Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ԱՄՆ հայկական լոբբինգային կազմակերպությունները ամենահզորն ու ազդեցիկն են

 

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հրավերով ակադեմիականների հետ հանդիպեց ՀՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական ծրագրավորման վարչության պետ Արմեն Եգանյանը: Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության և ամերիկահայ լոբբինգային կառույցների համագործակցության վերաբերյալ դիվանագետի ռազմավարական գնահատականին ծանոթանալն էր:

«Հայաստան-սփյուռք ձևաչափը փոխվեց անկախացումից հետո, ես կասեի՝ 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ աշխարհասփյուռ հայերի ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վրա: Նրանց միջև հեռավորությունը փոքրացավ, և փոխվեց հարաբերությունների բնույթը»,- ասաց Արմեն Եգանյանը և հավաստիացրեց, որ ամենահզոր, ազդեցիկ ու կազմակերպված հայկական լոբբինգը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է:

Եվ քանի որ անկախություն ձեռք բերելուց առաջ Հայաստանը ԱՄՆ-ի հետ պաշտոնական հարաբերություններ չուներ, հայ դիվանագետների համար վերջին երեք տասնամյակը համագործակցության հարուստ փորձ ձեռք բերելու շրջան էր:

Բանախոսը նախ ներկայացրեց Հայաստանից դեպի ԱՄՆ արտագաղթի պատկերը 1991 թվականից հետո, խոսեց արևմտահայ և արևելահայ համայնքների մասին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է կրում ցեղասպանության ծանր ժառանգությունը: Արտագաղթի նոր ալիքը Հայաստանից՝ նոր կյանք սկսելու ակնկալիքով, առանձնահատուկ է նրանով, որ դրանց շարքում մեծ էր Հայաստանի իշխանությունների հանդեպ ագրեսիվ վերաբերմունք ունեցողների թիվը, ինչը, ըստ Արմեն Եգանյանի, խանգարող գործոն էր ԱՄՆ հայկական համայնքին ինտեգրվելու և լոբբիստական գործունեությանը մասնակցելու համար: Վերջիններս չափազանց դանդաղ են ներգրավվում հայկական լոբբինգային գործունեության մեջ, առավել ևս՝ ղեկավար կազմում: Նրանք ակտիվություն հանդես չեն բերում նաև այն պատճառով, որ հիմնականում մասնավոր հատվածում են փորձում դրսևորվել:

«Ի տարբերություն նոր համայնքի՝ հինն ավելի կազմակերպված է, քաղաքականապես ավելի պատրաստված»,- նշեց բանախոսը և խոսեց այն գործիքակազմի մասին, որով նրանք փորձում են ազդեցություն գործել ամերիկացի պաշտոնյաների վրա: Ժամանակակից տեխնոլոգիաները, համացանցը, հատկապես սոցցանցերը նպաստում են, որ դա կատարվի անգամ սակավ ուժերով և համեմատաբար համեստ ֆինանսական ներդրումներով:

ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն իրականացնող երկու կազմակերպությունները, այլ կերպ ասած՝ այդ լոբբինգի հիմնասյուները՝ Ամերիկայի հայկական համագումարը և Հայ դատի հանձնախումբը, թեև հիմնականում նույն նպատակներն են հետապնդում, սակայն, Ա. Եգանյանի խոսքով, որոշակի տարբերություններ ունեն: Եթե Հայ դատն իր ուժերը հիմնականում կենտրոնացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վրա, ապա Ամերիկայի հայկական համագումարի գործունեության օրակարգում նաև ՀՀ զարգացման և Արցախի հիմնախնդիրներն են:

Դիվանագետն ասաց, որ Հայ դատը, ի տարբերություն Համագումարի, գաղափարական հենք ունի, և տեղեկացրեց, որ այդ երկու լոբբինգային կառույցների միջև առկա ճեղքվածքը ԱՄՆ կոնգրեսականներից շատերին ստիպում է զգուշություն ցուցաբերել որոշ հարցերում: Նաև նկատեց, որ այս հարաբերություններում մեծանում է Հայաստանի Հանրապետության դերը. վերջինս չի կարող լոբբինգով զբաղվել, սակայն կարող է նրանցից աջակցություն ակնկալել Ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Արցախի հանրապետություններին օգնելու, Արցախի հիմնախնդրի լուծման հարցերում: Իսկ առաջին լուրջ, հիմնարար հաջողությունը, որ ունեցել է ԱՄՆ հայկական լոբբին, 1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծված ոչ պաշտոնական լոբբինգային խումբն էր, որն այսօր ներառում է շատ ավելի մեծ թվով կոնգրեսականների, քան այլ՝ ավելի հզոր պետությունների նման խմբերը:

Թեմայի համատեքստում գնահատելով իրավիճակը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնյան որպես առաջնահերթ խնդիրներ նշեց ներհամայնքային խնդիրները, համահայկական այն խնդիրները, որոնք բնորոշ են նաև ամերիկահայերին, և ՀՀ-ամերիկահայ լոբբինգային կազմակերպություններ հարաբերությունները:

Դասախոսության շարունակությունը հարց ու պատասխանն էր, ինչը վկայեց, որ լսարանը հետաքրքրված է թեմայով և խնդրի լուծման սեփական տարբերակներն է որոնում:

 

Նորություններ