Սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց «Թվային կառավարում և փոխակերպում» խորագրով ազգային վերապատրաստման եռօրյա դասընթացը` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Միավորված ազգերի կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (UN–APCICT/ESCAP) ջանքերով: Դասընթացի մասնակիցները ՀՀ պետական կառավարման համակարգի քաղաքացիական ծառայողներն են:
Ողջունելով նրանց` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ընձեռված հնարավորության համար և հույս հայտնեց, որ դասընթացը կծառայի իր բուն նպատակին` թվային կառավարման և փոխակերպումների ոլորտում հանրային հատվածի աշխատակիցների գիտելիքների, հմտությունների և կարողությունների բարձրացմանը: Նա մասնակիցներին խնդրեց ակտիվ լինել և առանց կաշկանդվելու մասնակցել քննարկումներին:
ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը նույնպես ողջունեց ներկաներին և վստահեցրեց, որ երեք արդյունավետ աշխատանքային օր են ունենալու: Նա նաև ներկայացրեց UN–APCICT/ESCAP-ի ներկայացուցիչներին` տնօրեն Քիյոնգ Քոյին, ծրագրերի ղեկավար Նուանկաե Վոնգթավատչաիին, «Նեքսուս Եվրոպա» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Շոն Օ̦ Սիոչրուին:
APCICT/ESCAP-ի տնօրեն Քիյոնգ Քոն, որը դասընթացի մասնակիցներին ողջունեց տեսակապի միջոցով Կորեայից, շնորհակալություն հայտնեց, որ ժամանակ են գտել մասնակցելու այս կարևոր դասընթացին: Նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Կառավարման ակադեմիային, ռեկտոր Խ. Ղազեյանին և միջազգային համագործակցության զարգացման կենտրոնի ղեկավար Թ. Խեչոյանին` ծրագրի իրականացմանը և դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար: Ապա մանրամասն ներկայացրեց ծրագիրը:
Նշենք, որ դասընթացի թեման խիստ արդիական է, քանի որ թվային փոխակերպումը և ներառական թվային զարգացումը ՀՀ կառավարությունը հռչակել է կարևոր առաջնահերթություններ, և վերջին տարիներին երկրում զգալի ջանքեր են գործադրվում թվային ենթակառուցվածքի և թվային լուծումների ու ծառայությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես անհրաժեշտություն է թվային տեխնոլոգիաների հզորության օգտագործումը տնտեսական աճը խթանելու և ավելի ներառական ու կայուն հասարակություն ձևավորելու առումով:
«Թվային կառավարում և փոխակերպում» խորագրով ազգային վերապատրաստման դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն և կքննարկեն մի շարք թեմաներ` պետական կառավարման և մասնավոր ոլորտներում թվային տեխնոլոգիաների արագ տարածման և այդ տեխնոլոգիաների` կառավարման վրա ունեցած ազդեցության հարցերը, թվային կառավարման նախագծերի ձախողման պատճառները, թվային կառավարման արդյունավետ վերափոխման համար անհրաժեշտ կանոնակարգերը և իրավական դաշտը, ներառական թվային զարգացման հայեցակարգը և դրա կարևորությունը քաղաքականության մշակման գործում, սոցիալական մեդիայի դերը կառավարման մեջ և դրանց կարևորությունը ազգային քաղաքականության և ծրագրերի մշակման գործում և այլն: