Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

27 տարի. ակնթա՞րթ, թե հավերժություն

 

  

ՀՀ պետական կառավարման ակադեմիան մայիսի 24-ին նշում է հիմնադրման տարեդարձը: 1994 թվականի հենց այդ օրը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց  Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին: Այդ օրվանից 27 տարի է անցել, 2002 թվականից ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ Կառավարման դպրոցը վերակազմավորվել է «Հայաստանի հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության, հաստատության առջև նոր խնդիրներ են դրվել, սակայն այդ գրեթե երեք տասնամյակի ընթացքում չի փոխվել Ակադեմիայի հիմնական նպատակը՝ պատրաստել և վերապատրաստել արհեստավարժ կադրեր մեր երկրի պետական կառավարման համակարգի համար:

Պետական կառավարման ակադեմիայի 27-րդ տարեդարձը ակադեմիականները նշեցին երկրորդ հարկի միջանցքի պատը զարդարող հսկա ցուցապաստառի բացումով, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացված է կրթօջախի պատմությունը: Ակադեմիայի հնաբնակներին այն տեղափոխում է տասնամյակների խորքը, իսկ երիտասարդությանը պատմում է հաստատության անցած ճանապարհի մասին:

Շնորհավորելով Ակադեմիայի աշխատողներին ու դասախոսներին՝ 27 տարվա հետաքրքիր ու յուրահատուկ ճանապարհին անդրադարձավ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը: Իր խոսքում նա ներկայացրեց մի քանի հանգամանք, որոնք պատիվ կբերեին ցանկացած նման հաստատության:

«Նախ՝ Ակադեմիան կայացած կառույց է հայաստանյան կրթական սպեկտրում, և դա միայն մեր կարծիքը չէ, այդ մասին խոսում են հանրության լայն շրջանակներում,- ասաց ռեկտորը:- Կարևոր հանգամանք է այն, որ Կառավարման ակադեմիայում հրաշալի թիմ է հավաքվել: Չէ՞ որ ամենակարևոր ձեռքբերումը մարդկային ռեսուրսն է՝ մեր աշխատակիցները, դասախոսները, որոնցով հպարտանում ենք, և որոնք անում են իրենց հնարավորությունների առավելագույնը՝ Ակադեմիան ավելի լավը դարձնելու, ուսանողներին ու վերապատրաստվողներին բարձր մակարդակով կրթական ծառայություններ մատուցելու համար»:

Հաստատության զարգացումը բնորոշող մեկ այլ ցուցանիշ է նաև այն, որ Կառավարման դպրոցի ստեղծման առաջին տարվա 38-40 ունկնդիրների փոխարեն այսօր Կառավարման ակադեմիայում շուրջ 800 մագիստրանտ է սովորում, իսկ վերջին տարում վերապատրաստվել է 4000-ից ավելի հանրային ծառայող:

«Սրանք թվեր չեն միայն, այլ լուրջ ցուցանիշներ, որոնք ապացուցում են, թե ինչ կարևոր դերակատարում ունի Ակադեմիան մեր երկրի պետականության կայացման և կադրերի պատրաստման գործում: Այսօր ցանկացած պետական կառույցի տարբեր պաշտոններում կհանդիպեք Ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտների: Ակադեմիայի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ նրա պատիվը բարձր պահող շրջանավարտներն են»:

Մարդկային ռեսուրսներից բացի, Արսեն Լոքյանը Ակադեմիայի ձեռքբերումների շարքը դասեց նաև վերջին տարիներին էականորեն բարելավված նյութատեխնիկական բազան, կրթական նոր ծրագրերը: Նաև շեշտեց այն հանգամանքը, որ համաճարակի շրջանում, երբ շատ բուհերում ոչ կայուն վիճակ էր, մեր անձնակազմի, գործընկերների, ֆինանսական խնայողությունների հաշվին Ակադեմիան էական ցնցումներ չապրեց:

«Համոզված եմ, որ Պետական կառավարման ակադեմիան հետագայում էլ հետաքրքիր զարգացումներ է ունենալու, նոր նշաձողեր է սահմանելու, իր շրջանավարտներով համալրելու է բարձր որակավորում ունեցող կառավարիչների շարքերը: Շնորհավորում եմ Ակադեմիայի այսօրվա անձնակազմին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր երբևէ աշխատել են այստեղ և իրենց լուման են ներդրել կրթօջախի զարգացման գործում: Շնորհավորում եմ նաև բոլոր տարիների շրջանավարտներին և ապագա ուսանողներին»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 27-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Ուղերձում նա նշել էր Ակադեմիայի անգնահատելի ավանդը մեր պետության կայացման ու զարգացման գործում, անդրադարձել հաստատության անցած ոչ դյուրին, սակայն հպարտանալու իրավունք տվող ճանապարհին և համոզմունք հայտնել, որ Ակադեմիայի շրջանավարտները միշտ բարձր կպահեն հարազատ բուհի պատիվը և անմնացորդ նվիրումով կծառայեն մեր հայրենիքին:

Բանավոր շնորհավորանքներին հաջորդեց պատվոգրերի, շնորհակալագրերի ու հավաստագրերի հանձնման արարողությունը, որոնց արժանացան Ակադեմիայի դասախոսներն ու աշխատակիցները: Ի դեպ, «Լավագույն դասախոս» և «Ամենաարհեստավարժ դասախոս» կոչումների հասցեատերերը որոշվել էին ուսանողների շրջանում կատարված հարցախույզի արդյունքում:

Ակադեմիականներին շնորհավորելը առանձնահատուկ հաճույք էր ՀՀ կառավարման դպրոցի առաջին տնօրեն, ՀՀ ՊԿԱ գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանի համար: Նա այս կրթօջախում է վերջինիս հիմնադրման օրվանից, և նրա համար չափազանց հուզիչ էր հիշելը, թե ինչ ճանապարհ է անցել Ակադեմիան այս 27 տարվա ընթացքում՝ առանց ջեռուցման, վառարանով մի կերպ տաքացվող սենյակներից մինչև այսօրվա լուսավոր, գեղեցիկ ու հարմարավետ կահավորված լսարաններ: Շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր սովորել, աշխատել կամ վարչական աշխատանք են կատարել այս կառույցում, Խ. Բեզիրջյանը մաղթեց, որ Կառավարման ակադեմիայի զարգացումը այսպես էլ շարունակվի:

Շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր ասացին նաև հրավիրյալ դասախոսներ Վահան Մովսիսյանն ու Արսեն Այվազյանը: Վ. Մովսիսյանը նույնպես հիշողությունների գիրկն ընկավ, ապա խոստովանեց, որ Ակադեմիայում աշխատելու իր մոտիվացիան ուսանողներն են և գնահատված լինելը: Իսկ Ա. Այվազյանը ասաց, Ակադեմիայում դասավանդելուց հետո է հասկացել, թե ինչու էին տարբեր բուհերի շրջանավարտները գերադասում մագիստրատուրական կրթություն ստանալ հենց այս հաստատությունում: Շատ լավ կազմակերպական աշխատանք, դասախոսների բարձր պրոֆեսիոնալիզմ, բուհի ղեկավարության կողմից անխնա գործադրվող ջանքեր. ահա Ակադեմիայի գրավչության գաղտնիքը:

«Ինձ համար պատիվ է լինել ձեզնից մեկը». Արսեն Այվազյանի այս խոսքերը հպարտությամբ կարող են արտասանել բոլոր նրանք, ովքեր Ակադեմիայի հետ են մի ակնթարթ կամ մի ողջ հավերժություն:

 

 

  

 

Նորություններ

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի և ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հունիսի 15-22-ն…