Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Երբ դիպլոմը ոչ թե ավարտի, այլ մեկնարկի խորհրդանիշ է

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2018-2019 ուստարվա շրջանավարտները հուլիսի 10-ին ստացան իրենց ավարտական վկայականները «Անի պլազա» հյուրանոցի սրահում: Մինչ հանձնման արարողության մեկնարկը ամենքի ուշադրությունը գրավել էր «կարմիր» դիպլոմերի մեծ քանակը. 188 շրջանավարտից 56-ը Ակադեմիան ավարտում են գերազանցությամբ: Դա հերթական վկայությունն էր այն բանի, որ Պետական կառավարման ակադեմիան շարունակում է հավատարիմ մնալ իր կոչմանը և պատրաստել մրցունակ ու նախաձեռնող կադրեր, որոնք համալրելու են մեր երկրի պետական կառավարման համակարգը:

Շրջանավարտներին իրենց կյանքի կարևոր իրադարձության առթիվ շնորհավորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը.

«Դուք հաղթահարեցիք դժվար, բայց պատասխանատու ուսումնական գործընթացը: Ես վստահ եմ, որ, ի դեմս ձեզ, Կառավարման ակադեմիան այսօր ավարտում են Հայաստանի Հանրապետության ապագա կառավարիչներ, որոնք իրենց առջև դրված խնդիրները կկատարեն մեծ պատասխանատվությամբ՝ գիտակցելով իրենցից յուրաքանչյուրի առաքելությունը,- ասաց ռեկտորը:- Եղեք քաջ, համարձակ, կրեատիվ: Երբեք ու երբեք չվախենաք դժվարություններից: Ցանկացած դժվարություն դիտարկեք նոր հնարավորությունների տեսանկյունից: Խոչընդոտի հանդիպելիս հիշեք ձեր ակադեմիական կրթությունը և այն պրոֆեսիոնալ ու փորձառու մասնագետներին, որոնք ուսումնառության ընթացքում ձգտել են իրենց գիտելիքներն ու փորձը առավելագույնս փոխանցել ձեզ»:

Գերազանցության դիպլոմների մեծ քանակը Արսեն Լոքյանը համարեց աննախադեպ Ակադեմիայի ողջ պատմության ընթացքում:

«Դա նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, թե ինչ նպատակով է մուտք գործել Ակադեմիա և ինչ առաքելությամբ է հեռանում այստեղից»,- ասաց նա:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և վստահեցրեց, որ դիպլոմներ ստանալով ոչինչ չի ավարտվում: Կամ պարզապես ավարտվում է կյանքի մի փուլը միայն:

«Վստահ եմ, որ սրանով չի փակվում Ակադեմիայի դուռը: Ակադեմիան ձեզ համար կլինի այն հաստատությունը, որի դռները միշտ բաց են ձեր առջև: Այսօրվանից դուք դառնում եք Պետական կառավարման ակադեմիայի շուրջ 5000 շրջանավարտներից բաղկացած մեծ ընտանիքի նոր անդամները: Նրանցից շատերն այսօր պետական կառավարման համակարգում շատ բարձր ու պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում: Համոզված եմ, որ դուք համալրելու եք նրանց շարքերը»:

Ուսանողները նույնպես իրենց սրտի խոսքը հղեցին Ակադեմիային, ողջ անձնակազմին ու պրոֆեսորադասախոսական կազմին, շնորհակալություն հայտնեցին այստեղ ստացած գիտելիքների, հմտությունների համար և խոստացան հավատարիմ մնալ Ակադեմիայի կարգախոսին. «Եղի՛ր պետական կառավարման ակադեմիայի ուսանող այսօր, դարձի՛ր հեղինակավոր առաջնորդ վաղը»:

Շրջանավարտներին դիպլոմները հանձնեցին ՀՀ ՊԿԱ ռեկտորը և համապատասխան ամբիոնների վարիչները: Իսկ հետո՝ շնորհակալություններ, շնորհավորանքներ, ծափահարություններ, ծաղիկներ և իհարկե՝ լուսանկարների միջոցով պահը հավերժացնելու մեծ ցանկություն: Իսկ ամենակարևորը՝ վստահություն, որ այս հրաժեշտը կյանքի մի նոր փուլի մեկնարկ է, փուլ, որտեղ այսօրվա շրջանավարտներից յուրաքանչյուրը ձգտելու է իր ներուժն օգտագործել ի փառս Հայաստանի Հանրապետության զարգացման:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……