Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամրապնդվում են գիտակրթական կապերը հարևան երկրի հետ

 

2018 թվականի դեկտեմբերի 18-19-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Պատվիրակության կազմում էին ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը, «Գիտության կառավարման հետազոտական կենտրոն» ծրագրի գիտական աշխատողներ Նաիրա Ղազարյանը, Գայանե Հովհաննիսյանը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» ծրագրի գիտական ղեկավար Տիգրան Հարությունյանը և գիտական աշխատող Ջոնի Մելիքյանը: Այցի նպատակն էր ուսումնասիրել Թբիլիսիում գտնվող Կովկասի միջազգային համալսարանի (ԿՄՀ)՝ գիտության կառավարման ոլորտում ունեցած փորձը և հիմք դնել հետագա համագործակցության համար:

 Պատվիրակությունն արժանացավ Կովկասի միջազգային համալսարանի ռեկտոր Քախաբեր Քորդզայայի և համալսարանի աշխատակազմի բարձր ընդունելությանը:

Կովկասի միջազգային համալսարանը հիմնադրվել է 1995 թվականին, պաշտոնական կարգավիճակ է ստացել 2007-ին: Այստեղ բարձրագույն կրթություն են ստանում տարբեր մասնագիտությունների գծով, և, կարելի է ասել, ԿՄՀ-ն Վրաստանում արագ զարգացող համալսարաններից է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու հաստատությունների կրթական ծրագրերը, ուսումնական պլանները, ուսումնական աշխատանքների կազմակերպման գործընթացների մանրամասները, մասնագիտական կրթության որակի ապահովման ընթացակարգերը, ռազմավարական ծրագրերը, լրացուցիչ կրթության համակարգի, վերապատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայկական կողմը ներկայացրեց Պետական կառավարման ակադեմիայում ուսանողության շարժունության ծրագիրը, ինչպես նաև հեռավար հարթակում իրականացվող «Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի հաջող մեկնարկի մանրամասները: Նշվեց, որ հեռավար կրթությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես աշխատող և հեռու բնակավայրերում ապրող անձանց շրջանում: ԿՄՀ ռեկտոր Քախաբեր Քորդզայան ողջունեց ՀՀ ՊԿԱ ջանքերը՝ ուղղված մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցման իրականացմանը:

Կառավարման ակադեմիայի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԿՄՀ-ի նորարարությունների և ռազմավարական զարգացման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկու, նույն դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Օլգա Դորոխանայի  և կառույցի այլ ներկայացուցիչների հետ:

 Այցելության կարևոր արդյունքն այն է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Կովկասի միջազգային համալսարանի միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր՝ փորձի փոխանակման, ուսանողների փոխանակման ծրագրերի, երկկողմ գիտական համագործակցության շրջանակների ընդլայնման, հայ-վրացական գիտական կապերի ամրապնդման և հետագա զարգացման վերաբերյալ:

  Վերջում պատվիրակության անդամների համար շրջայց կազմակերպվեց նաև ԿՄՀ-ի ուշագրավ գրադարանում և գիտական կենտրոնում:

Նորություններ