Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ հնարավորինս հեռու ապագայում». Թևան Պողոսյան

 

 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հանդիպումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտների հետ ավելի շուտ երկխոսություն էր, քան պարզապես դասախոսություն: Ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի առաջարկով այս անգամ քաղաքագետն անդրադարձավ Արցախյան հիմնախնդրի զարգացման արդի հիմնախնդիրներին՝ հընթացս լսելով իր ապագա գործընկերների տեսակետներն ու կարծիքները և, իհարկե, պատասխանելով հնչած հարցերին:

Թևան Պողոսյանի ընկալմամբ, Արցախյան հիմնախնդիրը դեռևս 1918-ին է ձևավորվել, երբ տարածաշրջանում տեղի էին ունենում մեծ փոփոխություններ, նոր պետություններ էին ձևավորվում և տարածքների վերաբաշխում էր կատարվում: Այդ ընթացքում ստեղծված արցախյան հակամարտությունը շարունակվեց նաև Սովետական Միության սկզբնական շրջանում: Քաղաքագետը վստահեցնում է, որ բոլոր այդ 70 տարվա ընթացքում Արցախի հայությունը երբևէ չի հաշտվել ինքնավար մարզի կարգավիճակում Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքի հետ: Արցախը Հայաստանի հետ միավորելու հարցը պարբերաբար քննարկվել է, և լուծման ուղիներ են փնտրվել: Սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է հարցի վերջնական լուծմանը: 1988-ին կարծում էին, թե այն հնարավոր է լուծել իրավական ճանապարհով, սակայն, ինչպես հայտնի է, իրադարձությունները բոլորովին այլ ճանապարհով ընթացան:

Անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում խնդրի լուծման բազմաթիվ ձևաչափեր են առաջարկվել, տարբեր պլաններ ու ծրագրեր մշակվել երրորդ ուժերի՝ այլ երկրների կողմից, սակայն ակնհայտ է, որ չի գտնվել բոլորին բավարարող և հակամարտությունը մեղմող որևէ տարբերակ: Թևան Պողոսյանի խոսքով, բոլոր այդ ծրագրերի մշակմանը մասնակցող երկրներն առաջին հերթին իրենց սեփական շահերն են հետապնդել, և Արցախի հարցը մնացել է օդում կախված: Բանախոսը կարծում է, որ որևէ պլան մեր խնդիրը չի լուծելու, եթե դա մեր՝ Հայաստանի և հայ ժողովրդի  պլանը չէ: Նրա խոսքով՝ խնդրի լուծումը մենք պետք է սկսենք մեր մտածելակերպը փոխելուց: Մենք մեր հույսը մե՛զ վրա պետք է դնենք, ունենանք հզոր բանակ և պատրաստ լինենք պատերազմի: Իսկ ամենակարևորը՝ ազգովի նպատակ դնենք մեր առջև, հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ հնարավորինս հեռու ապագայում և քայլ առ քայլ փորձենք հասնել մեր նպատակին:

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…