվելը մի կողմից ավելի հեշտ ու մատչելի է այդ տեխնոլոգիաների շնորհիվ, մյուս կողմից գիտության ոլորտում ակնհայտ է ահագնացող մրցակցություն: Եվ շատ կարևորվում է գիտությամբ զբաղվելու տեխնոլոգիաներին տիրապետելը»:

Արսեն Լոքյանը դասընթացի մասնակիցներին տեղեկացրեց, որ գիտությամբ զբաղվող անձանց համար այսօր ստեղծվում են էլեկտրոնային հարթակներ, որտեղ իրենց աշխատանքները կարող են տեղադրել նաև մագիստրանտներն ու ասպիրանտները: Այդ հարթակները ապահովում են գիտական աշխատությունների մատչելիությունն ու թափանցիկությունը: Մեր երկրում նման հարթակ առաջինը ստեղծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ապա՝ Պետական կառավարման ակադեմիայում: ՀՀ ՊԿԱ ռեկտորը հորդորեց ներկաներին իրենց նյութերը տեղադրել այդ հարթակներում:

Նախատեսված է 12 դասախոսություն, որոնք անցկացվելու են երեք շաբաթում՝ ուրբաթ և շաբաթ օրերին:

 

 

Նորություններ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9 – 14-Ը