Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ամենապահանջված բիզնես-թրեյները «գաղտնազերծեց» բանակցողի «ճամպրուկի» պարունակությունը

Թերևս չկա որևէ բնագավառ, որտեղ հնարավոր լինի հաջողության հասնել առանց բանակցությունների արվեստի գաղտնիքներին լավ տիրապետելու։ Նույնիսկ առօրյա կյանքում հարևանների, ընկերների և ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփումները պահանջում են որոշակի բանակցային գիտելիքներ ու հմտություններ, որոնք առաջացած խնդիրները հաջողությամբ լուծելու նախապայման են։

Ի՞նչ պետք է լինի բանակցողի «ճամպրուկում»․ գործիքներ, որոնք բանակցողն օգտագործում է նպատակին հասնելու՝ իր ապրանքը վաճառելու համար։ Մեր երկրում վաճառքի լավագույն մասնագետներից մեկը՝ ամենաթանկը համարվող բիզնես-թրեյներ Վահե Այվազյանը, երեկ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «գաղտնազերծեց» բանակցողի «ճամպրուկի» պարունակությունը․ նա փորձեց ներկաներին փոխանցել համապատասխան գործիքները՝ նախապես խոստովանելով, որ դրանցից ոչ մեկը 100 տոկոսով չի աշխատում, սակայն կան նաև «ունիվերսալ» գործիքներ՝ գրեթե բոլոր դեպքերի և ոլորտների համար։

Այս անգամ Վահե Այվազյանը գործ ուներ ապահովագրության ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների աշխատակիցները Վահե Այվազյանի «վարպետաց դասին» մասնակցելու առաջարկ էին ստացել ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։ Բանն այն է, որ 2017-2018 ուսումնական տարում ՀՀ ՊԿԱ «Կառավարում» ամբիոնում ներդրվել է «Ապահովագրական գործ» նոր կրթական ծրագիրը, որը սերտ համագործակցում է հայաստանյան ապահովագրական դաշտում գործող ընկերությունների հետ․ Ակադեմիայում այս կրթական ծրագրի մագիստրանտները հիմնականում այդ ընկերությունների աշխատակիցներն են, իսկ դասավանդողները՝ ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետները։

Խոսքը Վահե Այվազյանին փոխանցելուց առաջ թրեյնինգի մասնակիցներին «Ապահովագրական գործ» կրթական ծրագիրը ներկայացրեց ծրագրի համակարգող Տաթևիկ Դանիելյանը։

Այնուհետև բիզնես-թրեյները խոսեց ՀՎՀՀ-ի օրենքի մասին, այսինքն՝ այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն բանակցությունները։ Ըստ նրա՝ Հարազատորեն, Վստահելի, Հակիրճ, Հստակ՝ ՀՎՀՀ։ Իսկ բանակցությունների ընթացքը պետք է պարունակի Ուղղորդում, Առաջարկ, Ուրախություն՝ ՈՒԱՈՒ։

Բանակցողը պետք է տիրապետի «փոքր քայլերի» տեխնիկային, երկար չխոսի առաջարկվող ապրանքի մասին, թույլ տա հաճախորդին ավելի շատ խոսել՝ այդ ընթացքում փորձելով բացահայտել նրա կարիքներն ու շահերը, լսի հաճախորդին՝ նրան հասկանալու և ոչ թե պատասխանելու համար և այլն։

Վահե Այվազյանն իր անձնական փորձից բերված օրինակներով էր հիմնավորում բոլոր այն մեթոդները, որոնց մասին խոսում էր։

Ավելի քան երեք ժամ տևած թրեյնինգն ավարտվեց խաղ-մրցույթով, որի հաղթողները որպես պարգև ստացան Հայաստանի ամենապահանջված բիզնես-թրեյների առաջիկայում անցկացվելիք թրեյնինգին մասնակցելու հնարավորություն։ Իսկ Վահե Այվազյանին Ակադեմիայի հուշանվերն ընծայեց ՀՀ ՊԿ ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը:

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց