Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ֆրանկ Վ. Զերունյան. «Իմ դպրոցի շրջանավարտի պատիվը ի՛մ պատիվն է»

 

 

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանն իր վարկանիշով երկրորդ տեղում է ԱՄՆ համալսարանների լավագույն տասնյակում: Համալսարանի հանրային քաղաքականության և կառավարման «Սոլ Փրայս» բարձրագույն դպրոցի կառավարիչների վերապատրաստման գծով տնօրեն, պրոֆեսոր, մեր հայրենակից  Ֆրանկ Զերունյանը այս օրերին Հայաստանում է: Առիթն օգտագործելով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան հունիսի 25-ին կրկին հյուրընկալեց պրոֆեսորին, որը դասախոսություն կարդաց աշխատակազմի համար՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով:

Բնականաբար, ցանկացած համալսարանի առաջնահերթ խնդիրը որակյալ և մրցունակ կրթություն ապահովելն է: Ընդհանուր առմամբ, համալսարանների որդեգրած սկզբունքները, կառավարման մեթոդները, ուսումնական ծրագրերն ու այլ բաղադրիչներ, որոնք միտված են լավագույն կրթության ապահովմանը, նման են միմյանց, սակայն յուրաքանչյուր համալսարան ունի նաև միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ, որոնց հիման վրա ձևավորվում է տվյալ համալսարանի վարկանիշը:

Ֆրանկ Զերունյանը Ակադեմիայի աշխատակազմին ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվում ուսումնական գործընթացը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և հատկապես հանրային քաղաքականության ու կառավարման բարձրագույն դպրոցում:

Պարզվում է՝ հեշտ չէ նման բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատություն ընդունվելը, ապա նաև՝ այնտեղ սովորելը: Անգամ պարզ վիճակագրությունն է այդ մասին վկայում: Օրինակ՝ 2018-ին համալսարան է դիմել 65 հազար հոգի, սակայն ընդունվել է 8300-ը: Ընդունելությունը բավական խիստ պահանջներով անցկացվող գրավոր քննությունների միջոցով է կատարվում, ընդ որում, հատկապես կարևորվում է քննությունների ընթացքի առավելագույն թափանցիկությունը:

Ընդհանրապես, համալսարանի գործունեության հիմքում թափանցիկությունը շատ կարևոր գործոն է:

Համալսարանի բյուջեի ձևավորման գործում շատ մեծ դեր ունի նվիրատվությունը: Բազմաթիվ ունևոր մարդիկ գումար են նվիրում համալսարանին, որպեսզի նրա որևէ կառույց կոչվի իրենց անունով: Օրինակ՝ այն դպրոցը, որը ներկայացնում է պրոֆեսոր Զերունյանը, Սոլ Փրայսի անունն է կրում:

Պրոֆեսորի խոսքով՝ դպրոցի գործունեության հիմքում ընտանիքի գաղափարն է: Համալսարանի բոլոր ուսանողները, իրենց ծնողներով, քույր ու եղբայրներով հանդերձ, այդ մեծ ընտանիքի անդամներ են համարվում, և դա համալսարանի ամենամեծ հարստությունն է: Այդ մշակույթն է միավորում նաև բոլոր շրջանավարտներին: Նրանցից յուրաքանչյուրն իրեն պարտավորված է զգում ավարտելուց հետո որևէ լավ բան անել այն հաստատության համար, որն իրեն տվել է ամենակարևորը՝ կրթություն: Եվ յուրաքանչյուրն իր հնարավորության չափով աջակցում է համալսարանին, ինչի շնորհիվ ձևավորվում է պատկառելի միջոցներ ունեցող բյուջե. Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարեկան բյուջեն 6 միլիարդ դոլար է կազմում: Այդ միջոցներով սովորելու հնարավորություն է տրվում  նաև անվճարունակ, սակայն քննությունները հաղթահարած ուսանողներին:

«Աղքատությունը պատճառ չէ, որ ձիրք ունեցող ուսանողը չսովորի»,- ասում է պրոֆեսոր Զերունյանը:

Պրոֆեսորն առավել հանգամանորեն անդրադարձավ նաև համալսարանի կառավարման սկզբունքներին, խոսեց հատկապես իրենց դպրոցի կառուցվածքի, այստեղ գործող որակի հանձնաժողովի մասին: Վերջինիս պարտականությունը կրթական գործընթացում ներառելուց առաջ դասավանդվող առարկաների ծրագրերն  ուսումնասիրելն է, դրանք գիտության առաջընթաց տեմպերի հետ համադրելը:

Պրոֆեսոր Զերունյանն իր զարմանքն արտահայտեց հայաստանյան կրթական միջավայրում նկատած մի քանի տարօրինակ իրավիճակի վերաբերյալ՝ դասերից բացակայելը, ուշանալը և դասի ժամանակ հեռախոսից օգտվելը: Պարզվում է՝ նման խնդիրների իրենք երբևէ չեն բախվում, որովհետև իրենց կրթական մշակույթում այդպիսի վարքագիծն ընդհանրապես բացակայում է:

«Իմ լսարանում ինձնից ավելի միայն Աստված է»,- ասում է Ֆրանկ Զերունյանը:

Ուսանողն իրավունք ունի տվյալ դասից բացակայելու ընդամենը երկու անգամ, այն էլ՝ միայն հարգելի պատճառով: Բացակայելիս էլ և՛ ուսանողը, և՛ դասավանդողը պարտավոր են լրացնել բաց թողածը: Եվ դա ոչ թե կրթական հաստատությունն է պարտադրում, այլ բարձր ինքնագիտակցությունը.

«Հարգելի բացակայությունը ես պարտավոր եմ լրացնել, որովհետև կրթություն տալը իմ կոչումն ու պարտականությունն է: Չէ՞ որ իմ դպրոցի շրջանավարտի պատիվը ի՛մ պատիվն է»:

Ի վերջո, ոչ ոք որևէ ուսանողի չի պարտադրում սովորել, համալսարան են գալիս սովորելու ցանկություն ունեցողները: Հետևաբար պարտավոր են հարգել ընդունված կարգը:

Նշենք, որ լսարանը մեծ հետաքրքրությամբ լսեց դասախոսությունը՝ բազմիցս այն ընդհատելով հետաքրքրող հարցերով, համեմատություն անցկացնելով ամերիկյան և հայաստանյան կրթական համակարգերի միջև, արձանագրելով ուսանելի և ընդօրինակելի կողմերը:

Վաղը պրոֆեսորը երկրորդ հանդիպումը կունենա Պետական կառավարման ակադեմիայի ամբիոնների վարիչների, ասպիրանտների, հետազոտողների հետ: Այս անգամ թեման «Գիտական հոդվածների պատրաստման և ներկայացման պահանջներն» են:

 

 

Նորություններ

Հունվարի 15-ին Ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ…